ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ հանձնաժողովի պատվիրակությունը գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։

Աշխատանքային այցի նպատակն է էներգետիկայի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության խորացումը և փոխգործակցության հնարավորությունների ընդլայնումը։

Քննարկվել են Հայաստանում և Վրաստանում էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը և շուկայի փոխակերպումը, ինքնավար էներգաարտադրության զարգացումը, անդրսահմանային առևտրի հնարավորությունները, սակագնային քաղաքականությունը, կարգավորող մարմինների անկախության ամրապնդմանն առնչվող հարցերը։

Նման ձևաչափով երկկողմ հանդիպումները կարևոր հիմք են երկու երկրների էլեկտրաէներգետիկական շուկաների ինտեգրման համար, որոնք կնպաստեն միասնական տարածաշրջանային էներգետիկ հարթակի ձևավորմանը, կարգավորման ոլորտում փորձի փոխանակմանը և տարածաշրջանային էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը։