Call email facebook Sitemap

RA am

ՀայերենРусский
Announcements News ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԶԼՄ-ՆԵՐՈՒՄ ՀՆՉԱԾ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
There are no translations available.

Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ Ն Ե Ր
ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԶԼՄ-ՆԵՐՈՒՄ ՀՆՉԱԾ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.    Ինչո՞վ է պայմանավորված բնական գազի սակագների սպասվող բարձրացումը:

Բնական գազի սակագների բարձրացումը պայմանավորված է հիմնականում հետևյալ  գործոններով`
ա) հանրապետություն ներկրվող բնական գազի գնի շուրջ 17% բարձրացմամբ (հազար խորանարդ մետրի համար 154 ԱՄՆ դոլարից` 180 ԱՄՆ դոլար` առանց ավելացված արժեքի հարկի).
բ) ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքի կտրուկ բարձրացմամբ: Այսպես, եթե գործող սակագնի հաշվարկում ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքի մեծությունը կազմում էր 303.69 դրամ, ապա սահմանվող սակագնի հաշվարկի հիմքում դրված է ՀՀ 2010 թվականի պետական բյուջեում ընդունված 386.41 դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքի մեծությունը.
գ) բնական գազի սպառման ծավալների շուրջ 20% նվազմամբ.
դ) ընկերության կողմից իրականացված ներդրումների փոխհատուցման (շահույթի և մաշվածության տեսքով) անհրաժեշտությամբ և գազամատակարարման համակարգի ընդլայնմամբ պայմանավորված` շահագործման և պահպանման ծախսերի ավելացմամբ:

2.    Ինչո՞վ է բացատրվում այն հանգամանքը, որ բնակչության համար սակագինն աճում է 37.5%-ով, իսկ խոշոր սպառողների համար` ընդամենը 13%:

Համեմատության մեջ պետք է դրվեն համադրելի մեծություններ: Ներկայումս գործող սակագները սահմանվել են 2009 թվականի փետրվարի 27-ին և գործողության մեջ մտել ապրիլի 1-ից: Գործող սակագների սահմանման ժամանակ փոխարժեքն ընդունվել է 303.69 դրամ/ԱՄՆ դոլար: Այս պայմաններում բնակչության համար սահմանվեց 96 հազար դրամ` յուրաքանչյուր 1000 խմ մատակարարված գազի դիմաց, որը դոլարային արտահայտությամբ կազմում էր 316 ԱՄՆ դոլար: Իսկ խոշոր սպառողների համար սահմանվեց 215 ԱՄՆ դոլար, որը կազմում էր շուրջ 65 հազար դրամ: 2010 թվականի ապրիլի 1-ից նախատեսվում է սահմանել բնակչության համար 132 հազար դրամ, որը դոլարային արտահայտությամբ կազմում է 341 ԱՄՆ դոլար (132000/386.41), իսկ խոշոր սպառողների համար` 243.13 ԱՄՆ դոլար կամ 94 հազար դրամ (243.13x386.41):
Իսկ, եթե սակագների աճի համեմատությունը կատարվում է դրամով, ապա բնակչության համար սակագինն աճում է 37.5%-ով, իսկ խոշոր սպառողների համար`    44%-ով: Դոլարային համեմատության դեպքում պատկերը հետևյալն է. բնակչության համար սակագինն աճում է 8%-ով, իսկ խոշոր սպառողների համար 13%-ով:

3.    Սպառողներից շատերին հասկանալի չէ, թե ներկրվող բնական գազի գնի 17% աճի պայմաններում, ինչու՞ է բնակչության սակագինն աճում 37.5%-ով:

