ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՆԱԽԱԳԱՀ
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հուլիսի 2025 թվականի №1-Ա

ք. Երևան

 

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2025 թվականի հուլիսի 15-ին Կառավարության լիազոր մարմնի կողմից ներկայացվել է հաղորդում այն մասին, որ « ... Էլեկտրաէներգետիկական ողջ համակարգը, որպես տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող ստրատեգիական ոլորտ, կոչված է ապահովելու անխափան և որակյալ էլեկտրաէներգիայի մատակարարում մեր ողջ ազգաբնակչությանը։ Սպառողների առջև նշված գործառույթի անմիջական պատասխանատու հանդես է գալիս «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ որպես ողջ հանրապետությունով մեկ էլեկտրական էներգիայի բաշխման և երաշխավորված մատակարարի բացառիկ գործառույթներ ունեցող լիցենզավորված անձ։ Հետևաբար, վերջինիս արդյունավետ և իրավաչափ վարքագծից է մեծապես կախված ողջ համակարգի կայունությունը, հուսալիությունն ու անվտանգությունը, ինչի ապահովմանն է միտված ոլորտում իրավասու մարմինների գործունեությունը։

Վերջին տարիներին, սակայն, գնալով ավելի ու ավելի մեծ թափ է ստանում հանրության մոտ օրեցօր աճող դժգոհությունը՝ պայմանավորված այնպիսի օբյեկտիվ իրողություններով, ինչպիսիք են համակարգային խոշոր վթարները, հաճախակի դարձած մեծաթիվ հոսանքազրկումները, մատակարարվող էլեկտրական էներգիայի լարման շեղումները, հնարավոր հավելագրումները, էլեկտրական ցանցին նոր սպառողների միացման ժամկետների համատարած խախտումները և այլն։ Նշվածը հիմնավորվում է այդ թվում սպառողների կողմից ներկայացվող հազարավոր դիմում-բողոքների, ինչպես նաև նշված խնդիրների վերաբերյալ մամուլով և սոցիալական տարբեր հարթակներում տեղ գտած հրապարակումների աճով։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախարարությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականությունն իրագործողը, ինչպես նաև էներգետիկայի բնագավառի պետական կարգավորմանն օժանդակողը և ղեկավարվելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասով Ձեզ եմ ներկայացնում հաղորդում Ընկերության կողմից թույլ տրված հետևյալ խախտումների մասին

  1. Վերջին տարիների ընթացքում արձանագրվում են Ընկերության համակարգային խոշոր վթարների և հոսանքազրկումների քանակի անթույլատրելի աճ։ Մասնավորապես՝
  • 06072024 թվականին Երևան ՀԷԿ-1–ի մալուխային թունելով անցնող Երևան քաղաքը սպասարկող «ՀԷՑ» ՓԲ ընկերության կողմից «Շահումյան» և «Արաբկիր» շահագործման շրջաններին պատկանող մալուխների վնասման հետևանքով բռնկված հրդեհի պատճառով, Երևան ՀԷԿ-1-ում տեղի է ունեցել էլեկտրակայանի 2 x 22 ՄՎտ հզորությամբ ագրեգատների վթարային անջատում՝ ագրեգատների վնասումով։ Վթարի հետևանքով հոսանքազրկվել են Երևան քաղաքի «Կենտրոն» և «Արաբկիր» թաղամասերը՝ ինչի արդյունքում դադարեցվել է բազմաթիվ սպառողների էլեկտրամատակարարումը։ Վթարը վերացնելուց և հոսանքազրկված սպառողների էներգամատակարարումը այլ ուղղություններից վերականգնելուց հետո, մինչև վնասված մալուխների վերականգնումը, այդ վնասված ուղղություններից սնվող բազմաթիվ սպառողների նկատմամբ, համապատասխան գրաֆիկով տևական ժամանակ կիրառվել է էլեկտրաէներգիայի մատակարարման սահմանափակումներ։
  • 13052025թ-ին «ՀԷՑ» ՓԲԸ-ին պատկանող 110 Կվ լարման Հարավային-1 օդային գծի վրա տեղի ունեցած կարճ միացման հետևանքով, համակարգից անջատվել է Երևանի ՋԷկ-ը։ Երևանի ՋԷկ-ի անջատումը բերել է ամբողջ էներգոհամակարգի լարման մակարդակի իջեցման, ինչն էլ իր հերթին հանգեցրել է Քնթուր Գլոբալ ընկերությանը պատկանող Որոտանի հիդրոկասկադի՝ Սպանդարյան և Շամբ ՀԷԿ-երի համակարգից անջատմանը։ Այսինքն սկսված վթարի աստիճանական զարգացումը ստեղծվել է մի իրավիճակ, երբ ամբողջ հանրապետության էլեկտրաէներգիայի լարման մակարդակը իջել է այն աստիճանի, որ Շահումյան2 220/110/10 ԿՎ լարման ենթակայանում գործողության մեջ է մտել հակավթարային ավտոմատիկան՝ ԲԱՀԱ-ն(Բեռի անջատման հատուկ ավտոմատիկա), անջատելով Կիլիկյա 1, Կիլիկյա 2, Կենտրոնական1, Կենտրոնական2, Շենգավիթ1, Շենգավիթ2, Շահումյան1, Աշտարակ 110 ԿՎ լարման օդային գծերը (հոսանքազրկելով այդ գծերից սնվող հազարավոր սպառողների) և դրանով իսկ կանխարգելելով վթարի հետագա տարածումը, ինչի հետևանքով այլապես էներգոհամակարգից կանջատվեր արդեն ՀԱԷԿ-ը և կգնար ամբողջ էներգոհամակարգի մարում։
  • Ամբողջ հանրապետության տարածքում Ընկերությանը պատկանող, ֆիզիկապես մաշված և ժամանակին չվերակառուցված 6/10 Կվ լարման բազմաթիվ օդային գծերի առկայությամբ պայմանավորված տեղի են ունեցել հաճախակի վթարային անջատումներ, որի հետևանքով աճող պարբերականությամբ հանրապետության ողջ տարածքում հոսանքազրկվել են մեծաթիվ սպառողներ, այդ թվում՝ դպրոցներ, հիվանդանոցներ, մշակույթի կենտրոններ, համայնքային ադմինիստրատիվ կառավարման ենթակայության շենքեր, ընդհուպ՝ ՀՀ կառավարության շենք-շինություններ։
  1. Ընկերության բաշխման ցանցում ամբողջ հանրապետությունով մեկ, հատկապես 6/10 և 04 Կվ լարման մակարդակներում, առկա է լարման կարգավորման անբավարար վիճակ, Ընկերության կողմից չի ապահովվում նորմատիվներով ամրագրված լարման մակարդակները, ինչն էլ իր հերթին բերում է հազարավոր սպառողների կենցաղային սարքավորումների և սարքվածքների վնասման։
  2. Ընկերության կողմից իր ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված ոչ բավարար կազմակերչական և կառավարման ջանքերի ներդրումը։ Այսպես, դեռևս 25012010 թվականին «ԲԷՑ» ՓԲԸ-ի, «ՀԷՑ» ՓԲԸ-ի և «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի միջև կազմվել է եռակողմ արձանագրություն առ այն, որ «ԲԷՑ» ՓԲԸ-ն պարտավորվում է «Հաղթանակ» 220/10 ԿՎ լարման ենթակայանում կատարել ներդրումներ և վերակառուցելով այն՝ դարձնել «Հաղթանակ» 220/110/10 ԿՎ լարման ենթակայան։ Նշված աշխատանքները «ԲԷՑ» ՓԲԸ-ն սկսել է 2016 թվականին և ավարտել 2019թ.-ին՝ ենթակայանի վերակառուցման նպատակով ներդնելով 13,6 մլն ԱՄՆ դոլար։ Վերակառուցման աշխատանքների շրջանակում նշված ենթակայանում «ԲԷՑ» ՓԲԸ-ի կողմից ավելացվել է նաև 2 հատ 125000 ԿՎԱ հզորությամբ ավտոտրանսֆորմատորներ և 110 ԿՎ լարման 4 հատ բաց բաշխիչ սարքվածքներ։ «ՀԷՑ» ՓԲԸ-ն ըստ վերը նշված արձանագրությամբ հաստատված սխեմայի՝ այդ ընթացքում պետք է «Հաղթանակ» 220/10 ԿՎ լարման ենթակայանում «մուտք ելք» սխեմայի իրականացմամբ կատարեր «Շահումյան 2» 220/110/10 ԿՎ լարման ենթակայանից դուրս եկող Շենգավիթ 1 և Կենտրոնական 2 110 ԿՎ լարման օդային գծերի միացման աշխատանքները, դրանով իսկ զգալի բեռնաթափելով «Շահումյան 2» 220/110/10 ԿՎ լարման հանգույցային ենթակայանը։ 2018 թվականից ի վեր «ԲԷՑ» ՓԲԸ-ն բազմաթիվ պաշտոնական գրություններով դիմել է «ՀԷՑ» ՓԲԸ-ին նշված արձանագրությամբ իր պարտավորությունները կատարելու խնդրանքով։

Ցավոք, մինչ օրս «ՀԷՑ» ՓԲԸ-ն չի կատարել ստանձնած պարտականությունները, ինչի հետևանքով վթարային ռեժիմներում «Շահումյան 2» 220/110/10 ԿՎ լարման հանգույցային ենթակայանում ավտոտրանսֆորմատորները գերբեռնվում են և հանգեցնում «Կենտրոնական» 110/6 ԿՎ լարման ենթակայանի էլեկտրամատակարարման հուսալիության նվազեցմանը։ Այսինքն՝ այս ամենի արդյունքում, Ընկերության կողմից ժամանակին չիրականացրած աշխատանքների պատճառով նորից, հաճախակի կրկնվող պարբերականությամբ ունենում ենք հազարավոր հոսանքազրկված սպառողներ։

  1. Ընկերության կողմից սպառողներին համատարած անորակ ծառայությունների, սպասարկման որակի պահանջների խախտումների էական աճ, ինչը հիմնավորվում է նախորդ տարիների դիմում-բողոքների, անջատումների քանակի և տևողության, բաժանորդներին վճարվող տույժերի աճով:

Մասնավորապես, համաձայն Ընկերության կողմից Հանձնաժողովին ներկայացրած տեղեկատվության` 2024 թվականին էլեկտրամատակարարման ընդհատումների վերաբերյալ բաժանորդների դիմումները նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել են, գերազանցելով 1.000.000-ը, 2023 թվականին բողոքների թիվը կազմել էր շուրջ 500.000։ Մյուս ակներև ցուցանիշը հանձնաժողովի սահմանած սպասարկման ցուցանիշների խախտման համար վճարվող տույժերի մեծությունն է, որը 2024 թվականին կազմել է շուրջ 205 միլիոն դրամ, նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով գրեթե 2 անգամ, իսկ 2025 թվականի առաջին եռամսյակում վճարված տույժերը արդեն իսկ կազմել են շուրջ 100 միլիոն դրամ։

5 Հաղորդմանը կից ներկայացված հավելվածում նշված են վերջին տարիներին Ընկերության կողմից թույլ տրված խախտումների հիման վրա հարուցված վարչական վարույթների արդյունքում ընդունված որոշումները, որոնց քանակով և բնույթով պայմանավորված Նախարարությունն ունի ողջամիտ կասկած, որ ՀԷՑ ՓԲԸ-ի կողմից թույլ տված խախտումների պարբերաբար կրկնությունը պայմանավորված է Հանձնաժողովի արձանագրած խախտումների հետագա վերացմանն ու կանխմանն ուղղված հնարավոր միջոցառումների ուղղությամբ ոչ բավարար ջանքեր գործադրած լինելու հանգամանքով։

6 Նախարարությունը քաղաքացիների և տնտեսվարողների կողմից ստանում է բազմաթիվ դիմում-բողոքներ իրենց սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման գործընթացների, մասնավորապես ժամկետների խախտման վերաբերյալ։

Չնայած այն հանգամանքին, որ Հանձնաժողովը երկարաձգել է իր կարգավորումներով սահմանվող միացման առավելագույն ժամկետները, այնուամենայնիվ, համաձայն Ընկերության կողմից Հանձնաժողովին ներկայացրած տեղեկատվության՝ 2024 թվականին ներկայացված շուրջ 9800 դիմումների ավելի քան 30%-ը միացվել են սահմանված ժամկետների խախտմամբ։

7 Խնդիրներ են առկա նաև ՀԷՑ-ի գնումների կազմակերպման ընթացակարգերում։ Մասնավորապես, ՀՀ վարչապետի մոտ 2024 թվականի սեպտեմբեի 6-ին կայացած խորհրդակցության ժամանակ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ 2020-2021 թվականների ընթացքում գնումների գործընթացում ընկերությունը մոտ 189 միլիարդ ՀՀ դրամի չափով գնումներ իրականացրել է իր հետ փոխկապակցված 17 կազմակերպություններից, որոնց մեջ եղել են ընդհուպ մինչև 1000 տոկոս մարժայի դեպքեր ( հիմնականում՝ 50-60 տոկոս)։ Միևնույն ժամանակ, ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ պետական բյուջե հնարավոր չվճարված հարկերի մասով իրականացված մշտադիտարկման արդյունքում պարզել է, որ ընկերությունն իր հետ փոխկապակցված և գերշահույթ ստացող ընկերություններից ստանում է իրական արժեքից էական բարձր գներով ապրանքներ և ծառայություններ, ինչը միտված է ընկերության ծախսերի մեծացմանը։ Թեև էլեկտրաէներգիայի սակագների հաշվարկներում որպես իրականացված ներդրումների ծավալի հաշվարկման հիմք ընդունվում են անկախ աուդիտորական կազմակերպության ներկայացրած գները, սակայն նման պարագայում ևս կասկածի տակ է դրվում է ընկերության գործունեությունից բխող հարկահավաքության օրինականությունը՝ քանի որ փաստացի նվազեցվում է շահույթի մակարդակը՝ արհեստականորեն գեներացնելով ավելի մեծ ծախսեր։

8 Ընկերության կողմից մեծ թվով սպառողների հաշվառքի սարքերի նկատմամբ հնարավոր միջամտություններ ու հավելագրումներ։ Համաձայն ՀԷՑ ՓԲ ընկերության կողմից Հանձնաժողովին ներկայացրած տեղեկատվության՝ 2024 թվականին այս խնդրի վերաբերյալ ստացվել է շուրջ 7000 դիմում՝ շուրջ 40%-ով գերազանցելով 2023 թվականին ներկայացված դիմումների թիվը։

9 Ուսումնասիրության կարիք ունի նաև Ընկերության կողմից Հանձնաժողով ներկայացվող տեղեկատվության հավաստիությունը։ Մասնավորապես, չնայած ՀԷՑ-ի կողմից մատուցվող ծառայությունների որակին առնչվող օրեցօր աճող հանրային դժգոհությանը (ինչպես նշվեց 2023 թվականի նկատմամբ 2024 թվականին ստացված բողոքների և սպասարկման որակի խախտումների համար վճարված տույժերը կրկնակի աճել են), Ընկերության կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն՝ էլեկտրամատակարարման ընդհատումների թիվը, հետևաբար նաև մեկ բաժանորդին բաժին ընկնող ընդհատման միջին հաճախականության և տևողության ցուցանիշները նվազել են։

Ընկերության գործունեությանն առնչվող գրեթե բոլոր հիմնային ուղղություններով խնդիրների և խախտումների առկայությունը, դրանց շարունակականությունը, տեմպերի և ծավալների աճը վկայում են այն մասին, որ Ընկերությունում առկա են կազմակերպչական և կառավարման բնույթի համակարգային խնդիրներ, որոնք պարագայում Ընկերությունն ի զորու չէ ապահովելու համակարգի հուսալիությունը և անվտանգությունը, սպառողների իրավունքների և օրինական շահերի ապահովումը: ...»։

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Կառավարության լիազոր մարմնի հաղորդման առկայության դեպքում, որով առերևույթ հիմնավորվում է, որ վտանգվել է կամ կարող է վտանգվել Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, կամ հավանական խախտումը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման, Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ անհապաղ, բայց ոչ ուշ քան հաղորդումը ստանալուց հետո հինգօրյա ժամկետում հարուցվում է վարչական վարույթ: Վարչական վարույթ հարուցելու մասին որոշմամբ կարող են կիրառվել «Էներգետիկայի մասին» օրենքի 52.1-րդ հոդվածով սահմանված կանխարգելիչ միջոցառումները: Սույն մասով սահմանված դեպքում չեն կիրառվում սույն հոդվածով նախատեսված այլ կարգավորումները։

Նշված նորմի բովանդակությունից ուղղակիորեն հետևում է, որ օրենսդիրը, ելնելով ստրատեգիական նշանակություն ունեցող էներգետիկայի բնագավառում սպառողների կենսաապահովման համար առաջնային իրավունքների և էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության կամ հուսալիության երաշխավորման անհրաժեշտությունից, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանել է ընդհանուր վարչարարության կանոններից տարբերվող առանձնահատուկ կարգավորում և որպես պետության կողմից օպերատիվ և արդյունավետ միջամտության գործիք՝ ոլորտը կարգավորող մարմնի ղեկավարին օժտել այնպիսի բացառիկ լիազորություններով, որոնք ենթադրում են վերջինիս կողմից՝

- վարչական վարույթի հարուցում այն դեպքում, երբ Կառավարության լիազոր մարմնի կողմից որոշակի հնարավոր խախտումների վերաբերյալ ներկայացված հաղորդմամբ առերևույթ հիմնավորվում է էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության կամ հուսալիության վտանգումը կամ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտումը կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտումը,

- վարչական վարույթի հարուցման դեպքում «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 52.1-ին հոդվածով նախատեսված կանխարգելիչ միջոցառման (միջոցառումների) կիրառման անհրաժեշտության գնահատում և կիրառման դեպքում դրա (դրանց) ընտրություն։

Վարչական վարույթի հարուցման հարցի որոշման համար Հանձնաժողովի նախագահի կողմից նախևառաջ անհրաժեշտ է գնահատման առարկա դարձնել կառավարության լիազոր մարմնի ներկայացրած հաղորդմամբ նշված փաստերը համարվում են արդյոք՝

- «Էներգետիկայի մասին» օրենքով և Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերով նախատեսված հավանական խախտումներ, որոնք վտանգում կամ կարող են վտանգել Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, հանգեցնում կամ կարող են հանգեցնել մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման,

- վերը նշված բացասական հետևանքներն առերևույթ հիմնավորող, որի դեպքում Հանձնաժողովի նախագահը «կաշկանդված է» վարչական վարույթ հարուցելու պարտականությամբ։

Հետևաբար վերը նշված հանգամանքների ճիշտ գնահատման համար, անհրաժեշտ է անդրադառնալ էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության կամ հուսալիության վտանգման կամ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման դեպքերին առհասարակ, հաղորդմամբ թվարկված արարքների՝ հավանական խախտում հանդիսանալուն, այն է՝ դրանք օրենքի կամ այլ իրավական ակտի պահանջի խախտում հանդիսանալուն։

Անդրադառնալով էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության կամ հուսալիության վտանգման կամ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման դեպքերին առհասարակ, հարկ է արձանագրել հետևյալը․

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ սույն օրենքի իմաստով՝ հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտը (այսուհետ` հանրային ծառայությունների ոլորտ) ներառում է` էներգետիկայի բնագավառը, որը ներառում է էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգերը։

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային ծառայությունների ոլորտում ծագող հարաբերությունները կարգավորվում են Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, «Էներգետիկայի մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Փոստային կապի մասին» օրենքներով (այսուհետ` ճյուղային օրենքներ), այլ օրենքներով և դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից սույն օրենքի դրույթները, հանձնաժողովի ընդունած իրավական ակտերը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում հանձնաժողովն իրավասու է կիրառելու սույն օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները, վերականգնելու մինչև խախտումը եղած դրությունը, կատարելու դրանից բխող գործողություններ (այդ թվում՝ հաշվարկ, վերահաշվարկ և այլն), ինչպես նաև տալ դրանց կամ խախտումը վերացնելու վերաբերյալ հանձնարարականներ՝ հաշվի առնելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առանձնահատկությունները։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված անձանց, «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացում։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված անձանց, սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված արարքը կատարելը, որի հետևանքով վտանգվել է կամ կարող էր վտանգվել համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, կամ այն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման կամ էներգետիկայի բնագավառում այլ լիցենզավորված անձի օրինական շահերի խախտման կամ լիցենզավորված գործունեության խոչընդոտմանը կամ լիցենզիայի պայմանների չկատարմանը կամ ոչ պատշաճ կատարմանը, կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելն առաջացնում է տուգանք՝ քսան միլիոն դրամից քառասուն միլիոն դրամի չափով, կամ լիցենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում։

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված անձանց, կարգավորող հանձնաժողովի՝ էներգետիկայի բնագավառում օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտով սահմանված պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե արարքը չի պարունակում սույն հոդվածի այլ մասերով վարչական իրավախախտման հատկանիշներ, առաջացնում է նախազգուշացում։

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված անձանց, սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված արարքը կատարելը, որի հետևանքով վտանգվել է կամ կարող էր վտանգվել համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, կամ այն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման կամ էներգետիկայի բնագավառում այլ լիցենզավորված անձի օրինական շահերի խախտման կամ լիցենզավորված գործունեության խոչընդոտմանը կամ լիցենզիայի պայմանների չկատարմանը կամ ոչ պատշաճ կատարմանը կամ խոչընդոտել է կարգավորող մարմնի` կարգավորման գործառույթների պատշաճ իրականացմանն առաջացնում է տուգանք՝ տասը միլիոն դրամից քսան միլիոն դրամի չափով, կամ լիցենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում։

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ կայանի կառուցման ժամանակահատվածում էլեկտրական (ներառյալ` էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված) կամ ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի, էլեկտրաէներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձի, էլեկտրաէներգիայի մատակարարման լիցենզիա ունեցող անձի (բացառությամբ էլեկտրաէներգիայի երաշխավորված մատակարարի), գազամատակարարման համակարգի օպերատորի, էլեկտրական էներգիայի (հզորության) կամ ջերմային էներգիայի հաղորդման կամ բնական գազի փոխադրման լիցենզիա ունեցող անձի, մինչև 30 ՄՎտ դրվածքային հզորություն ունեցող կայաններում էլեկտրական էներգիա արտադրող լիցենզավորված անձի կողմից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված արարքը կատարելն առաջացնում է նախազգուշացում։

Նշված նորմի բովանդակությունից հետևում է, որ լիցենզավորված անձի կողմից ինչպես «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, այնպես էլ Հանձնաժողովի՝ էներգետիկայի բնագավառում օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտով սահմանված պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը վտանգում է կամ կարող է վտանգել էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը կամ հանգեցրել է կամ կարող է հանգեցնել մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման։

Այսինքն՝ լիցենզավորված անձի գործողություններով կամ անգործությամբ էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը կարող են վտանգվել կամ մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտում կարող է տեղի ունենալ, եթե վերջինս չի կատարել կամ կատարում կամ ոչ պատշաճ է կատարել ինչպես «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված, այնպես էլ Հանձնաժողովի՝ էներգետիկայի բնագավառում օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտով սահմանված պահանջները։

Անդրադառնալով հաղորդմամբ թվարկված արարքների՝ հավանական խախտում հանդիսանալու հարցին, հարկ է արձանագրել հետևյալը․

  • Կառավարության լիազոր մարմնի հաղորդման հիմքում դրվել են այնպիսի հավանական արարքներ, որոնք, ի թիվս այլ փաստարկների, վերաբերում են՝

- համակարգային վթարներին, այդ վթարների քանակի անթույլատրելի աճին և դրանց հետևանքով մեծ թվով սպառողների հոսանքազրկումներին․

- ֆիզիկապես մաշված և ժամանակին չվերակառուցված բազմաթիվ օդային գծերի առկայությամբ պայմանավորված տեղի ունեցող հաճախակի վթարային անջատումներին․

- ամբողջ հանրապետության տարածքում՝ Ընկերության բաշխման ցանցում առկա լարման կարգավորման անբավարար վիճակին, դրա հետևանքով ՀՀ պետական ստանդարտներով պահանջվող լարման մակարդակները չապահովելուն, և դրա հետևանքով հազարավոր սպառողների կենցաղային սարքավորումների և սարքվածքների վնասմանը․

- Ընկերության կողմից իր իսկ ստանձնած այնպիսի պարտավորությունների չկատարմանը, որոնք հանգեցնում են հաճախակի պարբերականությամբ հազարավոր սպառողների հոսանքազրկմանը․

- Ընկերության կողմից մեծ թվով սպառողների հաշվառքի սարքերի նկատմամբ հնարավոր միջամտություններին ու հավելագրումներին․

- Ընկերության կողմից քաղաքացիների և տնտեսվարողների՝ իրենց սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման գործընթացները սահմանված ժամկետների խախտմամբ իրականացմանը․

- Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վատ որակին․

- Ընկերության կողմից ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելուն։

Այսպես, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանձնաժողովը ճյուղային օրենքներով և դրանց հիման վրա ընդունված՝ հանձնաժողովի իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով, կարգավորվող անձանց գործունեությունը ճյուղային օրենքներին, հանձնաժողովի իրավական ակտերին, լիցենզիայի պայմաններին համապատասխանության ստուգման, հանձնաժողով ներկայացվող հաշվետվությունների և տեղեկատվության հավաստիության, ինչպես նաև սակագների վրա ազդեցություն ունեցող գործոնների գնահատման համար (ծախսեր, ներդրումներ, գնումներ և այլն) իրականացնում է կարգավորվող անձանց գործունեության մոնիտորինգ (այսուհետ՝ մոնիտորինգ)։

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները․ կոպիտ խախտում՝ կոպիտ է համարվում այն խախտումը, որի հետևանքով` - այլ անձանց հասցվել է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով վնաս․

Հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 523-Ն որոշման հավելվածի 170-րդ կետի համաձայն՝ ԷԲՑ կանոնների 162-րդ կետում նշված պայմանագրով նախատեսված կանխավճարի (կառուցապատողի դեպքում՝ Միացման վճարի) վճարման օրվանից, բացառությամբ ԷԲՑ կանոնների 164-րդ կետում նշված դեպքերի, մինչև Դիմող անձին էլեկտրամատակարարման (դրա հնարավորության) ապահովման առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել՝

1) Բաշխման ցանցին 0,22 կՎ լարմամբ պարզեցված միացման դեպքում` 15 աշխատանքային օրը, Բաշխման ցանցին 0,22 կՎ լարմամբ միացման մնացած բոլոր դեպքերում` 50 օրը,

2) Բաշխման ցանցին 0,4 կՎ լարմամբ պարզեցված միացման դեպքում` 15 աշխատանքային օրը, Բաշխման ցանցին 0,4 կՎ լարմամբ միացման մնացած բոլոր դեպքերում` 55 օրը,

3) Բաշխման ցանցին 6(10) կՎ լարմամբ միացման դեպքում` 90 օրը,

4) Բաշխման ցանցին 35կՎ լարմամբ կամ կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի միացման դեպքում` 290 օրը։

Նույն հավելվածի 213-րդ կետի համաձայն՝ ԷԲՑ կանոնների 210-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո Բաշխողը ապահովում է կայանի միացումը Բաշխման ցանցին հետևյալ ժամկետներում՝

1) 15 աշխատանքային օրում՝ 0.22, 0.4, 6(10) և 35 կՎ լարմամբ միացման դեպքում,

2) 40 աշխատանքային օրում՝ 110 կՎ և ավելի բարձր լարմամբ միացման դեպքում։

Հավելվածի 236-րդ կետի համաձայն՝ առևտրային հաշվառքի սարքերի (բացառությամբ՝ սպառողի սեփականությունը հանդիսացող 6 կՎ և բարձր լարման հոսանքի ու լարման չափիչ տրանսֆորմատորների) ձեռքբերման, տեղակայման, փոխարինման և շահագործման (ներառյալ` սպասարկման, աշխատանքի ճշտության ստուգման, ստուգաչափման, նորոգման և պահպանման) ծախսերն ու պատասխանատվությունը` անկախ դրանց պատկանելությունից, կրում է Բաշխողը, բացառությամբ ԷԲՑ կանոնների 270 և 271 կետերով սահմանված դեպքերի։

Ընկերության №0092 լիցենզիայի պայմանների 22-րդ կետի համաձայն՝ լիցենզավորված անձը պարտավոր է ապահովել Սպառողների (Բաժանորդների) հուսալի էլեկտրամատակարարումը՝ ըստ լիցենզիայում նախատեսված ցուցանիշների։

Նույն լիցենզիայի պայմանների 37-րդ կետի համաձայն՝ լիցենզավորված անձը պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած լիցենզավորված գործունեության մասին հաշվետվությունների և այլ տեղեկատվության հավաստիության համար։

Վերը նշված նորմերի բովանդակությունից հետևում է, որ Ընկերությունը կրում է սպառողների (բաժանորդների) հուսալի էլեկտրամատակարարումն ապահովելու, սահմանված ժամկետում սպառողների միացումը բաշխման ցանցին ապահովելու, առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտությունն ապահովելու, Հանձնաժողովին հավաստի տեղեկություններ հայտնելու պարտավորություններ։

Վերը նշված փաստական հանգամանքների և կիրառման ենթակա իրավանորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ՝

- Ընկերությունը կրում է սպառողների (բաժանորդների) հուսալի էլեկտրամատակարարումն ապահովելու, սահմանված ժամկետում սպառողների միացումը բաշխման ցանցին ապահովելու, առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտությունն ապահովելու, Հանձնաժողովին հավաստի տեղեկություններ հայտնելու պարտավորություններ.

- հաղորդմամբ ներկայացված արարքները, ըստ էության, վերաբերում են նշված պարտավորությունների չկատարմանը և այդ իմաստող համարվում հավանական խախտումներ.

- հաղորդմամբ ներկայացված հավանական խախտումները կարող են վկայել լիցենզավորված անձի կողմից ինչպես «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, այնպես էլ Հանձնաժողովի՝ էներգետիկայի բնագավառում օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտով սահմանված պահանջը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մասին:

Վերը նշվածի հաշվառմամբ հաղորդմամբ ներկայացված հավանական խախտումները կարող են վտանգած լինել կամ վտանգել Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, կամ հավանական խախտումները կարող են հանգեցրած լինել կամ կարող են հանգեցնել մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման։

Գտնում եմ, որ «առերևույթ» եզրույթի կիրառմամբ օրենսդիրը սահմանել է վարչական վարույթի հարուցման հիմքի գնահատման ցածր շեմ, որի պայմաններում վարչական վարույթ հարուցելու համար չի պահանջվում հաղորդման մեջ նշված հնարավոր խախտումների և դրանցից բխող բացասական հետևանքների հաստատում թույլատրելի և վերաբերելի ապացույցներով։ Այսինքն՝ հաղորդումը պետք է դրանում նշված փաստարկների հաշվառմամբ բավարար լինի առանց լրացուցիչ գործողություններ կատարելու գալ եզրահանգման առ այն, որ առկա են Հանձնաժողովի լիազորությունների շրջանակներում պարզման և գնահատման ենթակա հնարավոր հանգամանքներ։

Հետևաբար հաշվի առնելով ողջ վերոգրյալը, գտնում եմ, որ առկա է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված վարչական վարույթի հարուցման հիմք։ Մասնավորապես՝ հաղորդմամբ նշված արարքները հանդիսանում են և/կամ կարող են հանդիսանալ Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը վտանգող, մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերը կամ լիցենզիայի պայմանները կոպիտ խախտող արարքներ, իսկ այդպիսի արարքները հանդիսանում են այնպիսի խախտումներ, որոնք կարող են վրա հասնել կամ վրա հասած լինել ինչպես «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի, այնպես էլ Հանձնաժողովի՝ էներգետիկայի բնագավառում օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտով սահմանված պահանջը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով։ Նման պայմաններում գտնում եմ, որ հաղթահարված է օրենքով նախատեսված՝ վարչական վարույթի հարուցման հիմքի գնահատման նվազագույն շեմը։

 

Անդրադառնալով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 52.1-ին հոդվածով նախատեսված կանխարգելիչ միջոցառման (միջոցառումների) կիրառման անհրաժեշտության գնահատմանը և կիրառման անհրաժեշտության դեպքում դրա (դրանց) ընտրությանը, հարկ է արձանագրել հետևյալը․

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ ․․․ Վարչական վարույթ հարուցելու մասին որոշմամբ կարող են կիրառվել «Էներգետիկայի մասին» օրենքի 52.1-րդ հոդվածով սահմանված կանխարգելիչ միջոցառումները:

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 52.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ․․․ Կանխարգելիչ միջոցառումների կիրառման դեպքում, ի թիվս այլնի, հաշվի են առնվում նաև լիցենզավորված անձի կողմից նախկինում կատարված խախտումների քանակը, հաճախականությունը կամ բնույթը։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածով սահմանված կարգով Հանձնաժողովի նախագահը իրավասու է կիրառել հետևյալ կանխարգելիչ միջոցառումներից մեկը կամ մի քանիսը միասին.

1) սահմանել առերեւույթ խախտումների վերացման կամ դրանց հետեւանքների վերացման ծրագիր եւ լիցենզավորված անձից պահանջել իրականացնել դրանով սահմանված միջոցառումները.

2) հրավիրել լիցենզավորված անձի կառավարման բարձրագույն մարմնի ժողով՝ Հանձնաժողովի նախագահի կողմից սահմանված օրակարգով.

3) պահանջել Հանձնաժողովի նախագահի սահմանած ժամկետում կատարել լիցենզավորված անձի կանոնադրության փոփոխություն եւ գրանցել կանոնադրության փոփոխությունները.

4) պահանջել Հանձնաժողովի նախագահի սահմանած ժամկետում կատարել լիցենզավորված անձի կառավարման մարմինների անդամի կամ անդամների փոփոխություն.

5) նշանակել լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարիչ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայեցողական լիազորությունն օրենքով վարչական մարմնին վերապահված իրավունք է` ընտրելու մի քանի հնարավոր իրավաչափ լուծումներից որևէ մեկը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայեցողական լիազորություն իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր։

Վերը նշված նորմերի բովանդակությունից հետևում է, որ.

1) կանխարգելիչ միջոցառում կիրառելու լիազորությունը Հանձնաժողովի նախագահին վերապահված է օրենքով,

2) կանխարգելիչ միջոցառում կիրառելու լիազորությունը հանգում է մի քանի լուծումներից մեկն ընտրելու և այն իրացնելու` Հանձնաժողովի նախագահի հնարավորությանը,

3) Հանձնաժողովի նախագահի կողմից ընտրվող և իրացվող բոլոր լուծումները պետք է լինեն իրավաչափ. Հանձնաժողովի նախագահի կողմից ընտրված կանխարգելիչ միջոցառումը պետք է ամրագրված լինի օրենքով և ուղղված լինի օրենքով հետապնդվող նպատակներին:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է նաև, որ հայեցողական լիազորություն իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ: Նշված իրավադրույթից հետևում է, որ Հանձնաժողովի նախագահը կանխարգելիչ միջոցառում կիրառելիս կաշկանդված է նաև հայեցողության այն նպատակով, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ամրագրված է հայեցողություն վերապահող օրենքում: Այսինքն` Հանձնաժողովի նախագահը կանխարգելիչ միջոցառում կիրառելիս պետք է պարզի իրեն կանխարգելիչ միջոցառում կիրառելու լիազորություն վերապահող օրենքի նպատակը և իր լիազորությունն իրականացնի օրենքի սահմաններում` այդ նպատակին հասնելուն ուղղված միջոցների օգտագործմամբ (նման իրավական դիրքորոշում է հայտնել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 22042016 թվականին ՎԴ/6329/05/12 վարչական գործով կայացված որոշմամբ

Վերոգրյալ նորմի բովանդակությունից հետևում է նաև, որ օրենսդիրը Հանձնաժողովի նախագահին օժտել է որոշակի հանգամանքների առերևույթ առկայության հիմքով կանխարգելիչ միջոցառումներ կիրառելու հայեցողական լիազորությամբ։ Հատկանշական է, որ նախագահը <<կաշկանդված է>> հաղորդման բնույթով, բովանդակությամբ, դրանով թվարկված հնարավոր խախտումների բնույթով, տեսակով և քանակով, հաշվի առնելով կանխարգելիչ միջոցառում ձեռնարկելով հետապնդվող ողջամիտ նպատակը և այն կիրառելու հիմքում հաղորդման առկայության պարտադիրությունը։ Հանձնաժողովի նախագահը կանխարգելիչ միջոցառում ձեռնարկելիս չի կարող դուրս գալ հաղորդման առարկայի շրջանակից։

Այսինքն՝ օրենսդիրը Հանձնաժողովի նախագահին վարույթի հարուցման փուլում <<զրկել է>> հաղորդմամբ ներկայացված խախտումների գոյությունը կամ օրենքով թվարկված մյուս բացասական հետևանքների վրա հասնելու հնարավորությունը կասկածի տակ դնելու հնարավորությունից այն պայմաններում, երբ հաղթահարվել է վարույթի հարուցման նվազագույն, և Հանձնաժողովի լիազորությունների շրջանակներում պարզման և գնահատման ենթակա հնարավոր հանգամանքների առկայության ողջամիտ կասկածի շեմը, փոխարենն օժտել է հաղորդմամբ ներկայացված խախտումների կամ օրենքով թվարկված մյուս բացասական հետևանքների քանակի, բնույթի հաշվառմամբ դրանց շարունակականությունը, ինչպես նաև էներգետիկ համակարգի հուսալիությանը սպառնացող հնարավոր վտանգները կանխելուն ուղղված քայլեր ձեռնարկելու լիազորությամբ։

Նման պայմաններում Հանձնաժողովի նախագահը, կասկածի տակ չդնելով հաղորդման բովանդակությունը, դրա հաշվառմամբ իրավասու է գնահատել՝ հաղորդման մեջ առկա է արդյոք այն քանակի կամ բնույթի արարքներ և հնարավոր ռիսկեր, որոնք հիմք կարող են հանդիսանալ կանխարգելիչ միջոցառում ձեռնարկելու համար։

Նշված հանգամանքների ճիշտ գնահատման համար անհրաժեշտ է անդրադառնալ էլեկտրաէներգետիկական համակարգում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության դերին և նշանակությանը, Ընկերության դերի հաշվառմամբ հաղորդմամբ թվարկված արարքների նշանակությանն ու էլեկտրաէներգետիկական համակարգի վրա դրանց հնարավոր ազդեցությանը, ինչպես նաև «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 52.1-ին հոդվածով նախատեսված կանխարգելիչ միջոցառման (միջոցառումների) կիրառման անհրաժեշտության գնահատմանը և կիրառման անհրաժեշտության դեպքում դրա (դրանց) ընտրությանը։

Անդրադառնալով էլեկտրաէներգետիկական համակարգում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության դերին և նշանակությանը, հարկ է արձանագրել հետևյալը․

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձն ունի Հայաստանի Հանրապետության որոշակի տարածքում սպառողներին էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման և բաշխման ցանցի կարգավարման բացառիկ իրավունք։

Նույն օրենքի 38․2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում է մատուցելու էլեկտրական էներգիայի մատակարարման ծառայություն բոլոր այն սպառողներին, որոնք չեն օգտվում այլ մատակարարի ծառայությունից, կամ որոնց ընտրած մատակարարի կողմից էլեկտրական էներգիայի մատակարարում չի իրականացվում՝ սպառողից անկախ պատճառներով։

Նշված նորմերից հետևում է, որ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձն ունի Հայաստանի Հանրապետության տարածքում սպառողներին էլեկտրական էներգիայի բաշխման և բաշխման ցանցի կարգավարման բացառիկ իրավունք, ինչպես նաև էլեկտրական էներգիայի բաշխման ցանց կառուցելու (վերակառուցելու) իրավունք, իսկ Էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձը՝ էլեկտրական էներգիայի մատակարարման ծառայություն մատուցելու իրավունք բոլոր այն սպառողներին, որոնք չեն օգտվում այլ մատակարարի ծառայությունից, կամ որոնց ընտրած մատակարարի կողմից էլեկտրական էներգիայի մատակարարում չի իրականացվում՝ սպառողից անկախ պատճառներով։

Հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի օգոստոսի 30-ի N 56Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման N 0092 լիցենզիայի պայմանները հաստատելու մասին» №79Ա որոշմամբ հաստատվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա տրամադրելու մասին» N 56Ա որոշմամբ տրված էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման N 0092 լիցենզիայի պայմանները, իսկ 2018 թվականի դեկտեմբերի 21-ի ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման լիցենզիա տրամադրելու մասին» № 748-Ա որոշմամբ տրվել է էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման լիցենզիա, և այդ լիցենզիայի գործողության ժամկետը Հանձնաժողովի 2025 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 21-ի №748-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» №209-Ա որոշմամբ երկարաձգվել է մինչև 2029 թվականի փետրվարի 1-ը։

Նշված փաստերի, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի և 38․2-րդ հոդվածի 1-ին մասի համադրումից հետևում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ որպես ողջ հանրապետությունով մեկ էլեկտրական էներգիայի բաշխման և երաշխավորված մատակարարի բացառիկ գործառույթներ իրականացնող լիցենզավորված անձ, իրավունք և պարտավորություն ունի անխափան և որակյալ էլեկտրաէներգիա մատակարարել ողջ ազգաբնակչությանը և վերջինիս արդյունավետ և իրավաչափ վարքագծից է մեծապես կախված ոչ միայն ընկերության բնականոն գործունեության ապահովումը, այլև ողջ էլեկտրաէներգետիկական համակարգի կայունությունը, հուսալիությունն ու անվտանգությունը, միլիոնավոր սպառողների համար կենսապահովման առաջնային նշանակության ծառայության՝ անխափան և որակյալ էլեկտրական էներգիայի մատակարարման երաշխավորումը։

Անդրառանալով Ընկերության դերի հաշվառմամբ հաղորդմամբ թվարկված արարքների նշանակությանն ու էլեկտրաէներգետիկական համակարգի վրա դրանց հնարավոր ազդեցությանը, հարկ է արձանագրել հետևյալը

Վերը նշվածի և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասի բովանդակության համադրումից հետևում է, որ հաղորդմամբ ներկայացված հավանական խախտումները կարող են վկայել լիցենզավորված անձի կողմից ինչպես «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, այնպես էլ Հանձնաժողովի՝ էներգետիկայի բնագավառում օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտով սահմանված պահանջը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մասին։

Կարևոր է ընդգծել, որ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածն ուղղված է լիցենզավորված անձանց՝ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև Հանձնաժողովի՝ էներգետիկայի բնագավառում օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտով սահմանված պահանջներին համապատասխանող գործունեությունը երաշխավորելուն, իսկ գործունեության՝ նշված պահանջներին չհամապատասխանելու դեպքում արարքին համարժեք պատասխանատվության միջոց կիրառելուն, ինչն ինքնին հանդիսանում է համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, սպառողների իրավունքները կամ օրինական շահերն ապահովող իրավական երաշխիք։

Հետևաբար հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հաղորդմամբ ներկայացված արարքները, ըստ էության, վերաբերում են վերը նշված օրենքներով և իրավական ակտերով նախատեսված պարտավորությունների չկատարմանը, այսինքն՝ հաղորդմամբ ներկայացված արարքները հանդիսանում են հավանական խախտումներ, հաղորդմամբ առերևույթ հիմնավորվում է, որ վտանգվել է և/կամ կարող է վտանգվել Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ մաս կազմող էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգությունը և/կամ հուսալիությունը, կամ հավանական խախտումը հանգեցրել է և/կամ կարող է հանգեցնել մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման։

Ուստի այն պայմաններում, երբ հաղորդմամբ թվարկվել են մի շարք հավանական խախտումներ, որոնք և՛ բազմաբնույթ են, և՛ վերաբերում են մեծ թվով սպառողների, և՛ ընդգրկում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը, Ընկերության՝ էլեկտրաէներգետիկական համակարգում ունեցած դերի հաշվառմամբ վերջինիս կողմից «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և/կամ Հանձնաժողովի՝ էներգետիկայի բնագավառում օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտով սահմանված պահանջները հավանական չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կարող է վտանգել ողջ հանրապետությունով մեկ էլեկտրական էներգիայի բաշխման և երաշխավորված մատակարարի բացառիկ գործառույթների պատշաճ իրականացումը, այդ թվում՝ ազգաբնակչությանն անխափան և որակյալ էլեկտրաէներգիա մատակարարումը։

Ընկերության դերի հաշվառմամբ հաղորդմամբ թվարկված արարքները կարող են մի խումբ սպառողների իրավունքները կամ օրինական շահերը կամ լիցենզիայի պայմանները կոպիտ խախտող կամ Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը վտանգող նշանակություն ունենալ, ուստի էլեկտրաէներգետիկական համակարգի վրա դրանց հնարավոր ազդեցությունը կարող է լինել խիստ բացասական․ այն է՝ կարող է վտանգվել ինչպես ողջ ազգաբնակչության անխափան և որակյալ էլեկտրամատակարարումը, այնպես էլ էլեկտրաէներգետիկական համակարգի կայունությունը, հուսալիությունն ու անվտանգությունը։

 

  • Հանձնաժողովի նախագահը կարող է և օրենքով կանխորոշված նպատակների հաշվառմամբ պետք է կիրառի կանխարգելիչ միջոց հաղորդմամբ հիմնավորվող այն դեպքերում, երբ առկա է ողջամիտ անհրաժեշտություն կանխել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված որևէ բացասական հետևանքի վրա հասնելու կամ դրանք շարունակելու հնարավորությունը։ Այսինքն՝ կանխարգելիչ միջոցը՝ որպես Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ համակարգի անվտանգության կամ հուսալիության վտանգումը կամ վտանգված վիճակի շարունակությունը, մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման շարունակությունը, ինչպես նաև լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման կրկնության հնարավորությունը կամ հավանականությունը կանխող բացառիկ գործիք կարող է կիրառվել ինչպես որևէ բացասական հետևանքի վրա հասնելը, այնպես էլ արդեն իսկ առերևույթ վրա հասած բացասական հետևանքների կրկնությունը կանխելու իրավաչափ և բացառիկ նպատակով։

Անդրադառնալով կանխարգելիչ միջոցառումների կիրառելիությանը գտնում եմ, որ՝

- հաղորդմամբ թվարկված խախտումների ենթադրյալ առկայությունը և դրանցում Ընկերության մեղավորությունը դեռևս հաստատված չլինելու պայմաններում «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 52.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված կանխարգելիչ միջոցառումը ո՛չ առանձին, ո՛չ այլ կանխարգելիչ միջոցառման հետ համատեղ սույն դեպքում կիրառելի չէ, քանի որ այդ կերպ, ըստ էության, Ընկերության վրա կարող են դրվել նաև իր կողմից չկատարված խախտումների վերացման և/կամ դրանց հետևանքների վերացման պահանջներ, ինչը նման միջոցառման ձեռնարկումը կդարձնի ինքնանպատակ, Ընկերության համար կառաջացնի հնարավոր ոչ իրավաչափ գործողություններ կատարելու պարտականություն․

- «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 52.1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված կանխարգելիչ միջոցառումը ո՛չ առանձին, ո՛չ այլ կանխարգելիչ միջոցառման հետ համատեղ սույն դեպքում կիրառելի չէ, քանի որ հաղորդմամբ թվարկված ենթադրյալ խախտումների առկայությունը հաստատված չլինելու, դրանք հաստատվելու դեպքում դրանց իրական և խորքային պատճառները բացահայտված չլինելու, դրանցում Ընկերության կառավարման բարձրագույն մարմնի դերը և գործառույթները դեռևս պարզված չլինելու և թվարկված պատճառներով Հանձնաժողովի նախագահի կողմից օրակարգ սահմանելու անհնարինության պայմաններում նման միջոցառման ձեռնարկումը չի հետապնդի որևէ նպատակ, ուստի և չի լինի պիտանի և անհրաժեշտ․

- «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 52.1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված կանխարգելիչ միջոցառումը ո՛չ առանձին, ո՛չ այլ կանխարգելիչ միջոցառման հետ համատեղ սույն դեպքում կիրառելի չէ, քանի որ հաղորդման բնույթը, դրանով թվարկված ենթադրյալ խախտումների բնույթը և առկայությունը, ըստ էության, չեն ենթադրում դրանց՝ գործող կանոնադրության ուղղակի հետևանքը հանդիսանալու և դրանով պայմանավորված՝ կանոնադրությունը փոփոխելու անհրաժեշտություն, ուստի նման միջոցառման ձեռնարկումը ևս չի հետապնդի որևէ նպատակ, չի լինի պիտանի և անհրաժեշտ․

- «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 52.1-ին հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված կանխարգելիչ միջոցառումը ո՛չ առանձին, ո՛չ այլ կանխարգելիչ միջոցառման հետ համատեղ սույն դեպքում կիրառելի չէ, քանի որ Ընկերության կառավարման մարմինների որևէ անդամի կամ որոշ անդամների փոփոխություն կարող է տեղի ունենալ, երբ հաղորդմամբ առերևույթ հիմնավորվի Ընկերության կառավարման մարմինների կոնկրետ անդամի կամ կոնկրետ անդամների փոփոխության անհրաժեշտությունը, այն է՝ կոնկրետ անձանց կողմից կոնկրետ խախտումներ կատարված լինելու, այդ խախտումների կամ որևէ գործողության արդյունքում Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը վտանգվելու, կամ հավանական խախտումը մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման հանգեցնելու դեպքում․

- «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 52.1-ին հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված կանխարգելիչ միջոցառումն սույն դեպքում կիրառելի է հետևյալ պատճառաբանությամբ․

Օրենսդիրը որպես կանխարգելիչ միջոցառում լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարիչ նշանակելու իրավական հնարավորություն նախատեսելով նպատակ է հետապնդել լիցենզավորված անձի հնարավոր վատ կամ անարդյունավետ կառավարման հետևանքով Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ մաս կազմող էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգությունը և/կամ հուսալիությունը վտանգված լինելու կամ նման վտանգի հավանականության, կամ հավանական խախտումներով մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման կամ նման հավանականության դեպքերում ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հասնել դրանց շարունակության բացառմանը և/կամ կանխմանը։

Ինչպես վերը նշվեց հաղորդմամբ առերևույթ հիմնավորվում է, որ վտանգվել է և/կամ կարող է վտանգվել Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ մաս կազմող էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգությունը և/կամ հուսալիությունը, կամ հավանական խախտումները հանգեցրել են և/կամ կարող են հանգեցնել մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման։

Ողջ վերը նշվածի համշվառմամբ գտնում եմ, որ առկա է Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ մաս կազմող էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգությունը և/կամ հուսալիությունը վտանգված լինելու դեպքում դրա շարունակությունը բացառելու, վտանգվելու հավանականությունը չեզոքացնելու, մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման շարունակությունը բացառելու կամ նման բացասական հետևանքի վրա հասնելու հավանականությունը կանխելու անհրաժեշտություն։

Ինչպես հաղորդման բովանդակությունից, այնպես էլ դրանով թվարկված հնարավոր խախտումների քանակից և բովանդակությունից հետևում է, որ թվարկված արարքները հանդիսանում են կամ կարող են հանդիսանալ Ընկերության՝ ողջ ազգաբնակչության անխափան և որակյալ էլեկտրամատակարարումը, էլեկտրաէներգետիկական համակարգի կայունությունը, հուսալիությունն ու անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ որակին չբավարարող կառավարման հետևանք։ Մասնավորապես՝ հաղորդմամբ վկայակոչվել են Ընկերության կողմից թույլ տրված մի շարք տարաբնույթ հնարավոր խախտումներ, որոնք ընդգրկում են Ընկերության տարբեր գործառույթներ, որոնց ամբողջությունը ենթադրում է նրա հիմնական գործունեությունը։

Ավելին՝ հաղորդմամբ հայտնված հնարավոր խախտումները՝ հաստատվելու դեպքում կկրկնեն նախկինում Ընկերության կողմից կատարված խախտումները, մասնավորապես՝ ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացրած լինելու խախտում թույլ տրված լինելու մասով։ Նման խախտման առկայությունը կարող է խոչընդոտել կարգավորող մարմնի` կարգավորման գործառույթների պատշաճ իրականացմանը։

Ընկերության կողմից հաղորդմամբ նշված հավանական խախտումները ողջամտորեն կարող են լինել ինչպես էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգությունը և/կամ հուսալիությունը ապահովող անհրաժեշտ քայլերի և միջոցների առաջնահերթությունների սխալ գնահատման հետևանք, այնպես էլ որոշված առաջնահերթությունների իրագործմանն ուղղված գործողությունների ոչ ճիշտ կազմակերպման հետևանք։ Նման եզրահանգումը բխում է նաև այն տրամաբանությունից, որ ամբողջ Ընկերության կառավարման հետ կապված խնդիրների բացակայությունը չի կարող հանգեցնել Ընկերության բացառիկ իրավունքների (նաև պարտականությունների) հավանական այնպիսի չկատարման կամ թերացումներով կատարման, որը կընդգրկի հանրապետության ողջ տարածքը, կշոշափի մեծ թվով քաղաքացիների իրավունքներ և օրինական շահեր, հաղորդմամբ ներկայացված տարաբնույթ գործառույթներ։

Միևնույն ժամանակ հարկ է արձանագրել, որ կանխարգելիչ միջոցառման կիրառումը պետք է բխեցվի նաև սուբյեկտի՝ Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ մաս կազմող էլեկտրաէներգետիկական համակարգում ունեցած դերից։ Ուստի, Ընկերության գործառույթներով պայմանավորված դերի բացառիկությունը, այդ թվում՝ նրա անփոխարինելիության հանգամանքը թույլ են տալիս առնվազն Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական ողջ համակարգի հուսալիությունը վտանգված լինելու կամ նման վտանգի հավանականությունը կանխելու՝ օրենքով հետապնդվող նպատակով կիրառել հենց «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 52.1-ին հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված կանխարգելիչ միջոցառումը։

Ողջ վերոգրյալից հետևում է, որ անհրաժեշտ է հարուցել վարչական վարույթ ինչպես «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի, այնպես էլ Հանձնաժողովի՝ էներգետիկայի բնագավառում օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտով սահմանված պահանջների հնարավոր խախտման փաստերի ուսումնասիրության նպատակով և կիրառել «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 52.1-ին հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված կանխարգելիչ միջոցառում, այն է՝ նշանակել լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարիչ։

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 52.1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ժամանակավոր կառավարիչ կարող է նշանակվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և էներգետիկայի բնագավառում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման կամ համակարգման ոլորտներում առնվազն երեք տարվա մասնագիտական փորձ, կամ այն անձը, որն առնվազն երեք տարի գործունեություն է ծավալել նշված ոլորտներում։

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ժամանակավոր կառավարիչ նշանակելու դեպքում հանձնաժողովի նախագահը վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին որոշմամբ պետք է սահմանի նաև այն ժամանակահատվածը, որի ընթացքում գործելու է ժամանակավոր կառավարիչը, որը կարող է սահմանվել ոչ ավել, քան մինչև վարույթի արդյունքով ընդունված վարչական ակտն ուժի մեջ մտնելը:

Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ ժամանակավոր կառավարչի գործունեության դիմաց վարձատրությունն իրականացվում է լիցենզավորված անձի հաշվին՝ հանձնաժողովի նախագահի սահմանած չափով։

Նշված նորմերի բովանդակությունից ուղղակիորեն հետևում է, որ ոչ ավելի, քան մինչև վարույթի արդյունքով ընդունված վարչական ակտն ուժի մեջ մտնելը ժամանակավոր կառավարիչ կարող է նշանակվել ցանկացած անձ, ով ունի բարձրագույն կրթություն և էներգետիկայի բնագավառում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման կամ համակարգման ոլորտներում առնվազն երեք տարվա մասնագիտական փորձ, կամ այն անձը, որն առնվազն երեք տարի գործունեություն է ծավալել նշված ոլորտներում։ Ժամանակավոր կառավարչի գործունեության դիմաց վարձատրությունն իրականացվում է լիցենզավորված անձի հաշվին՝ հանձնաժողովի նախագահի սահմանած չափով։

Ելնելով վերը նշվածից, հիմք ընդունելով Ռոմանոս Պետրոսյանի 2025 թվականի հուլիսի 18-ի համաձայնությունը, գտնում եմ, որ Ընկերության ժամանակավոր կառավարիչ պետք է նշանակել Ռոմանոս Վանիչկայի Պետրոսյանին (նույնականացման քարտ՝ թիվ ---------, տրված՝ ----ի կողմից --․--․---- թվականին, վավեր է մինչև --․---․---- թվականը), հաշվի առնելով վերջինիս՝ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 52.1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխանելու հանգամանքը (հիմք՝ Երևանի պետական համալսարանի --․--․---- թվականի թիվ ------- դիպլոմ, ------------- աշխատանքային գրքույկ)։ Հարկ է արձանագրել, որ Ռոմանոս Վանիչկայի Պետրոսյանն ի պաշտոնե իրականացրած լինելով վերահսկողական գործառույթներ, իր կառավարչական որակներով ևս ամբողջությամբ համապատասխանում է ժամանակավոր կառավարչի դերից բխող չափանիշներին։

Միաժամանակ հաշվի առնելով Ընկերության դերը, հաղորդմամբ թվարկված հնարավոր խախտումների քանակը, բնույթը, գտնում եմ, որ ժամանակավոր կառավարիչ պետք է նշանակել մինչև սույն վարչական վարույթի արդյունքով ընդունված վարչական ակտն ուժի մեջ մտնելը։

Ուստի, հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, 36-րդ հոդվածի 9-րդ մասը, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 52.1-ին հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը, 4-րդ, 5-րդ և 8-րդ մասերը և հիմք ընդունելով որոշումը ժամանակավոր կառավարչի հետ համաձայնեցված լինելու հանգամանքը, որոշում եմ՝

1. Կառավարության լիազոր մարմնի կողմից 2025 թվականի հուլիսի 15-ին ներկայացված հաղորդման հիմքով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ հարուցել վարչական վարույթ ինչպես «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի, այնպես էլ Հանձնաժողովի՝ էներգետիկայի բնագավառում օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտով սահմանված պահանջների հնարավոր խախտման փաստերի ուսումնասիրության նպատակով և Ռոմանոս Վանիչկայի Պետրոսյանին (նույնականացման քարտ՝ թիվ ---------, տրված՝ ----ի կողմից --․--․---- թվականին, վավեր է մինչև --․--․---- թվականը) նշանակել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ժամանակավոր կառավարիչ մինչև սույն որոշմամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտի ուժի մեջ մտնելը։

2. Ժամանակավոր կառավարչի վարձատրության չափ սահմանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի վարձատրության չափը։

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հանձնաժողովի նախագահին կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
       ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
               ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                    Մ. ՄԵՍՐՈՊՅԱՆ

 

 

 

ք.Երևան

18 հուլիսի 2025թ.