Այսօր տեղի է ունեցել «Հեռահաղորդակցության շաբաթ 2026» միջոցառման պաշտոնական բացումը։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սեդա Շահինյանը հանդես է եկել բացման խոսքով՝ կարևորելով թվային տնտեսության, այդ թվում՝ արհեստական բանականության, տվյալների կենտրոնների և ամպային լուծումների զարգացման հարցում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների դերն ու այդ առումով Հանձնաժողովի, որպես ոլորտը կարգավորող մարմնի առաջնահերթություն համարվող կայուն և կանխատեսելի կարգավորման այնպիսի միջավայրի ապահովումը՝ որոնք միտված են ներդրումների ու նորարարության խթանմանը, մրցակցության ապահովմանը և սպառողների շահերի պաշտպանությանը։

Միաժամանակ․ հեռահաղորդակցության վարչության պետ Արմեն Հունանյանը մասնակցել է Հեռահաղորդակցության ոլորտի և թվային փոխակերպմանը վերաբերող՝ <<Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի ձեռքբերումները>> թեմայով պանելային քննարկմանը, որտեղ ներկայացրել է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի զարգացման հիմնական ձեռքբերումները, քաղաքականության և կարգավորող միջավայրի ձևավորման, ենթակառուցվածքների արդիականացման, թվային ներառման ապահովման, ինչպես նաև ոլորտի մարտահրավերների և ապագա զարգացման ուղղությունները։

Հեռահաղորդակցության շաբաթ 2026-ը ոլորտային միջոցառումների շարք է, որը միավորում է հեռահաղորդակցության օպերատորներին, պետական և կարգավորող մարմիններին, միջազգային և տեխնոլոգիական կազմակերպություններին, ինչպես նաև կրթական հաստատություններին՝ քննարկելու ոլորտի զարգացման առաջնահերթությունները, նորարարությունները և թվային ապագան։