Լրահոս

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Արմեն Հունանյանը սույն թվականի նոյեմբերի 6-ին մասնակցել է Ինտերնետ կառավարման հայաստանյան 11-րդ համաժողովին։   Պանելային քննարկման առանցքում եղել են կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության, զարգացման և դրանց անխափան գործունեության ապահովման հարցերը։ Արմեն Հունանյանը ներկայացրել է ՀԾԿՀ-ի, որպես էլեկտրոնային հաղորդակցության ոլորտը կարգավորող մարմնի դերը կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների շահագործման, զարգացման և Կիբեռանվտանգության օրենսդրության պահանջների պահպանման գործընթացներում` ներառյալ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության և Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի հետ համագործակցությունը։    

  ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ԱԺ Տնտեսական հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է ՀԾԿՀ 2027 թվականի բյուջեի նախագիծը։   ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հաձնաժողովի 2027թ. բյուջեն, որն ըստ էության իրենից ներկայացնում է հանձնաժողովի պահպանման ծախսերի մեծությունը, կազմում է շուրջ 1 մլրդ 216 մլն դրամ: Կապիտալ ծախսերը կազմում են 6 մլն 996 հազար դրամ։   Մեսրոպ Մեսրոպյանը կարևորել է 2027 թվականի բյուջեով նախատեսված միջոցների նպատակային օգտագործումը՝ Հանձնաժողովի բնականոն գործունեության, կարգավորվող ոլորտներում սակագների սահմանման և վերանայման, լիցենզավորման, իրավական ակտերի մշակման, սպառողների դիմումների քննարկման և ոլորտային կարգավորման այլ գործառույթների իրականացման նպատակով։ Առավել մանրամասն հղումով՝  Մեսրոպ Մեսրոպյանի ելույթը․      

Երևանում՝ «ԵՄ-ն հանուն էներգիայի» ծրագրի շրջանակում, անցկացվում է Հայաստանի էլեկտրաէներգետիկայի շուկայի բարեփոխումներին նվիրված երկօրյա միջազգային փորձագիտական աշխատաժողով։ Միջոցառման նպատակն է աջակցել Հայաստանում էլեկտրաէներգետիկայի շուկայի շարունակական բարեփոխումների գործնական իրականացմանը՝ ԵՄ-ի և անդամ երկրների փորձի փոխանակման, մասնագիտական երկխոսության և ոլորտի կարգավորման առանցքային հարցերի քննարկման միջոցով։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն իր բացման խոսքում կարևորել է Եվրոպական միության աջակցությունն ու միջազգային փորձի փոխանակումը՝ ընդգծելով էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացման, էներգիայի կուտակման համակարգերի կարգավորման և Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման նշանակությունը Հայաստանի էներգետիկ ոլորտի բարեփոխումների համատեքստում։ «Մեզ համար հատկապես կարևոր է ապահովել, որ միջազգային լավագույն փորձը ոչ միայն ուսումնասիրվի, այլև համապատասխանեցվի Հայաստանի առանձնահատկություններին ու կարիքներին՝ նպատակ ունենալով ապահովել բարեփոխումների գործնական և հետևողական իրականացումը։ Միաժամանակ, էներգիայի կուտակման համակարգերի զարգացումն ու դրանց արդյունավետ կարգավորումը կարևոր նշանակություն ունեն վերականգնվող էներգիայի ինտեգրման և էլեկտրաէներգետիկական համակարգի ճկունության բարձրացման տեսանկյունից»,- նշել է Մեսրոպ Մեսրոպյանը։ Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև «ԵՄ-ն հանուն էներգիայի» ծրագրի, հայաստանյան գրասենյակի մշտական փորձագետ Արմին Բյումը։ Նա կարևորել է ԵՄ-ի և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով Հանձնաժողովի առանցքային դերը Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի բարեփոխումների գործընթացում։ Նրա խոսքով՝ ԵՄ աջակցությամբ իրականացվող փորձագիտական և տեխնիկական համագործակցությունը նպաստում է եվրոպական փորձի փոխանակմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանն ու էներգետիկ ոլորտի բարեփոխումների առաջմղմանը։ Երկօրյա աշխատաժողովին մասնակցում են Հունգարիայից ժամանած փորձագետներ, ինչպես նաև Հայաստանի պետական կառույցների և ոլորտի կարգավորող մարմինների ներկայացուցիչներ։ Քննարկումների ընթացքում հունգարացի և միջազգային մասնագետները ներկայացնում են Հունգարիայի և Եվրամիության փորձը էլեկտրաէներգետիկայի շուկայի կարգավորման ու կառավարման տարբեր ուղղություններով՝ անդրադառնալով կիրառվող կարգավորիչ և ինստիտուցիոնալ մոտեցումներին, ինչպես նաև Հայաստանի պայմաններում դրանց տեղայնացման և գործնական կիրառման հնարավորություններին։ Աշխատաժողովի օրակարգն ընդգրկում է էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացման, շուկայական գործառնությունների և հավասարակշռման մեխանիզմների, էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերի կարգավորման, էներգետիկայի ոլորտի ինստիտուցիոնալ կազմակերպման և կարողությունների զարգացման, կարգավորիչ պահանջների կատարման ապահովման, էներգետիկայի և մրցակցության պաշտպանության մարմինների միջև համագործակցության, սպառողների պաշտպանության, ինչպես նաև վերականգնվող էներգիայի ծագման երաշխիքների համակարգի վերաբերյալ հարցեր։ Միջոցառումն անցկացվում է «Մաքուր էներգիայի անցման և փոխկապակցման խթանումն Արևելյան գործընկերության երկրներում» նախաձեռնության՝ «ԵՄ-ն հանուն էներգիայի» ծրագրի երրորդ փուլի շրջանակում։    

Սույն թվականի  հոկտեմբերի 30-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Huawei ընկերության ներկայացուցիչներին։ Քննարկվել են էլեկտրական էներգիայի պահեստավորման համակարգերի տեխնիկական բնութագրերը և շահագործման հնարավորությունները։   Հանդիպման ընթացքում Huawei-ի փորձագետները ներկայացրել են էլեկտրական էներգիայի պահեստավորման համակարգերի տեխնիկական բնութագրերն ու ստանդարտները, ինչպես նաև այդ համակարգերի շահագործման պայմանները և աշխատանքային ցիկլերը։   Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ պահեստավորման համակարգերի կիրառման միջազգային օրինակների դիտարկմամբ։