Սույն թվականի սեպտեմբերի 18-ին մեկնարկել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախաձեռնությամբ և Հայաստանի oպերատորների միության հետ համագործակցությամբ՝ Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կողմից կազմակերպվող «Հաջորդ սերնդի (IMT-2020/5G) շարժական կապի ցանցերի գործարկում» թեմայով եռօրյա աշխատաժողով։

Միջոցառմանը մասնակցում են շահագրգիռ պետական մարմինների և շարժական բջջային կապի օպերատորների ներկայացուցիչներ, ինչպես նաև ITU համապատասխան փորձագետներ։

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվելու և քննարկվելու են շարժական կապի 5G տեխնոլոգիայի ցանցերի ներդրման և զարգացման միջազգային փորձը, հնարավոր խոչընդոտներն ու տվյալ ցանցերի արդյունավետ ներդրումն ապահովող գործոնները։

Նման միջոցառումները հնարավորություն են ընձեռում էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի կարգավորող, քաղաքականություն մշակող և այլ շահագրգիռ պետական մարմիններին, ինչպես նաև օպերատորներին՝ քննարկել, վերհանել հանարավոր խնդիրներն ու գտնել լուծումներ, որոնք կնպաստեն Հանրապետությունում շարժական կապի 5G տեխնոլոգիայի արդյունավետ ներդրմանը։