Էներգետիկայի բնագավառ
ՑԱՆԿ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Կայանի կառուցման ժամանակահատված ներառող էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայի ստացման հայտը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը.
1) գործարար ծրագիր՝ համաձայն սույն կարգի N 4 հավելվածի կամ կայանի կառուցման նախագիծը,
2) լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ համապատասխան նպատակային (գործառական) նշանակությամբ հողամասի (շենք, շինության) նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ իրավասու մարմնի կողմից տրված հատակագծի պատճենը։ Լողացող արևային կայանների դեպքում սույն ենթակետում նշված փաստաթղթերի փոխարեն կարող է ներկայացվել ջրային օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը (ջրային օբյեկտի վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման դեպքում, եթե սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականում առկա չէ նշում վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման ժամկետի վերաբերյալ, անհրաժեշտ է ներկայացնել նաև վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրի պատճենը, ընդ որում, ենթավարձակալության դեպքում՝ նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը. այդ ժամկետները պետք է լինեն լիցենզիայի գործողության ժամկետից ոչ պակաս), իսկ դրա բացակայության դեպքում այդ օբյեկտի սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը կամ թույլտվությունը ջրային օբյեկտի վրա հայցվող պարամետրերով և ժամկետով (ժամանակահատվածներով) կայան կառուցելու և շահագործելու վերաբերյալ, և համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից կազմված ջրային օբյեկտի հատակագիծը,
3) (ենթակետն ուժը կորցրել է 28.08.19 N 318-Ն)
4) հայտարարություն Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am/ կայքում՝ համաձայն սույն կարգի N 5 հավելվածի,
5) երաշխիք՝ համաձայն սույն կարգի N 3 հավելվածի,
6) ջրօգտագործման թույլտվության պատճեն՝ հիդրոէլեկտրակայաններում, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության համար,
7) այլ անձի (անձանց) պատկանող հիդրոկառույցը օգտագործելու (հիդրոկառույցից օգտվելու) վերաբերյալ պայմանագիր կամ հիդրոկառույցին միացման թույլտվություն՝ միայն խմելու ջրատարների կամ ոռոգման համակարգերի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության համար,
8) Էլեկտրական էներգիայի բաշխման կամ հաղորդման լիցենզիա ունեցող անձից էլեկտրական ցանցին պահանջվող հզորությամբ միացման հնարավորության վերաբերյալ տեղեկանք՝ էլեկտրական էներգիայի արտադրության կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայի դեպքում,
9) պետություն-մասնավոր գործընկերություն գործարքի դեպքում՝ պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրի պատճեն,
10) Օրենքով սահմանված՝ էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից հրաժարվելու դեպքում համապատասխան գրություն, որով հայտատուն տվյալ հայտի շրջանակում հրաժարվում է Օրենքի 35-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված էլեկտրական էներգիայի գնման երաշխիքից,
11) Բացառապես սեփական կարիքների նպատակով էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի դեպքում՝ տվյալ սպառման համակարգի առավելագույն հզորությունը հիմնավորող փաստաթուղթ՝ միացման պայմանագրի պատճենը, հաշվառման քարտից կամ էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցի պրոֆիլից արտատպված տեղեկատվություն)։ Ընդ որում կառուցվող կայանի հայցվող հզորությունը չպետք է գերազանցի սպառման համակարգի առավելագույն հզորությունը:
(1-ին կետը փոփ. 28.08.19 N 318-Ն, լրաց. 17.06.20 N 212-Ն, փոփ. 30.09.20 N 350-Ն, լրաց. 31.03.21 N 95-Ն, 25.01.23 N 27-Ն, փոփ., լրաց. 19.06.24 N 193-Ն)
2. Կայանի կառուցման ժամանակահատված չներառող էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայի ստացման հայտը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը.
1) կառուցված (վերակառուցված) կայանի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները), եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվում է նշված իրավունքների պետական գրանցում, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նշված իրավունքների պետական գրանցում չպահանջվելու դեպքում՝ իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան հիմնավորումներ,
2) կայանում տեղակայված սարքավորումների (ագրեգատների) վերաբերյալ տեղեկանք՝ դրանց մակնիշի, հզորության, արտադրության տարեթվի նշումով՝ կցելով անհրաժեշտ հիմնավորումներ,
3) ջրօգտագործման թույլտվության պատճեն՝ հիդրոէլեկտրակայաններում, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև այլ կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության համար,
4) այլ անձի (անձանց) պատկանող հիդրոկառույցը օգտագործելու (հիդրոկառույցից օգտվելու) վերաբերյալ պայմանագիր կամ հիդրոկառույցին միացման թույլտվություն՝ միայն խմելու ջրատարների կամ ոռոգման համակարգերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության համար,
5) Էլեկտրական էներգիայի բաշխման կամ հաղորդման լիցենզիա ունեցող անձից էլեկտրական ցանցին պահանջվող հզորությամբ միացման հնարավորության վերաբերյալ տեղեկանք՝ էլեկտրական էներգիայի արտադրության կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայի դեպքում,
6) պետություն-մասնավոր գործընկերություն գործարքի դեպքում՝ պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրի պատճեն,
7) Օրենքով սահմանված՝ էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից հրաժարվելու դեպքում համապատասխան գրություն, որով հայտատուն տվյալ հայտի շրջանակում հրաժարվում է Օրենքի 35-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված էլեկտրական էներգիայի գնման երաշխիքից:
(2-րդ կետը լրաց. 17.06.20 N 212-Ն, փոփ. 30.09.20 N 350-Ն, լրաց. 25.01.23 N 27-Ն, փոփ., լրաց. 19.06.24 N 193-Ն)
3. Էլեկտրական էներգիայի հաղորդման, ջերմային էներգիայի փոխադրման, բնական գազի փոխադրման, էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի և բնական գազի բաշխման, էլեկտրական էներգիայի մատակարարման, էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման, Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, գազամատակարարման համակարգի օպերատորի, Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի, ինչպես նաև Էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիաների ստացման հայտը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը.
1) գործարար ծրագիր,
2) լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գույքի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթեր, բացառությամբ Էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի, էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիաների հայտերի,
3) հայտարարություն Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am/ կայքում՝ համաձայն սույն կարգի N 5 հավելվածի։
4. Բնական գազի ներկրման, արտահանման լիցենզիաների ստացման հայտը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը.
1) գազամատակարարման համակարգի օպերատորի եզրակացությունը ներկրման կամ արտահանման առաջարկվող ռեժիմների իրականացման հնարավորության և էներգետիկայի բնագավառի հուսալիության ու անվտանգության վրա ազդեցության վերաբերյալ,
2) բնական գազի ներկրման գործունեություն իրականացնելու համար՝ օտարերկրյա առաքողի հետ կնքված ներկրման պայմանագիր,
3) բնական գազի արտահանման գործունեություն իրականացնելու համար՝ բնական գազի փոխադրման լիցենզիա ունեցող անձի հետ կնքված բնական գազի փոխադրման պայմանագիր, եթե հայտատուն չունի բնական գազի փոխադրման լիցենզիա,
4) բնական գազի արտահանման գործունեություն իրականացնելու համար՝ բնական գազի բաշխման, փոխադրման կամ ներկրման լիցենզիա ունեցող անձի հետ կնքված բնական գազի առուվաճառքի պայմանագիր, եթե հայտատուն չունի բնական գազի բաշխման, փոխադրման կամ ներկրման լիցենզիա, ինչպես նաև օտարերկրյա գնորդի հետ կնքված արտահանման պայմանագիր:
(հավելվածը փոփ. 28.08.19 N 318-Ն, լրաց. 17.06.20 N 212-Ն, փոփ. 30.09.20 N 350-Ն, լրաց. 31.03.21 N 95-Ն, 25.01.23 N 27-Ն, փոփ., լրաց. 19.06.24 N 193-Ն)
Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ
Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործում)
1. Գործարար ծրագիր,
2. Կապի ոլորտում քաղաքաշինության փաստաթղթերի մշակման լիցենզիա ունեցող անձանց կողմից մշակված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տեխնիկական նախագիծ կամ հայտատուի կողմից մշակված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տեխնիկական նկարագիր՝ Հանձնաժողովի կողմից սահմանված պահանջներին համապատասխան,
3. Լիցենզիայի տրամադրման համար գանձվում է պետական տուրք:
ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ
1. Թույլտվության տրամադրման վճարի 1 տոկոսի վճարումը հավաստող անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը, կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը:
2. Ֆիզիկական անձանց համար` անձնագրի պատճենը:
Ջրային ոլորտ
1) Գործարար ծրագիր կամ մրցութային եղանակով ջրամատակարարման (ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման) համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման պայմանագրի պատճենը,
2) Ջրօգտագործման թույլտվության (թույլտվությունների) պատճենը (ները),
3) Լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթերի պատճենները,
4) Լիցենզավորված գործունեությունն իրականացնելու սպասարկման տարածքի ցանկը,
5) Հայտարարություն մամուլում` առնվազն 2000 տպաքանակ ունեցող 2 թերթերում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային հttp://www.azdarar.am/ կայքում` համաձայն լիցենզավորման կարգի N3 հավելվածի:
Մրցութային եղանակով ջրամատակարարման (ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման) համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման դեպքում հայտատուն 1-ին կետի 3-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերի փոխարեն Հանձնաժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կնքված համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման պայմանագրով մասնավոր կառավարչին փոխանցված գույքի ցանկը: