ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Ֆինանսատեխնիկական և դիմումների քննարկման վարչության պետ Մերի Ղազարյանը և Զարգացման ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Ելենա Բաբոյանը ս.թ. հունիսի 9-10-ը Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքում մասնակցել են Էներգետիկայի կարգավորողների եվրոպական խորհրդի (CEER – Council of European Energy Regulators) կողմից կազմակերպված «Ճկունության հնարավորությունների օգտագործումը՝ հանուն մաքուր էներգետիկ ապագայի» թեմայով վերապատրաստման դասընթացին։

 

Դասընթացը նվիրված էր էներգետիկ համակարգերի ճկունության (flexibility) զարգացմանը՝ որպես մաքուր, անվտանգ և կայուն էներգետիկ ապագայի ձևավորման կարևոր նախապայմանի։ Միջոցառմանը մասնակցել են Արևելյան գործընկերության երկրների էներգետիկայի ոլորտի պետական կառույցների և կարգավորող մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրոպական միության առաջատար էներգետիկ կազմակերպությունների փորձագետներ։

 

Դասընթացի խոսնակներն էին CEER-ի, ACER-ի, ENTSO-E-ի, ARERA-ի, Ֆինլանդիայի Էներգետիկայի վարչության (Energy Authority Finland), Smart Energy Europe-ի և ոլորտի այլ հեղինակավոր կառույցների ներկայացուցիչները, որոնք ներկայացրել են եվրոպական լավագույն փորձն ու գործնական լուծումները՝ ուղղված էլեկտրաէներգետիկ համակարգերի ճկունության բարձրացմանը։

 

Վերապատրաստման ընթացքում քննարկվել են քաղաքականության, կարգավորման և տեխնիկական շրջանակները, որոնք անհրաժեշտ են վերականգնվող էներգիայի աղբյուրների առավել արդյունավետ ինտեգրման, ինչպես նաև էլեկտրաէներգետիկ համակարգերի հուսալիության և կայունության ապահովման համար։

 

Դասընթացի հիմնական ուղերձն այն էր, որ մաքուր էներգետիկ ապագան հնարավոր է ապահովել առավել ճկուն և արդյունավետ էլեկտրաէներգետիկ համակարգերի պարագայում՝ օգտագործելով պահանջարկի կառավարման, էներգիայի կուտակման, տեղական շուկաների զարգացման և խելացի ցանցերի գործիքակազմը, որոնք հնարավորություն կտան ինտեգրել վերականգնվող էներգիայի մեծ հզորություններ՝ առանց նվազեցնելու համակարգի հուսալիությունը: