ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS INTERCOOPERATION-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր
Սույն թվականի հունիսի 12-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և HELVETAS Swiss Intercooperation շվեյցարական զարգացման կազմակերպության հայկական ներկայացուցչության ղեկավար Հովսեփ Պատվականյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է համագործակցություն հաստատել ներառական և կանաչ տնտեսական զարգացումը խթանող ծրագրի շրջանակներում։
Հուշագիրը ստեղծում է կողմերի միջև համագործակցության շրջանակ կայուն տնտեսական զարգացման, էներգաարդյունավետության, կանաչ անցման, կարգավորող միջավայրի բարելավման, էներգետիկ ռեսուրսների արդյունավետ կառավարման և օգտագործման հետ կապված ոլորտներում։ Այն նաև նախատեսում է համագործակցություն հետազոտությունների, խորհրդատվությունների, գիտելիքների փոխանակման, կարողությունների զարգացման, շահագրգիռ կողմերի ներգրավման և էներգետիկ ոլորտի բարելավմանն ու շուկայի զարգացմանը նպաստող առաջարկությունների մշակման ոլորտներում։ Հատկապես կարևորվում է հանձնաժողովի ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների ամրապնդումը, այդ թվում՝ ուսումնական ծրագրերի, փորձագիտական փոխանակումների, սեմինարների և մասնագիտական զարգացման այլ նախաձեռնությունների կազմակերպման միջոցով։
Ստորագրման արարողությունից հետո ելույթ ունենալով՝ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ընդգծեց համագործակցության գործնական նշանակությունը.
«Էներգետիկայի ոլորտը արագ վերափոխման է ենթարկվում՝ ստեղծելով նոր մարտահրավերներ կարգավորող մարմինների համար։ Այսօր արդյունավետ կարգավորումը պահանջում է ոչ միայն ուժեղ ինստիտուտներ, այլև ժամանակակից փորձագիտություն, շարունակական մասնագիտական զարգացում և միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցություն։ Մենք բարձր ենք գնահատում HELVETAS-ի պատրաստակամությունը՝ աջակցելու կարողությունների զարգացմանը և գիտելիքների փոխանակմանը։ Այս Հուշագիրը նոր հնարավորություններ կընձեռի Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման, կարգավորող պրակտիկայի բարելավման և Հայաստանում կայուն զարգացմանը աջակցելու համար»։
Մեսրոպյանը նաև նշեց, որ համագործակցությունը կնպաստի էներգետիկ կարգավորման ժամանակակից մոտեցումների ներդրմանը, կնպաստի միջազգային լավագույն փորձի փոխանակմանը և կաջակցի ոլորտում ավելի կանխատեսելի և ներդրումային միջավայրի ստեղծմանն ուղղված ջանքերին։
Կողմերը վստահություն հայտնեցին, որ Հուշագիրը կծառայի որպես ամուր հիմք գործնական համագործակցության և Հայաստանի կայուն տնտեսական և էներգետիկ զարգացմանը նպաստող նախաձեռնությունների իրականացման համար։

