600.0093.26.0325

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 2025 թվականի №93-Ա

ք. Երևան

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՈՒԳԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հաշվի առնելով, որ՝

1) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2024 թվականի սեպտեմբերի 12-ի №ՍՇ/34.3-Ղ4-4/4319-2024 գրությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունից (այսուհետ՝ Ընկերություն) պահանջվել է Հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն՝ 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշմամբ հաստատված՝ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը գործող խմբագրությամբ՝ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնների (այսուհետ՝ ԷՄԱ կանոններ) 107-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի համաձայն՝ 2025 թվականի փետրվարի 1-ից մատակարար ընտրելու կամ որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու պարտավորություն ունեցող սպառողների վերաբերյալ, ինչպես նաև 6(10) կՎ և բարձր լարման այն սպառողների վերաբերյալ, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց 6(10) կՎ և բարձր լարման բոլոր առևտրային հաշվառքի սարքերով ունեցել են 500 հազար կՎտժ և ավելի սպառում։ Մասնավորապես, Ընկերությունից պահանջվել է Հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն վերջին 12 ամիսների ընթացքում նշված սպառողների քանակի և վերջիններիս կողմից սպառված էլեկտրական էներգիայի տարեկան ծավալների վերաբերյալ՝ համաձայն Հանձնաժողովի կողմից ներկայացված ձևաչափի,

2) Ընկերությունը 2024 թվականի սեպտեմբերի 19-ի №Ե-3890-24 գրությամբ Հանձնաժողով է ներկայացրել տեղեկատվություն առ այն, որ 2024 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ անկախ լարման մակարդակից նախորդ օրացուցային տարում 1 միլիոն և ավելի կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում են ունեցել 394 սպառող (214-ը այդ պահի դրությամբ դեռևս մրցակցային շուկայում չեն), որից 302-ը 6 (10) կՎ լարման սպառողներ են։ Միաժամանակ, նույն գրությամբ ներկայացվել է, որ նույն ամսաթվի դրությամբ 6 (10) կՎ և բարձր լարման այն սպառողների քանակը, որոնք իրենց 6 (10) կՎ և բարձր լարման բոլոր առևտրային հաշվառքի սարքերով նախորդ օրացուցային տարում ունեցել են 500 հազար կՎտժ-ից մինչև 1 միլիոն կՎտժ սպառում, կազմել է 448,

3) Ընկերությունը 2024 թվականի սեպտեմբերի 20-ի №Ե-3912-24 գրությամբ Հանձնաժողով է ներկայացրել տեղեկատվություն առ այն, որ 2024 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ անկախ լարման մակարդակից նախորդ օրացուցային տարում 1 միլիոն և ավելի կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում են ունեցել 457 սպառող (306-ը այդ պահի դրությամբ դեռևս մրցակցային շուկայում չեն), այդ թվում՝ 283-ը 6 (10) կՎ լարման սպառողներ են։ Միաժամանակ, նույն գրությամբ ներկայացվել է, որ նույն ամսաթվի դրությամբ 6 (10) կՎ և բարձր լարման այն սպառողների քանակը, որոնք իրենց 6 (10) կՎ և բարձր լարման բոլոր առևտրային հաշվառքի սարքերով նախորդ օրացուցային տարում ունեցել են 500 հազար կՎտժ-ից մինչև 1 միլիոն կՎտժ սպառում, կազմել է «240708,991»,

4) ի լրումն Հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 12-ի №ՍՇ/34.3-Ղ4-4/4319-2024 և ի պատասխան Ընկերության 2024 թվականի սեպտեմբերի 20-ի №Ե-3912-24 գրությունների՝ Հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 17-ի №ՍՇ/34.3-Մ4-9/4923-2024 գրությամբ Ընկերությունից պահանջվել է Հանձնաժողով ներկայացնել 2025 թվականի փետրվարի 1-ից շուկա մուտք գործելու պարտադրանք ունեցող թվով 306 սպառողներից այն սպառողների ցանկը, որոնց ներքո առկա են ենթասպառողներ, ինչպես նաև ենթասպառող ունեցող այն սպառողների ցանկը, որոնց էլեկտրական էներգիայի հաշվառման համակարգերը չեն համապատասխանում Հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №522-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոններով (այսուհետ՝ ԷՀՑ կանոններ) սահմանված պահանջներին՝ համաձայն Հանձնաժողովի կողմից մշակված ձևաչափի,

5) Ընկերությունը 2024 թվականի հոկտեմբերի 30-ի №Ե-4659-24 գրությամբ տեղեկացրել է, որ համապատասխան ձևաչափով տեղեկատվությունը ուղարկվել է psrcinfo@psrc.am էլեկտրոնային հասցեին,

6) Հանձնաժողովի 2024 թվականի նոյեմբերի 5-ի №ՍԱ/34.3-Մ2-10/5211-2024 գրությամբ Ընկերությանը տեղեկացվել է, որ շուկա դուրս եկող սպառողների հաշվառման համալիրների՝ ԷՀՑ կանոններին համապատասխանության հարցն ուսումնասիրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման Գործակալության Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) կողմից, որի արդյունքում պարզվել է հետևյալը.

