ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Սույն թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է SUMEC Energy չինական խոշոր էներգետիկ հոլդինգի և «Դի Օհմ Էներջի» ընկերության ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում SUMEC Energy ընկերության կողմից ներկայացվեց վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրենց փորձն ու նորարարական լուծումները, արևային և հողմային էլեկտրակայանների կառուցման, ինչպես նաև էներգիայի պահեստավորման կայանների և համակարգերի ներդրման իրենց հաջողված նախագծերը։
Կողմերն անդրադարձել են էներգիայի պահեստավորման տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններին, դրանց դերին վերականգնվող էներգետիկայի զարգացման և էներգահամակարգի հուսալիության բարձրացման գործում։
Քննարկվել են նաև ոլորտի մի շարք նեղ մասնագիտական հարցեր, մասնավորապես՝ էներգիայի պահեստավորման համակարգերի տեխնիկական առանձնահատկությունների մասով։
Կողմերը պայմանավորվեցին շարունակել մասնագիտական քննարկումները։



