Լրահոս

Սույն թվականի սեպտեմբերի 28-29-ը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ֆինանսատեխնիկական և դիմումների քննարկման վարչության պետ Մերի Ղազարյանը, էլեկտրաէներգետիկական շուկայի բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը, իրավաբանական և դա­տական  սպասարկման բաժնի գլխավոր իրավաբան Ռիտա Գևորգյանը և նախագահի խորհրդական Կարինա Ավագյանը մասնակցել են Էներգետիկայի կարգավորողների եվրոպական խորհրդի (CEER) և ԵՄ-ն հանուն էներգետիկայի (EU4Energy) ծրագրի շրջանակում Հունգարիայում կազմակերպված ուսումնական այցին՝ Հայաստանի և Հունգարիայի էներգետիկ ոլորտի մասնագետների միջև փորձի և տեղեկատվության փոխանակման նպատակով։   Այցի ընթացքում Մերի Ղազարյանը ներկայացրել է սպառողների իրավունքների պաշտպանության, իսկ Լուսինե Հովհաննիսյանը՝ Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման, նոր մրցակցային մոդելի ներդրման և շուկայի զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու արձանագրված արդյունքները։   Քննարկվել են էլեկտրական էներգիայի պահեստավորման կարգավորումները, էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումն ու հաշվեկշռման շուկայի զարգացումը, կարգավորող նորմերի կիրարկման և պատժամիջոցների կիրառման փորձը, կարգավորող և մրցակցության պաշտպանության մարմինների իրավասությունների տարանջատումը, սպառողների իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև վերականգնվող էներգառեսուրսների ոլորտում «Ծագման երաշխիքների» (Guarantees of Origin) կիրառումը։   Ուսումնական այցի շրջանակում այցելություններ են կազմակերպվել MAVIR (Հունգարիայի էլեկտրահաղորդման համակարգի օպերատոր ընկերություն) և Dunamenti Erőmű էլեկտրակայան (ներկայումս համակցված շոգեգազային ցիկլով շահագործվող էլեկտրակայան՝ մարտկոցային (BESS) և էլեկտրական ջրատաքացուցիչ (power to heat) տեղակայանքներով պահեստավորման համակարգերով)՝ էներգետիկ ենթակառուցվածքների և էներգիայի պահեստավորման ժամանակակից լուծումներին ծանոթանալու նպատակով։        

Սույն թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ Հանձնաժողովին տրամադրվող աջակցության շրջանակում տեղի է ունեցել հերթական աշխատանքային հանդիպումը՝ Շվեյցարական զարգացման կազմակերպության՝ Helvetas-ի հայաստանյան գրասենյակի կողմից ֆինանսավորվող «Կինետիք» ընկերության ներկայացուցիչների հետ։    Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հանձնաժողովին տրամադրվող խորհրդատվության ընթացիկ աշխատանքներին, որոնք վերաբերում են «Էներգետիկայի մասին» օրենքի փոփոխություններից բխող՝ էլեկտրաէներգիայի պահեստավորող (կուտակիչ) կայանների գործունեության կարգավորման համար անհրաժեշտ ենթաօրենսդրական իրավական ակտերի մշակման գործընթացին։   Հանդիպման ավարտին հստակեցվել են ընթացիկ քննարկման ենթակա հարցերը և նախանշվել են իրականացվող աշխատանքների վերջնարդյունքի ամփոփման ժամկետները։          

  Սույն թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում «Վի Իքս Սոֆթ» ընկերության ներկայացուցիչները Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին, Հանձնաժողովի անդամներին և աշխատակազմին ներկայացրել են ՀԾԿՀ լիցենզավորման գործընթացների թվայնացման լուծումը։   Կարևորվել են թվային գործիքների կիրառմամբ լիցենզավորման ընթացակարգերի արդյունավետ կազմակերպման հնարավորությունները՝ ներառյալ գործընթացների ավտոմատացումը, հայտերի էլեկտրոնային ներկայացումն ու դրանց ընթացքի վերահսկումը։   Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ձևավորել աշխատանքային խումբ՝ ներկայացված թվայնացման գործընթացների շուրջ վերջնական լուծումներ մշակելու և լիցենզավորման գործընթացների թվայնացման համակարգը ներդնելու ուղղությամբ։        

  Սույն թվականի սեպտեմբերի 30-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում ընդունվել է որոշում, որով սահմանվել է էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրական էներգիայի հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ։   Որոշման համաձայն՝ «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ն մինչև 2026 թվականի դեկտեմբերի 1-ը պարտավոր է իր պաշտոնական վեբ կայքում հրապարակել տեղեկատվություն՝ սահմանված հզորության գործակցի թույլատրելի տիրույթների վերաբերյալ։   Համապատասխան տեղեկատվությունը վերաբերում է էլեկտրաէներգետիկական համակարգի սահմանազատման կետերին, որոնցում բաշխողը և որակավորված սպառողները պետք է ապահովեն իրենց տնօրինության ներքո գտնվող էլեկտրաէներգետիկական համակարգի համապատասխան աշխատանքը՝ սահմանված թույլատրելի տիրույթների պահպանմամբ։   Նոր կարգավորմամբ նախատեսվում է նպաստել էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և արդյունավետ աշխատանքին, ինչպես նաև հստակեցնել էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական շուկայում լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց միջև փոխհարաբերությունները։