ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին և ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկվել են Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման հիմնահարցերը, մասնավորապես՝ նոր ատոմակայանի կառուցման հնարավոր ծրագիրը, վերջինիս սակագնային քաղաքականության կառուցվածքը, ինքնավար էներգաարտադրողների կարգավորումները և սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագներին առնչվող հարցերը։ Նշվել է, որ Հայաստանում դիտարկվում է նոր ատոմակայանի կառուցման ծրագիր, որի նպատակն է երկարաժամկետ հեռանկարում ապահովել երկրի էներգետիկ անվտանգությունը և կայուն էլեկտրամատակարարումը։ Կարևորվել են ներդրումային հնարավորությունները, ֆինանսական կայունության և թափանցիկ սակագնային քաղաքականության հարցերը։