Բովանդակություն
600.0267.04.07․18

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
4 հուլիսի 2018 թվականի №267Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին» №378Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններում (այսուհետ՝ Կանոններ), կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
- Կանոնների 2-րդ կետի 11-րդ ենթակետում «փականը» բառից հետո լրացնել «, ժամանակավոր Բաժանորդի դեպքում՝ Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին ապօրինի միացման կետը» բառերը.
- Կանոնների 11-րդ կետում «հավելվածի» բառը փոխարինել «№1 հավելվածի» բառերով.
- Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ գլխով.
«ԳԼՈՒԽ 2.1 ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՄԻԱՑՈՒՄԸ
24.1. Մատակարարի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի №658Ն որոշմամբ սահմանված կարգով Խմելու ջրի ապօրինի սպառում և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերի ապօրինի օգտագործում հայտնաբերվելու դեպքում Մատակարարի և Խմելու ջրի ապօրինի սպառում և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերի ապօրինի օգտագործում իրականացրած բնակչի (այսուհետ՝ ժամանակավոր Բաժանորդ) համաձայնությամբ, Կանոններով նախատեսված կարգով և ժամկետով կարող է կնքվել Կանոնների №2 հավելվածով սահմանված օրինակելի ձևին համապատասխան ժամանակավոր Պայմանագիր (այսուհետ՝ Ժամանակավոր պայմանագիր)։
24.2. Ժամանակավոր պայմանագիր կնքելու նպատակով Մատակարարի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի №658Ն որոշման համաձայն կազմված արձանագրության վերաբերյալ պատշաճ ծանուցվելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավոր Բաժանորդը, Նոր միացման և Ժամանակավոր պայմանագիր կնքելու համար, Կանոններով սահմանված կարգով Մատակարարին է ներկայացնում դիմում՝ կցելով նաև Խմելու ջրի ապօրինի սպառման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերի ապօրինի օգտագործման դիմաց սույն կետում նշված որոշման համաձայն հաշվարկված գումարի վճարումը հավաստող փաստաթղթի կամ Մատակարարի հետ կազմված վճարման ժամանակացույցի պատճենը:
24.3. Կանոնների 24.2 կետով սահմանված ժամկետի ավարտից հետո դիմումը ներկայացնելու դեպքում Մատակարարը մերժում է Ժամանակավոր պայմանագրի կնքումը։
24.4. Կանոնների 24․2 կետում նշված դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Մատակարարն արտաքին զննության է ենթարկում Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին ապօրինի միացումը, ապօրինի միացման կետում տեղակայում է Առևտրային հաշվառքի սարք, որի տրամագիծը չի կարող գերազանցել 15մմ-ն, և ժամանակավոր Բաժանորդին ներկայացնում է Ժամանակավոր պայմանագիր կնքելու առաջարկ։ Առևտրային հաշվառքի սարքի տեղակայման հետ կապված բոլոր ծախսերը՝ բացառությամբ Առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման ծախսից (կրում է Մատակարարը), կրում է ժամանակավոր Բաժանորդը։
24.5. Ժամանակավոր Բաժանորդը Մատակարարից միակողմանի կնքված Ժամանակավոր պայմանագիրն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում Մատակարարին է ներկայացնում իր կողմից ստորագրված Ժամանակավոր պայմանագրի մեկ օրինակը: Ժամանակավոր Բաժանորդի կողմից ստորագրված Ժամանակավոր պայմանագրի մեկ օրինակը սույն կետով սահմանված ժամկետում Մատակարարին չներկայացվելու դեպքում Ժամանակավոր պայմանագրի կնքման առաջարկը համարվում է չընդունված:
24.6. Կանոնների 24.4 կետով նախատեսված զննության արդյունքում ապօրինի միացման կետում Առևտրային հաշվառքի սարքի տեղակայման անհնարինության կամ ապօրինի միացմամբ Ծառայությունների ժամանակավոր մատուցման արդյունքում Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի վնասման, օգտագործվող Խմելու ջրի որակի շեղման և այլ հնարավոր ռիսկերի առկայության դեպքում ժամանակավոր Բաժանորդին տրվում է համապատասխան հիմնավորմամբ գրավոր պատասխան` մերժելով Ժամանակավոր պայմանագրի կնքումը:
24.7. Ժամանակավոր պայմանագրի գործողության ժամկետում Կանոններով սահմանված սպասարկման որակի ցուցանիշները Մատակարարի բավարար հիմնավորումների դեպքում կարող են չապահովվել:
24.8. Ժամանակավոր պայմանագրի գործողության ժամկետը չի կարող գերազանցել 90 աշխատանքային օրը, իսկ եթե Նոր համակարգի ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգերից մեկի երկարությունն առանձին վերցրած գերազանցում է 500 մետրը և (կամ) անհրաժեշտ է կառուցել պոմպակայան՝ 150 աշխատանքային օրը։
24.9. Պայմանագիր կնքելու կամ Կանոնների 24․8 կետում նշված ժամկետը լրանալու պահից Ժամանակավոր պայմանագիրը համարվում է լուծված, և Մատակարարը պարտավոր է անմիջապես դադարեցնել Ժամանակավոր պայմանագրի շրջանակում Ծառայությունների մատուցումը ժամանակավոր Բաժանորդի հաշվին:
24․10. Ժամանակավոր պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգում և կրկնակի կնքում չի թույլատրվում:
24․11. Մատակարարը Ժամանակավոր պայմանագրերի մասով վարում է առանձնացված հաշվառում:».
- Կանոնների 51-րդ կետի 3-րդ ենթակետում «Հաշվարկային ամսում Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակը (մ3) և դրա դիմաց վճարման ենթակա գումարը (Հայաստանի Հանրապետության դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը),» բառերը փոխարինել «Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված Ծառայությունների սակագինը (Հայաստանի Հանրապետության դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը), քանակը (մ3) և դրա դիմաց վճարման ենթակա գումարը (Հայաստանի Հանրապետության դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը), այդ թվում՝ տարանջատված ըստ մատուցված Ծառայությունների տեսակների, Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց սուբսիդիայի առկայության դեպքում Հաշվարկային ամսվա համար հաշվարկված սուբսիդիայի գումարը (Հայաստանի Հանրապետության դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը), այդ թվում՝ տարանջատված ըստ մատուցված Ծառայությունների տեսակների,» բառերով.
- Կանոնների «Միացման պայմանագիր №__»՝
ա․ հավելվածում «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների» բառերից առաջ «Հավելված» բառը փոխարինել «Հավելված №1» բառերով.
բ․ հավելվածի 7-րդ կետից հանել «և Դիմող անձի №2 հավելվածով նախատեսված տեխնիկական պայմանների ու №1 հավելվածով նախատեսված խոշորացված նախահաշվի կազմման համար վճարած 2000 դրամը» բառերը․
- Կանոնները լրացնել «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ժամանակավոր պայմանագիր» №2 հավելվածով՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 1-ին կետի 4-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝ Մ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ք. Երևան
4 հուլիսի 2018թ.

