Սույն թվականի սեպտեմբերի 28-29-ը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ֆինանսատեխնիկական և դիմումների քննարկման վարչության պետ Մերի Ղազարյանը, էլեկտրաէներգետիկական շուկայի բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը, իրավաբանական և դա­տական  սպասարկման բաժնի գլխավոր իրավաբան Ռիտա Գևորգյանը և նախագահի խորհրդական Կարինա Ավագյանը մասնակցել են Էներգետիկայի կարգավորողների եվրոպական խորհրդի (CEER) և ԵՄ-ն հանուն էներգետիկայի (EU4Energy) ծրագրի շրջանակում Հունգարիայում կազմակերպված ուսումնական այցին՝ Հայաստանի և Հունգարիայի էներգետիկ ոլորտի մասնագետների միջև փորձի և տեղեկատվության փոխանակման նպատակով։

 

Այցի ընթացքում Մերի Ղազարյանը ներկայացրել է սպառողների իրավունքների պաշտպանության, իսկ Լուսինե Հովհաննիսյանը՝ Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման, նոր մրցակցային մոդելի ներդրման և շուկայի զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու արձանագրված արդյունքները։

 

Քննարկվել են էլեկտրական էներգիայի պահեստավորման կարգավորումները, էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումն ու հաշվեկշռման շուկայի զարգացումը, կարգավորող նորմերի կիրարկման և պատժամիջոցների կիրառման փորձը, կարգավորող և մրցակցության պաշտպանության մարմինների իրավասությունների տարանջատումը, սպառողների իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև վերականգնվող էներգառեսուրսների ոլորտում «Ծագման երաշխիքների» (Guarantees of Origin) կիրառումը։

 

Ուսումնական այցի շրջանակում այցելություններ են կազմակերպվել MAVIR (Հունգարիայի էլեկտրահաղորդման համակարգի օպերատոր ընկերություն) և Dunamenti Erőmű էլեկտրակայան (ներկայումս համակցված շոգեգազային ցիկլով շահագործվող էլեկտրակայան՝ մարտկոցային (BESS) և էլեկտրական ջրատաքացուցիչ (power to heat) տեղակայանքներով պահեստավորման համակարգերով)՝ էներգետիկ ենթակառուցվածքների և էներգիայի պահեստավորման ժամանակակից լուծումներին ծանոթանալու նպատակով։