Լրահոս

Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում մեկնարկել է ատոմային ոլորտի ամենախոշոր իրադարձություններից մեկը՝ «Ատոմէքսպո-2024» միջազգային համաժողովը, որին մասնակցում են հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը և հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը: Երկօրյա համաժողովին մասնակցում է 70 երկրից ավելի քան 4500 մասնակից: «Ատոմէքսպո»-ն խոշորագույն ցուցահանդեսային և գործարար հարթակ է, որում քննարկվում են ատոմային ոլորտի ներկա վիճակը և հետագա զարգացման միտումները: Համաժողովն անցկացվում է 2009 թվականից: «Ատոմէքսպո» միջազգային համաժողովին մասնակցում են ոլորտի խոշորագույն կազմակերպություններ, պետական կառույցներ, միջազգային կազմակերպություններ և առաջատար փորձագետներ: Համաժողովի շրջանակում կանցկացվեն լիագումար նիստեր, կլոր սեղան-քննարկումներ, թեման ռեակտորային տեխնոլոգիաների չորրորդ սերունդն է։ Այնուհետև տեղի կունենա լիագումար նիստ՝ «Մաքուր էներգիա. Միասին կերտելով ապագան» խորագրով։Ֆորումն ուղեկցվում է նաև ցուցահանդեսով, որում ոլորտի ընկերությունները ներկայացնում են իրենց առաջարկած տեխնոլոգիական լուծումները:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շնորհավորում է «Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Հանձնաժողովի կողմից կարգավորովող բնագավառները անխտիր առնչվում են բոլոր սպառողներին, ուստի սպառողների շահերի պաշտպանությունը հանձնաժողովի գործունեության առանցքային ուղղություններից է: Լինելով տեղեկացված Ձեր իսկ իրավունքների կամ պարտականությունների վերաբերյալ, դուք կկարողանաք պաշտպանել Ձեզ ցանկացած իրավիճակներում։ Համոզված ենք, որ պետական մարմինների, տնտեսվարողների, հասարակական հատվածի և բոլոր քաղաքացիների համատեղ ջանքերով կարող ենք ապահովել այնպիսի միջավայր, որտեղ իրապես մեր սպառողները կլինեն իրազեկված և պաշտպանված:  

Սույն թվականի մարտի 13-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի ունեցած հանդիպմանը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը քննարկել են էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի զարգացումն ապահովող ռազմավարությունների, դրանցից բխող ուղղությունների և անհրաժեշտ միջոցառումների՝ ներառյալ օրենսդրական բարեփոխումների իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։ Ելնելով էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի զարգացման քաղաքականության և կարգավորման գործառույթների փոխգործակցության արդյունավետության բարձրացման նկատառումներից՝ կողմերը պայմանավորվել են կազմակերպել պարբերական հանդիպումներ, ձևավորել երկկողմ մասնագիտական աշխատանքային խմբեր, իրականացնել ոլորտի զարգացման շարունակականությանը նպաստող անհրաժեշտ քայլեր։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրականացրել է (2023 թվականի 1-3-րդ եռամսյակների ընթացքում) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառման համակարգերի բաշխման ցանցին միացման գործընթացի վերլուծություն։ Արդյունքում պարզվել է, որ մի շարք դեպքերում խախտվել են սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման ժամկետները, որն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ դիմող անձանց (սպառողների) իրավունքների կամ օրինական շահերի խախտման։ Ուստի, այսօրվա նիստում հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տուգանեց 20 000 000 (քսան միլիոն) դրամ գումարի չափով։