Ինչպես արդեն նշվեց, բնակչությանը վաճառվող բնական գազի սակագնի բարձրացումը պայմանավորված չէ միայն սահմանի վրա բնական գազի գնի ավելացմամբ: Այն պայմանավորված է նաև վերը նշված գործոններով: Այսպես, բնակչությանը վաճառվող բնական գազի գնի աճի շուրջ 14.5%-ը պայմանավորված է սահմանի վրա գազի գնի թանկացմամբ, 18%-ը` փոխարժեքի փոփոխությամբ և 5%-ը` ներդրումների վերադարձի ապահովմամբ և գազամատակարարման ցանցի ընդլայմամբ պայմանավորված` շահագործման և պահպանման ծախսերի ավելացմամբ և այլ գործոններով:
Միաժամանակ հարկ է նշել մեկ այլ հանգամանք. երբ 2009 թվականի ապրիլի 1-ից սակագներն ուժի մեջ մտան, ֆինանսական շուկայում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների հետևանքով ԱՄՆ դոլարի փոխարժեքն արդեն շուրջ 372 դրամ էր` հաշվարկային 303.69-ի դիմաց: Ուստի, եթե բնակչության համար սակագինը սահմանված լիներ 316 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով, ապա բնակչությունը հազար խորանարդ մետր բնական գազի համար 96 հազար դրամի փոխարեն ապրիլ ամսվանից սկսած արդեն պետք է վճարեր 118 հազար դրամ: Եթե սահմանված լիներ նշված սակագինը, ապա սակագնի աճը կկազմեր ընդամենը 12% (132000/118000):

4.   Հայաստանի Հանրապետություն գազը ներկրվում է 180 ԱՄՆ դոլարով, իսկ բնակչությանը վաճառվում է 132000 դրամով, որը, համարժեք է 341 ԱՄՆ դոլարին: Փաստորեն, յուրաքանչյուր 1000 խմ մատակարարված գազի դիմաց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին մնում է 161 ԱՄՆ դոլար` գրեթե համարժեք գազի գնին:

341 ԱՄՆ դոլարը միայն բնակչության սակագնի դոլարային համարժեքն է: Եթե դիտարկվում է բնակչության և խոշոր սպառողների միջին սակագինը, ապա այն կազմում է 283 ԱՄՆ դոլար` ներառյալ ավելացված արժեքի հարկը: Եթե նշված գնից հանվում է ԱԱՀ-ն (47 ԱՄՆ դոլար) և գազի տեղափոխման ու բաշխման ընթացքում առաջացող կորուստների արժեքը (11 ԱՄՆ դոլար), ապա ստացվում է 225 ԱՄՆ դոլար:  Հետևաբար, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին մնացող գումարը (մարժան) կազմում է 45 ԱՄՆ դոլար (վաճառքի միջին սակագնի 16%-ը), որն իր մեջ ներառում է գազամատակարարման ամբողջ համակարգի շահագործման և պահպանման ծախսերը, ինչպես նաև շահույթը և մաշվածությունը:

5.    Ինչո՞վ է բացատրվում այն հանգամանքը, որ բնակչությանը վաճառվող բնական գազի սակագինը գերազանցում է խոշոր սպառողներին վաճառվող բնական գազի սակագնին:

ՀՀ գազամատակարարման համակարգը բաղկացած է բարձր, միջին և ցածր ճնշման գազատարներից, որոնց շահագործումը և սպասարկումը պահանջում է իրարից զգալիորեն տարբերվող ծախսեր: Խոշոր սպառողները հիմնականում բարձր և միջին ճնշման գազատարներից օգտվող բաժանորդներ են: Մինչդեռ բնակիչները հանդիսանում են գազամատակարարման համակարգի վերջին օղակի սպառողներ և նրանց գազամատակարարումը պահանջում է ավելի մեծ ծախսեր և ներդրումներ: Այսպես, թեև բնակչությունը սպառում է մատակարարված գազի ընդամենը 38%-ը, նրան բաժին է ընկնում համակարգի ամբողջ ծախսերի շուրջ 60%-ը և ներդրումների գերակշիռ մասը:

6.    Ինչո՞վ է պայմանավորված միևնույն գազամատակարարման համակարգի տարբեր սպառողների համար սակագնի տարբեր արժույթների կիրառումը:

Ընկերության ծախսերի գերակշիռ մասը (80%) դոլարային ծախսեր են, և ընկերության ֆինանսական կայունությունն ապահովելու համար նպատակահարմար է ընկերության բոլոր բաժանորդների համար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով սակագնի սահմանումը, սակայն բնակիչ-բաժանորդների համար յուրաքանչյուր ամիս սակագնի վերահաշվարկի իրականացման աննպատակահարմարությունից և անհարմարություններից ելնելով` բնակչության համար սակագինը սահմանվում է դրամով և չի վերահաշվարկվում մինչև սակագնի հաջորդ վերանայումը:

7.    Գազի սակագներում ինչպե՞ս են արտացոլվում փոխարժեքի տատանման հետևանքով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի ստացած օգուտները և կրած վնասները:

Գազամատակարարման համակարգում, սակագների հաշվարկման մեթոդիկայի համաձայն, սակագնի հաշվարկի հիմքում ներառված և փաստացի ձևավորված փոխարժեքների տատանումներով պայմանավորված ընկերության կրած վնասները կամ ստացած օգուտների ռիսկերը հավասարաչափ բաշխվում են ընկերության և սպառողների միջև և սակագների վերանայման ժամանակ հանձնաժողովի կողմից հաշվի չեն առնվում: Մասնավորապես, 2010 թվականի ապրիլի 1-ից ուժի մեջ մտնող սակագներում հաշվի չի առնվել ընկերության 2009 թվականի կրած շուրջ 4.5 մլրդ դրամի վնասը:

8.    Կա մտավախություն, որ բնական գազի սակագնի թանկացման դեպքում բնակչությունը հարկադրված կլինի օգտվել էներգիայի այլընտրանքային աղբյուրներից:

Համաձայն հաշվարկների` գործող սակագնի պարագայում բնական գազի սպառման շահավետությունը շուրջ 2.5 անգամ գերազանցում էր էլեկտրաէներգիային, իսկ առաջարկվող սակագնի պարագայում` այն կլինի 2 անգամ: Ուստի բնական գազը կշարունակի մնալ ամենաէժան և հարմարավետ էներգակիրը:

9.    Ինչպիսի՞ն կլինի բնական գազի սակագնի թանկացման ազդեցությունը էլեկտրաէներգիայի սակագնի վրա:

Իհարկե, բնական գազի սակագների բարձրացումն անմիջապես ազդում է ՋԷԿ-երում արտադրվող էլեկտրաէներգիայի սակագների վրա: Սակայն, սակագնի այս վերանայման ժամանակ հնարավոր կլինի խուսափել վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից` հիմնականում ի շնորհիվ 2010թ. մայիսի 1-ից «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի շոգեգազային համակցված ցիկլով աշխատող բարձր արդյունավետությամբ նոր էներգաբլոկից ներքին շուկա էժան էլեկտրաէներգիայի առաքման:

10.    Հնչում են նաև հարցադրումներ, որ հասարակությունը բավարար չափով ներգրավված չի եղել սակագների վերանայման գործընթացում:

Իրականում այդպես չէ, քանի որ հանձնաժողովի կանոնակարգերի համաձայն, սակագնի վերանայման հայտն ստանալուց անմիջապես հետո այն տեղադրվել է հանձնաժողովի ինտերնետային կայքում` հնարավորություն ընձեռելով բոլոր հետաքրքրվող անձանց ուսումնասիրելու հայտը և ներկայացնելու իրենց հարցադրումները:
Կազմակերպվել են նաև քննարկումներ սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների մասնակցությամբ, որոնց ընթացքում լիարժեք պարզաբանումներ են տրվել նրանց հետաքրքրող հարցերին:
Բացի այդ, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հանձնաժողովի նիստերը դռնբաց են: Հետևաբար, սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների ներկայացուցիչները նույնպես կարող են մասնակցել և հայտնել իրենց դիրքորոշումը:

Links

gov  3-1 veolia   gazprom-armenia logo-arm IC banner Riga2019 FINAL 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: