Բովանդակություն
600.0232.26.08․26

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 օգոստոսի 2026 թվականի № 232-Ա
ք. Երևան
«ԷԿՈ ԷՆԵՐՋԻ ԻՄՊՈՐՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
«ՍԱՐԱԼԱՆՋ 2» ԱՐԵՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ
(ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը, 23-րդ և 35-րդ հոդվածները, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն որոշմամբ հաստատված՝ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը և հաշվի առնելով «ԷԿՈ ԷՆԵՐՋԻ ԻՄՊՈՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2026 թվականի օգոստոսի 3-ի հայտը և ի լրումն օգոստոսի 5-ի և օգոստոսի 20-ի գրությունները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- «ԷԿՈ ԷՆԵՐՋԻ ԻՄՊՈՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել «Սարալանջ 2» արևային էլեկտրակայանում (Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի վարչական տարածքում (գյուղ Սարավան)) էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա՝ մինչև 2048 թվականի օգոստոսի 27-ը գործողության ժամկետով, որից կառուցման ժամանակահատվածը՝ մինչև 2028 թվականի օգոստոսի 27-ը, առանց «Էներգետիկայի մասին» օրենքով սահմանված էլեկտրաէներգիայի գնման երաշխիքի:
- Հաստատել «ԷԿՈ ԷՆԵՐՋԻ ԻՄՊՈՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Սարալանջ 2» արևային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի պայմանները՝ համաձայն հավելվածի:
- «ԷԿՈ ԷՆԵՐՋԻ ԻՄՊՈՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ընդունել ի գիտություն, որ պարտավոր է «Էներգետիկայի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի «ա1» և «ա2» կետերի համաձայն՝ արտադրության լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի (այդ թվում՝ դրանցով ամրագրված իրավունքների) փոփոխության դեպքում նախապես, այդ մասին իրեն հայտնի չլինելու դեպքում տեղեկանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում, իսկ արտադրության լիցենզիա ստանալու, այդ թվում՝ արտադրության (վերակառուցման) ժամանակահատված ամրագրելու համար անհրաժեշտ իրավունքն օրենսդրությամբ սահմանված կարգով դադարելու դեպքում (այդ թվում՝ իրավունքը հավաստող փաստաթղթի գործողության ժամկետը չերկարաձգվելու դեպքում) այդ մասին տեղեկանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ներկայացնելով փոփոխության հիմնավորումները և փոփոխված փաստաթղթերը։
- Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի օգոստոսի 27-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Մ. ՄԵՍՐՈՊՅԱՆ
ք. Երևան
26 օգոստոսի 2026 թ.