ա. ԷՄԱ կանոնների համաձայն՝ 2025 թվականի փետրվարի 1-ից որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու կամ մատակարար ընտրելու պարտավորություն ունեն 227 սպառող՝ ընդհանուր 451 առևտրային հաշվառման սարքերով: Նշված 451 հաշվառման սարքերից ԷՀՑ կանոնների պահանջներին են համապատասխանում 223-ը: Այդ սպառողների ենթասպառող հանդիսացող սպառողների հաշվառման սարքերը 1067-ն են, որոնցից ԷՀՑ կանոնների պահանջներին են համապատասխանում միայն 393-ը,

բ. 2025 թվականի փետրվարի 1-ից որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու կամ մատակարար ընտրելու հնարավորություն ունեն հիշյալ 227 սպառողներից միայն 112-ը՝ ընդհանուր 194 հաշվառման կետերով, և այդ սպառողների ենթասպառող հանդիսացող սպառողները՝ ընդհանուր 384 հաշվառման կետերով։

Արդյունքում, 115 սպառողներ, այսինքն՝ ընդհանուր թվի կեսից ավելին, ընդամենը 228 հաշվառման կետերով, և ենթասպառողներ՝ 674 հաշվառման կետերով, առևտրային հաշվառքի սարքերն ԷՀՑ կանոններին չհամապատասխանելու պատճառով չեն կարողանա ստանալ որակավորված սպառողի կարգավիճակ կամ ընտրել մատակարար և կատարել ԷՄԱ կանոնների անցումային դրույթների պահանջը։ Հաշվի առնելով նշվածը՝ Հանձնաժողովը պահանջել է մեկշաբաթյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնել ԷՄԱ կանոնների հիշյալ կետի կատարման ընթացքի, այդ թվում՝ մինչև գրությունն ուղարկելու պահն այդ ուղղությամբ իրականացված և մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը նախատեսվող աշխատանքների վերաբերյալ,

7) Ընկերությունը 2024 թվականի նոյեմբերի 12-ի №Ե-4844-24 գրությամբ տեղեկացրել է, որ 2025 թվականի փետրվարի 1-ից շուկա դուրս գալու պարտավորություն ունեն 227 սպառող, որոնք ունեն 451 առևտրային հաշվառման համալիր, որից 223-ն ընթերցվում է բաշխողի էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում (այսուհետ՝ ԲԷԱՀ)։ Նշված 451 սպառողներն ունեն 1067 ենթասպառող, որոնց մասով 2024 թվականի նոյեմբերի 11-ի դրությամբ առկա է հետևյալ իրավիճակը․

  • 125 ենթասպառող չգործող են կամ դրանց էլեկտրական էներգիայի հաշվառումն իրականացվում է առանց հաշվիչի,

  • 183 ենթասպառողի հաշվիչներն ընթերցվում են ԲԷԱՀ-ի կողմից,

  • 200 ենթասպառողի հաշվիչները փոխարինված են և դրանց մասով իրականացվում են ԲԷԱՀ-ին միացման աշխատանքներ,

  • 74 ենթասպառողի հաշվիչները համապատասխանում են ԷՀՑ կանոնների պահանջներին, սակայն այդ ենթասպառողների մասով ԲԷԱՀ համակարգին միացման աշխատանքները դեռ չեն մեկնարկել,

  • 16 ենթասպառող հանդիսանում են Նաիրիտ գործարանի ենթասպառողներ, որը ֆինանսական իրավիճակով պայմանավորված շուկա դուրս չի գալու, և նշված հաշվիչները կփոխարինվեն ներքոնշյալ 469 հաշվիչները փոխարինելուց հետո,

  • 469 ենթասպառողի հաշվիչները չեն համապատասխանում շուկայի կանոններին և ենթակա են փոխարինման։

Միաժամանակ, Ընկերությունը նշել է, որ կան բաժանորդներ, որոնց հաշվիչների փոխարինման կամ ԲԷԱՀ-ին միացման ժամանակ առաջանում են առանձնահատուկ լուծումներ պահանջող իրավիճակներ, որպես օրինակ՝ նշելով «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» և «Ռիո» փակ բաժնետիրական ընկերությունները։ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությունն ունի 49 ենթասպառող, որոնց հաշվիչները պետք է փոխարինվեն համապատասխան հաշվիչներով, սակայն դրանց մեծ մասի տեղակայման վայրերում բացակայում է որևէ կապ (թե՛ բջջային, թե՛ օպտիկական), և առանց հատուկ լուծումների այդ հաշվիչները փոխարինելուց հետո հնարավոր չէ միացնել ԲԷԱՀ-ին։ «Ռիո» փակ բաժնետիրական ընկերությունն ունի փոխարինման ենթակա 98 հաշվիչ, սակայն պահանջվում է փոխարինումն իրականացնել ժամը 22։00-ից հետո կամ մինչև ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում։

Ընկերությունը նշել է նաև, որ վերոնշյալին գումարվում են նաև Հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների (այսուհետ՝ ԷԲՑ կանոններ) 257-րդ կետի պահանջներին համապատասխան վճարումների դիմաց այլ բաժանորդների հաշվիչների փոխարինման աշխատանքների իրականացումը, մասնավորապես, կապի օպերատորների կողմից կապի կայանների առևտրային հաշվիչների փոխարինման վճարումներով պայմանավորված՝ վերջին ամիսներին նկատվում է նման վճարումների զգալի աճ։ Սակայն, նման քանակի հաշվիչների փոխարինումը նախատեսված չի եղել Ընկերության կողմից, և ներկայումս՝ վերջինս չունի համապատասխան քանակի հաշվիչներ և մոդեմներ, որոնց ձեռք բերումն, ըստ նախնական հաշվարկների, կպահանջի շուրջ 4 ամիս ժամանակ, իսկ Ընկերության պահեստներում առկա մոդեմներն ու հաշվիչները նախատեսվել են տեղադրել հիշյալ 469 ենթաբաժանորդների հաշվառման համալիրներում։ Մինչդեռ, մեծաքանակ վճարումների դեպքում՝ վտանգվում են և՛ ԷԲՑ կանոնների 258-րդ կետով սահմանված ժամկետների պահպանման պարտավորությունը, և՛ հիշյալ 469 ենթաբաժանորդների հաշվիչների փոխարինման և ԲԷԱՀ-ին միացման ժամկետները,

8) Ընկերությունն, ի լրումն 2024 թվականի նոյեմբերի 12-ի №Ե-4844-24 գրության, 2024 թվականի դեկտեմբերի 6-ի №Ե-5289-24 գրությամբ տեղեկացրել է, որ Ընկերության կողմից ևս մեկ անգամ ուսումնասիրվել է Հանձնաժողովի 2024 թվականի նոյեմբերի 5-ի №ՍԱ/34.3-Մ2-10/5211-2024 գրությամբ ներկայացված՝ Ծրագրի կողմից Հանձնաժողով ներկայացրած ցուցակը, որի արդյունքում պարզվել է, որ այն չի ներառում մի շարք բաժանորդներ, որոնք, համաձայն ԷՄԱ կանոնների, 2025 թվականի փետրվարի 1-ից պետք է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում հանդես գան որպես որակավորված սպառող կամ ընտրեն մատակարար։ Մասնավորապես, Ծրագրի կողմից ներկայացված սպառողների քանակը պետք է ավելանա ևս 37-ով, որոնք ունեն 10 008 հաշվիչ, որից միայն 3407-ն է ներառված ԲԷԱՀ-ում։ Նշված 37 սպառողների էլեկտրատեղակայանքներից են սնվում 1114 ենթաբաժանորդ, որոնցից 235-ի էլեկտրական էներգիայի սպառումը հաշվարկվում է առանց հաշվիչի, 174 ենթաբաժանորդներ ընդգրկված են ԲԷԱՀ-ում կամ միացման աշխատանքներ են ընթանում։ Ընկերությունը միաժամանակ նշել է, որ տեղյակ չէ, թե հիշյալ 37 սպառողներն ինչ քանակով և երբ են կատարելու հաշվիչների փոխարինման և ԲԷԱՀ-ին միացման վճարումները և արդյոք հնարավոր կլինի սահմանված ժամկետներում կատարել նշված մեծաքանակ հաշվիչների փոխարինումը,

9) Ընկերությունն, ի լրումն 2024 թվականի դեկտեմբերի 6-ի №Ե-5289-24 գրության, 2024 թվականի դեկտեմբերի 11-ի №ԴՂ-3976 գրությամբ՝ տրամադրել է 2025 թվականի փետրվարի 1-ից ԷՄԱ կանոնների համաձայն որակավորված սպառող ճանաչվելու կամ մատակարար ընտրելու պարտավորություն ունեցող սպառողների ցանկը, համաձայն որի՝ փոխարինման ենթակա հաշվիչների քանակը 10 775 է,

10) Ընկերությունը 2024 թվականի դեկտեմբերի 18-ի №Ե-5502-24 գրությամբ՝ Հանձնաժողով է ներկայացրել տեղեկանք՝ 6 (10) կՎ լարումով 1 հաշվիչով 1 միլիոն կՎտժ-ից ավելի սպառում ունեցող 364 ենթասպառողներով 159 սպառողների, 6 (10) կՎ լարումով բոլոր հաշվիչներով 1 միլիոն կՎտժ-ից ավելի սպառում ունեցող 1486 ենթասպառողներով 1707 սպառողների և անկախ լարման մակարդակից բոլոր հաշվիչներով 1 միլիոն կՎտժ-ից ավելի սպառում ունեցող 817 ենթասպառողներով 9125 սպառողների վերաբերյալ։ Միաժամանակ, Ընկերությունը տեղեկացրել է, որ 6 (10) կՎ լարումով բոլոր հաշվիչներով տարեկան մինչև 12 000 կՎտժ սպառում ունեցող սպառողների քանակը 289 է, որոնք ունեն 468 ենթասպառող, իսկ բոլոր լարումներով բոլոր հաշվիչներով մինչև 12 000 կՎտժ ծախս ունեցող սպառողների քանակը 4291 է,

11) ի լրումն 2024 թվականի դեկտեմբերի 18-ի №Ե-5502-24 գրության՝ Ընկերությունը 2024 թվականի դեկտեմբերի 19-ի №04-ԿՀ-04/1850 գրությամբ Հանձնաժողով է ներկայացրել 2024 թվականի դեկտեմբերի 18-ի №Ե-5502-24 գրությամբ ներկայացված սպառողների և նրանց էլեկտրակայաններից սնվող ենթասպառողների բացված ցանկը,

12) ի լրումն 2024 թվականի դեկտեմբերի 19-ի №04-ԿՀ-04/1850 գրության՝ Ընկերությունը 2024 թվականի դեկտեմբերի 23-ի №Ե-5561-24 գրությամբ Հանձնաժողով է ներկայացրել պահանջվող տեղեկատվության թարմացված վերջնական տարբերակը, համաձայն որի՝ 6 (10) կՎ լարման 1 հաշվիչով 1 միլիոն կՎտժ-ից ավել սպառում ունեցող հաշվիչների թիվը 163 է, որից փոխարինման ենթակա է 57-ը, 6 (10) կՎ բոլոր հաշվիչներով գումարային 1 միլիոն կՎտժ-ից ավել սպառում ունեցող հաշվիչների թիվը 1906 է, որից փոխարինման ենթակա է 1163-ը, և անկախ լարման մակարդակից բոլոր հաշվիչներով 1 միլիոն կՎտժ-ից ավելի սպառում ունեցող հաշվիչների թիվը 11675 է, որից փոխարինման ենթակա է 7502-ը,

13) Հանձնաժողովը, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, 2025 թվականի հունվարի 16-ից հարուցել է վարչական վարույթ Ընկերության նկատմամբ՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի №79-Ա որոշմամբ հաստատված՝ «Ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիայի պայմանների» (այսուհետ՝ Լիցենզիայի պայմաններ) 37-րդ և 38-րդ կետերի հնարավոր խախտման փաստի ուսումնասիրության նպատակով, որի վերաբերյալ Ընկերությունը ծանուցվել է Հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 16-ի №ՄՄ/34.3-Ղ4-4/207-2025 գրությամբ։ Նույն գրությամբ Ընկերությունը տեղեկացվել է նաև, որ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ վարչական վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքն ապահովելու նպատակով, նույն հոդվածին համապատասխան, անհրաժեշտ է վերը նշված գրությունն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում ներկայացնել վարույթում քննարկվող հարցի վերաբերյալ Ընկերության պարզաբանումը,

14) Ընկերությունն իր 2025 թվականի հունվարի 30-ի №Ե-255-25 գրությամբ՝ խնդրել է 5 աշխատանքային օրով հետաձգել Հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 16-ի №ՄՄ/34.3-Ղ4-4/207-2025 գրությամբ նշված ժամկետը՝ ելնելով հարուցված վարչական վարույթում քննարկվող հարցի վերաբերյալ լրացուցիչ ուսումնասիրություններ իրականացնելու անհրաժեշտությունից,

15) Ընկերությունը 2024 թվականի փետրվարի 5-ի №Ե-339-25 գրությամբ՝ Հանձնաժողով է ներկայացրել վարչական վարույթի շրջանակներում քննարկվող հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը, մասնավորապես, նշելով հետևյալը․ «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Շուկայի օպերատոր) 2024 թվականի ապրիլի 5-ի №125ՄՄ գրությամբ Ընկերությանը խնդրել է ներկայացնել տեղեկատվություն՝ Հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման 107-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերին համապատասխանող սպառողների վերաբերյալ։ Վկայակոչված իրավանորմի համաձայն՝ երաշխավորված մատակարարի հետ էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր ունեցող սպառողները (բացառությամբ՝ բնակչության և արտադրողի, ԷՄՇ կանոնների համաձայն, պարտավոր են իրենց տվյալ լարման հաշվառման կետերի մասովստանալ որակավորված սպառողի կարգավիճակ կամ ԷՄԱ կանոնների համաձայն ընտրել մատակարար (առկայության դեպքում) հետևյալ ժամկետներում.

ա․ 6 (10) կՎ լարման այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց 6(10) կՎ լարման բոլոր առևտրային հաշվառքի սարքերով ունեցել են 1 միլիոն կՎտժ և ավելի սպառում՝ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը,

բ․ այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր առևտրային հաշվառքի սարքերով՝ անկախ լարման մակարդակից, տարեկան ունեցել են 1 միլիոն կՎտժ և ավելի սպառում՝ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը։

Վերոգրյալ իրավանորմի բովանդակությունը նվազագույնը տարընկալման տեղիք է տալիս այն համատեքստում, թե արդյոք քննարկվող իրավակարգավորումը վերաբերում է նույն իրավաբանական անձին պատկանող բոլոր առևտրային հաշվառքի սարքերից 1 միլիոն կՎտժ և ավելի սպառում ունեցող հաշվառքի սարքին, թե նույն իրավաբանական անձին պատկանող հաշվառքի սարքերով արձանագրված էլեկտրական էներգիայի հանրագումարին։

Ընկերությունը քննարկվող նորմը մեկնաբանելով այն համատեքստում, որ անհրաժեշտ է տրամադրել այն իրավաբանական անձանց մասին տեղեկատվություն, որոնք իրենց առևտրային հաշվառքի սարքերով գերազանցել են 1 միլիոն կՎտժ սպառումը, 2024 թվականի մայիսի 3-ի №ԴՂ-1631 գրությամբ Շուկայի օպերատորին է ներկայացրել պահանջվող տեղեկատվությունը։ Ընդ որում, Շուկայի օպերատորի կամ համակարգի օպերատորի կողմից Ընկերություն որևէ առարկություն չի ներկայացվել տրամադրված տեղեկատվության բովանդակության կամ դրա ոչ բավարար լինելու վերաբերյալ, ինչն էլ մեկնաբանվել է, որ Ընկերության կողմից առնվազն բովանդակային առումով ապահովվել է պահանջվող տեղեկատվության պատշաճ տրամադրումը։

Հանձնաժողովը 2024 թվականի սեպտեմբերի 12-ի №ՍՇ/34.3-Ղ4-4/4319-2024 գրությամբ Ընկերությունից ևս պահանջել է հնարավորինս սեղմ ժամկետներում Հանձնաժողով ներկայացնել նախորդ 12 ամիսների ընթացքում ԷՄԱ կանոնների համաձայն պարտադիր մրցակցային շուկա դուրս եկող սպառողների քանակի և վերջիններիս սպառման տարեկան ծավալների վերաբերյալ տեղեկատվություն՝ համաձայն մշակված ձևաչափի։

Ընկերությունը 2024 թվականի սեպտեմբերի 20-ին Հանձնաժողով հասցեագրված №Ե-3912-24 գրությամբ՝ ներկայացրել է պահանջվող տեղեկատվությունը, ըստ մշակված ձևաչափի, հիմք ընդունելով Շուկայի օպերատորի արդեն իսկ ներկայացված տեղեկատվությունը։

Ըստ էության, Ընկերության կողմից 2024 թվականի մայիսի 3-ի №ԴՂ-1631 գրությամբ Շուկայի օպերատորին և 2024 թվականի սեպտեմբերի 20-ի №Ե-3912-24 գրությամբ Հանձնաժողովին ներկայացվել է նույնաբովանդակ տեղեկատվություն նախորդ 12 ամիսների ընթացքում 1 միլիոն կՎտժ և ավել սպառում ունեցող սպառողների վերաբերյալ՝ ղեկավարվելով քննարկվող իրավանորմի բառացի մեկնաբանությամբ։

Այնուհետև, Շուկայի օպերատորը, ի լրումն 2024 թվականի ապրիլի 5-ի №125ՄՄ գրության, 2024 թվականի սեպտեմբերի 23-ին Ընկերությանը հասցեագրված №321ՄՄ գրությամբ, ինչպես նաև Հանձնաժողովի և Շուկայի օպերատորի հետ աշխատանքային կարգով տեղի ունեցած քննարկումների արդյունքում, հստակեցրել է, որ, ի լրումն նախորդ տեղեկատվության, անհրաժեշտ է ներկայացնել նաև նույն իրավաբանական անձին պատկանող բոլոր առևտրային հաշվառքի սարքերի վերաբերյալ տեղեկատվություն, եթե վերջինիս առևտրային հաշվառքի սարքերով նախորդ օրացուցային տարում սպառված էլեկտրական էներգիայի հանրագումարը գերազանցում է 1 միլիոն կՎտժ, անկախ յուրաքանչյուրի անհատական սպառման ծավալից։

Հիմք ընդունելով ներկայացված գրություններով պահանջվող տեղեկատվության տրամադրման վերաբերյալ տրված լրացուցիչ պարզաբանումները՝ ինչպես նաև, հաշվի առնելով 2024 թվականի 1 միլիոն կՎտժ և ավել սպառում ունեցող յուրաքանչյուր սպառողի առևտրային հաշվառքի սարքերի տվյալների հավաքագրման ժամանակատարությունը՝ Ընկերության կողմից ամբողջական ուսումնասիրություններն իրականացնելուց և անհրաժեշտ տվյալները հավաքագրելուց հետո 2024 թվականի դեկտեմբերի 6-ի №Ե-5289-24 և 2025 թվականի հունվարի 15-ի №ԴՂ-14 գրություններով համապատասխանաբար Հանձնաժողովին և Շուկայի օպերատորին է ներկայացվել ամբողջական տեղեկատվություն։

Վերոգրյալի հիման վրա, ըստ ընկերության, բացակայում է իր կողմից Լիցենզիայի պայմանների 37-րդ և 38-րդ կետով սահմանված պահանջների խախտման փաստը, քանի որ Հանձնաժողովի կողմից բարձրացված հարցի առնչությամբ Ընկերության կողմից այնուհանդերձ տրվել է սպառիչ և բովանդակային պատասխան։

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովը վարչական վարույթ կարող է չհարուցել, իսկ հարուցված վարչական վարույթը կարճել, եթե՝ մինչև պատասխանատվության միջոց կիրառելու մասին Հանձնաժողովի որոշման ընդունումը կարգավորվող անձը վերացրել է թույլ տված խախտումը, և եթե դրա հետևանքով չի վտանգվել և չէր կարող վտանգվել համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, այն ուղղակիորեն չի հանգեցրել մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման, լիցենզիայի (թույլտվության) պայմանների կոպիտ խախտման, այլ կարգավորվող անձի օրինական շահերի խախտման, կարգավորվող գործունեության խոչընդոտման կամ լիցենզիայի (թույլտվության) պայմանների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, և առկա չէ խախտման կատարման կրկնակիություն։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ընկերության կողմից Հանձնաժողովին է ներկայացվել 2024 թվականի սեպտեմբերի 12-ի №ՍՇ/34.3-Ղ4-4/4319-2024 գրությամբ պահանջվող ամբողջական տեղեկատվությունը՝ դրանով իսկ վերացնելով Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթների համար հիմք հանդիսացող խախտման փաստը, ինչպես նաև Ընկերության կողմից վերոնշյալ խախտման փաստի հետևանքով չի վտանգվել և չէր կարող վտանգվել համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, ինչպես նաև այն ուղղակիորեն չի հանգեցրել մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման, Ընկերությունը խնդրել է կարճել իր նկատմամբ 2025 թվականի հունվարի 16-ին հարուցված վարչական վարույթը,

16) «Էներգետիկայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից Օրենքի դրույթները, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում Հանձնաժողովն իրավասու է կիրառելու Օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները, վերականգնելու մինչև խախտումը եղած դրությունը, կատարելու դրանից բխող գործողություններ (այդ թվում՝ հաշվարկ, վերահաշվարկ և այլն), ինչպես նաև՝ տալ դրանց կամ խախտումը վերացնելու վերաբերյալ հանձնարարականներ՝ հաշվի առնելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքով սահմանված առանձնահատկությունները,

17) Օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ էներգետիկայիբնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձի կողմից, բացառությամբ՝ Օրենքի 42-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված անձանց, Հանձնաժողովի՝ էներգետիկայի բնագավառում օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտով սահմանված պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե արարքը չի պարունակում Օրենքի 42-րդ հոդվածի այլ մասերով վարչական իրավախախտման հատկանիշներ, առաջացնում է նախազգուշացում,

18) Օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ էներգետիկայիբնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձի կողմից, բացառությամբ՝ Օրենքի 42-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված անձանց, Օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված արարք կատարելը, որի հետևանքով վտանգվել է կամ կարող էր վտանգվել համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, կամ այն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման կամ էներգետիկայի բնագավառում այլ լիցենզավորված անձի օրինական շահերի խախտման կամ լիցենզավորված գործունեության խոչընդոտմանը կամ լիցենզիայի պայմանների չկատարմանը կամ ոչ պատշաճ կատարմանը կամ խոչընդոտել է կարգավորող մարմնի` կարգավորման գործառույթների պատշաճ իրականացմանն, առաջացնում է տուգանք՝ տասը միլիոն դրամից քսան միլիոն դրամի չափով, կամ լիցենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում,

19) ԷՄՇ կանոնների 3-րդ կետի համաձայն՝ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նպատակն է՝ ապահովել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի աստիճանական ազատականացումը՝ խթանելով նոր մասնակիցների մուտքը մեծածախ շուկա,

20) ԷՀՑ կանոնների 38-րդ գլխով սահմանված են հաշվառման համալիրներին ներկայացվող պահանջները,

21) ԷՄԱ կանոնների 107-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի համաձայն՝ 6 (10) կՎ լարման այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց 6(10) կՎ լարման բոլոր առևտրային հաշվառքի սարքերով ունեցել են 1 միլիոն կՎտժ և ավելի սպառում, ինչպես նաև այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր առևտրային հաշվառքի սարքերով՝ անկախ լարման մակարդակից, տարեկան ունեցել են 1 միլիոն կՎտժ և ավելի սպառում, ԷՄՇ կանոնների համաձայն, պարտավոր են իրենց տվյալ լարման հաշվառման կետերի մասովստանալ որակավորված սպառողի կարգավիճակ կամ ԷՄԱ կանոնների համաձայն ընտրել մատակարար մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը,

22) ԷՄԱ կանոնների 108.1-ին կետի համաձայն՝ ենթասպառողներ ունեցող սպառողների առևտրային հաշվառումն ապահովող հաշվառման համալիրների (այդ թվում՝ ենթասպառման ուղղության) համապատասխանեցումը ԷՀՑ կանոնների պահանջներին երաշխավորված մատակարարը (բաշխողը) Հանձնաժողովի հետ համաձայնեցված առևտրային հաշվառման համակարգի բարելավմանն ուղղված ներդրումների շրջանակում իրականացնում է առաջնահերթ՝ համաձայն ԷՄԱ կանոնների 107-րդ կետով սահմանված ժամկետների,

23) ԷՄԱ կանոնների 108-րդ կետի համաձայն՝ ԷՄԱ կանոնների 107-րդ կետով սահմանված ժամկետներում որակավորված սպառողի կարգավիճակ չստանալու կամ մատակարար չընտրելու դեպքում՝ նույն կետում նշված սպառողները սպառած էլեկտրական էներգիայի համար երաշխավորված մատակարարին վճարում են Հանձնաժողովի սահմանած սակագնով՝ ԷՄԱ կանոնների 82-րդ կետի համաձայն, բացառությամբ ենթասպառողներ ունեցող այն սպառողների, որոնց առևտրային հաշվառումն ապահովող հաշվառման համալիրները (տվյալ հաշվառման կետի մասով) չեն համապատասխանում ԷՀՑ կանոնների 38-րդ գլխով սահմանված պահանջներին,

24) Լիցենզիայի պայմանների 37-րդ կետի համաձայն՝ լիցենզավորված անձը պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած լիցենզավորված գործունեության մասին հաշվետվությունների և այլ տեղեկատվության հավաստիության համար,

25) Լիցենզիայի պայմանների 38-րդ կետի համաձայն՝ լիցենզավորված անձը պարտավոր է Հանձնաժողովի պահանջով ներկայացնել լիցենզավորված գործունեության վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն,

26) իրականացված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ Ընկերությունը խախտել է Լիցենզիայի պայմանների 37-րդ և 38-րդ կետերի պահանջները՝ 2024 թվականի սեպտեմբերի 19-ի №Ե-3890-24, սեպտեմբերի 20-ի №Ե-3912-24, հոկտեմբերի 30-ի №Ե-4659-24 և հետագայում դրանք հստակեցնող մի շարք գրություններով Հանձնաժողով ներկայացնելով ոչ հավաստի և ոչ սպառիչ տեղեկություններ՝ 2025 թվականի փետրվարի 1-ից որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու կամ մատակարար ընտրելու պարտավորություն ունեցող սպառողների քանակի վերաբերյալ։ Արդյունքում, նշված սպառողների մասով հնարավոր չի եղել ապահովել շուկա պարտադիր մուտքին նախորդող կազմակերպչական, նախապատրաստական և իրազեկման համապատասխան աշխատանքներ, ինչի հետևանքով նաև՝ Հանձնաժողովի կողմից նշված սպառողների՝ շուկա պարտադիր մուտքի ապահովումը դարձնելով անիրագործելի։ Մասնավորապես, Ընկերության կողմից թույլ տրված վերոնշյալ խախտման հետևանքով խոչընդոտվել է կարգավորող մարմնի՝ Հանձնաժողովի կարգավորման գործառույթների պատշաճ իրականացումը, քանի որ Հանձնաժողովի մոտ անհրաժեշտություն է առաջացել վերանայել և հետաձգել ԷՄԱ կանոններով սահմանված՝ որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու կամ մատակարար ընտրելու համար սահմանված ժամկետները։

Բացի այդ, որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու կամ մատակարար ընտրելու պարտավորություն ունեցող սպառողների քանակի վերաբերյալ Ընկերության կողմից հստակ տեղեկատվություն չներկայացնելու արդյունքում չի ապահովվել նաև հիշյալ սպառողների՝ շուկա մուտքի համար Շուկայի օպերատորի կողմից նախապատրաստական կրթական դասընթացների իրականացումը և չի ապահովվել նաև այդ սպառողների ենթասպառողների հաշվառքի սարքերի՝ ԷԲՑ և ԷՀՑ կանոններին համապատասխանեցումը։ Նշվածի արդյունքում, սպառողները ոչ բավարար իրազեկման, վերապատրաստման և մրցակցային հատվածում ճիշտ դիրքավորման հնարավորության բացակայության պայմաններում դուրս չեն եկել էլեկտրաէներգետիկական շուկայի մրցակցային հատված և արդյունավետ կերպով չեն իրացրել մրցակցային գներով էլեկտրական էներգիա ձեռք բերելու իրենց իրավունքը։ Ավելին, 2025 թվականի փետրվարի 1-ից շուկա մուտքի պարտավորություն ունեցող սպառողները իրենց մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց վճարում են Հանձնաժողովի սահմանած առավելագույն սակագնով՝ ԷՄԱ կանոնների 82-րդ կետի համաձայն։ Արդյունքում, Ընկերության կողմից իրականացված վերոնշյալ խախտումը հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների և օրինական շահերի խախտման։

Ինչ վերաբերում է հարուցված վարչական վարույթում քննարկվող հարցի վերաբերյալ Ընկերության կողմից ներկայացված պարզաբանումներին, ապա հարկ է նշել, որ դրանով ինքնին Ընկերությունն ընդունել է իր կողմից ոչ հավաստի և ոչ սպառիչ տեղեկատվություն Հանձնաժողով ներկայացնելու հանգամանքը, իսկ նրա կողմից ներկայացված պատճառաբանություններն անհիմն են, չեն բխում գործող իրավակարգավորումներից և չեն կարող հիմք հանդիսանալ վարչական վարույթի կարճման համար։ Մասնավորապես՝ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե թույլ տված խախտումն ուղղակիորեն չի հանգեցրել մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ չի խոչընդոտել կարգավորող մարմնի` կարգավորման գործառույթների պատշաճ իրականացմանը, մինչդեռ, ինչպես արդեն իսկ փաստվեց, Ընկերության կողմից իրականացված վերոնշյալ խախտումը հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների և օրինական շահերի խախտման, ինչպես նաև խոչընդոտել է կարգավորող մարմնի` կարգավորման գործառույթների պատշաճ իրականացմանը։

 Հաշվի առնելով վերը նշվածը և հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ մասերը, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը ՝ Հանձնաժողովը որոշում է.

  1. Լիցենզիայի պայմանների 37-րդ և 38-րդ կետերի խախտման համար, որով խոչընդոտվել է Հանձնաժողովի՝ կարգավորման գործառույթների պատշաճ իրականացումը, ինչպես նաև խախտվել են մի խումբ սպառողների իրավունքները և օրինական շահերը, Ընկերությանը տուգանել 10 000 000 (տասը միլիոն) դրամ գումարի չափով։

  2. Պարտավորեցնել Ընկերությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում որոշման 1-ին կետով նախատեսված գումարը 900005242327 hաշվեհամարով փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

  3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը, բացառությամբ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքով նախատեսված դեպքի:

  4. Սույն որոշումը սահմանված ժամկետում կամովին չկատարելու դեպքում ենթակա է հարկադիր կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով։

  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
    
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
          
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                            Մ. ՄԵՍՐՈՊՅԱՆ

 

 

 

ք. Երևան
26 մարտի 2025թ.