600.0225.18.0625

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 2025 թվականի №225-Ա

ք. Երևան

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՈՒԳԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հաշվի առնելով, որ՝

1․ Ի կատարումն ՀՀ հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2024 թվականի դեկտեմբերի 18-ի №418Լ որոշմամբ հաստատված 2025 թվականի աշխատանքային ծրագրի 5-րդ կետի՝ Հանձնաժողովի նախագահի 2025 թվականի հունվարի 22-ի N028-ՀՆ հրամանի համաձայն ստեղծված աշխատանքային խումբը 2025 թվականի փետրվարի 3-14-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) «Գեղամա», «Արաքս», «Նաիրի» և «Մուսալեռ» մասնաճյուղերում իրականացրել է սպառողներին մատակարարված և առևտրային հաշվառքի սարքերով գրանցված էլեկտրաէներգիայի քանակի և որակի վերաբերյալ կարճաժամկետ մոնիթորինգ (այսուհետ՝ Մոնիթորինգ)՝ կամայական և շղթայական ընտրանքի մեթոդների համակցությամբ: Մասնավորապես, ընտրանքային կարգով իրականացվել է թվով 732 սպառողների առևտրային հաշվառքի սարքերի զննում և փաստացի ցուցմունքների գրանցում: Միևնույն ժամանակ, Ընկերության վերը նշված մասնաճյուղերից պահանջվել է սպառողներին էլեկտրամատակարարող ենթակայանների առանձին 0,4կՎ լարման ուղղություններից սնվող եռաֆազ սպառողների տրանսֆորմատորային միացման առևտրային հաշվիչների տվյալները՝ լարման գործող արժեքների (Ս) և հզորության գործակցի (cos φ) կեսժամային միջինացումով՝ առնվազն վերջին 15 օրվա համար։

Արդյունքում պարզվել է, որ՝

1) Էլեկտրաէներգիան բազմասակագնային էլեկտրոնային առևտրային հաշվիչներով (այսուհետ՝ էլեկտրոնային հաշվիչ) հաշվառվող 72 սպառողների մոտ նախորդ հաշվարկային ամսվա (ըստ՝ սակագների) ծախսի (այսուհետ՝ Pr) գրանցման փոխարեն, 2025 թվականի փետրվարի 1-3-ը ժամանակահատվածում, Ընկերության աշխատակիցները գրանցել են էլեկտրոնային հաշվիչների ցուցմունքները,

2) Բաշխողի էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում (այսուհետ՝ ԲԷԱՀ) գործող թվով 200 էլեկտրոնային հաշվիչներ չեն գրանցում Pr-ը,

3) թվով 140 էլեկտրոնային հաշվիչներ ունեն ժամային շեղում, և թվով 28 էլեկտրոնային հաշվիչներ ցույց են տալիս սխալ ամսաթիվ,

4) Ակնադիտական զննում անցած թվով 69 էլեկտրոնային հաշվիչներ ցույց են տալիս լարման ցուցանիշներից շեղումներ, իսկ ԲԷԱՀ համակարգից դուրս բերված թվով 49 եռաֆազ հաշվիչներ՝ 30 րոպե միջակայքում ընկած ժամանակահատվածում, չեն գրանցում մատակարարվող էլեկտրական էներգիայի լարման մակարդակը և հզորության գործակիցը (cos φ),

5) թվով 15 էլեկտրոնային հաշվիչների վրա արձանագրված ցուցմունքները (ըստ՝ ժամային տիրույթների) չեն համապատասխանում Ընկերության աշխատակիցների կողմից 2025 թվականի փետրվարի 1-3-ն ընկած ժամանակահատվածում գույքագրված ցուցմունքներին,

6) թվով 7 հաշվիչների վրա բացակայում են սեղմակաշարերի կափարիչները (հետևաբար՝ նաև կնիքները) և թվով 25 հաշվիչների սեղմակաշարերի կափարիչները կնքված չեն,

7) թվով 126 առևտրային հաշվիչների անհատական արկղերը չունեն կողպեքներ, թվով 5 առևտրային հաշվիչների արկղերը կոտրված են, և թվով 38 առևտրային հաշվիչների արկղերում տեսանելիությունն ապահովված չէ,

8) 2025 թվականի հունվարի 22-ի դրությամբ 0,4 կՎ լարման սպառողների էլեկտրաէներգիայի ծախսերը հաշվառվում են 4562 եռաֆազ ինդուկցիոն առևտրային հաշվիչներով։

2․ Մոնիթորինգի արդյունքում կազմված արձանագրությունը Հանձնաժողովի սույն թվականի փետրվարի 27-ի №ԿՍ/34.4-Մ2-14/897-2025 գրությամբ ներկայացվել է Ընկերությանը։

3․ Ընկերությունը սույն թվականի մարտի 6-ի № Ե-716-25 գրությամբ խնդրել է երկարաձգել Ընկերության դիրքորոշում հայտնելու ժամկետը։

4․ Ընկերությունը սույն թվականի մարտի 18-ին Հանձնաժողով ներկայացրած №Ե-856-25 գրությամբ սույն որոշման նախաբանի 1-ին կետի՝

1) 1-ին ենթակետով նշված փաստերի վերաբերյալ հայտնել է, որ Pr-ով չգրանցված հաշվիչների քանակը 72-ի փոխարեն կազմում է 48։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաշվիչներն ունեցել են ժամային շեղումներ և Pr-ով գույքագրելու ժամանակ սպառողի ծախսը ճշգրիտ գրանցելու համար գույքագրումը կատարվել է ցուցմունքներով,

2) 2-րդ ենթակետով նշված հանգամանքների վերաբերյալ հայտնել է, որ ԲԷԱՀ ծրագրի ներդրման շրջանակում տեղադրված բոլոր հաշվիչները, այդ թվում՝ Մոնիթորինգի ընթացքում հայտնաբերված Pr-ը չգրանցող թվով 200 հաշվիչները տեղադրման պահից ցույց են տվել Pr-ը, սակայն շահագործման ընթացքում՝ 2024 թվականի հոկտեմբերից հայտնաբերվել է մի խմբաքանակ, որը որոշ ժամանակ աշխատելուց հետո սկսել է չարտապատկերել Pr-ը, և ներկայումս Pr-ի վերականգնման մասով ընթանում են աշխատանքներ, որոնք կավարտվեն 2025 թվականի ապրիլի 1-ին,

3) 3-րդ ենթակետով նշված փաստերի վերաբերյալ հայտնել է, որ Ընկերությունը, առնվազն տարին մեկ անգամ, իրականացնում է հաշվիչների ժամերի ուղղում: Համաձայն հաշվիչերի անձնագրային տվյալների' ժամային շեղումը չպետք է գերազանցի օրական +/- 0,5վ: Վերոնշյալ շեղումը հաշվարկված է հաշվիչի ամբողջական անջատումների նվազագույն (իդեալական) ժամանակի պարագայում, սակայն որոշ տարածքներում անջատումների միջին տևողությունը և քանակը գերազանցում է անձնագրային պարամետրերի հաշվարկման հիմքում ընկած տևողությունը, ինչը բերում է հաշվիչում տեղադրված մարտկոցի ժամկետից շուտ դեգրադացման և, որպես արդյունք, ժամերի էլ ավելի շեղման:ԲԷԱՀ համակարգում ընդգրկված հաշվիչների ժամն ու ամսաթիվն ուղղվում են ավտոմատ կերպով՝ հաշվիչն ընթերցող սարքավորումների կողմից,

4) 4-րդ ենթակետով նշված փաստերի վերաբերյալ հայտնել է, որ համաձայն Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգում կիրառման համար թույլատրվող 50 հց փոփոխական հոսանքի ակտիվ էներգիայի վատտ - ժամերի ստատիկ հաշվիչներին ներկայացվող տեխնիկական պահանջների (1999 թվականի հունիսի 22-ի N96-ԶԴ հրաման)' 6.9 կետով սահմանված է ուղիղ միացման միաֆազ և բազմաֆազ հաշվիչները հեռաչափման և (կամ) տեղում տվյալների ավտոմատացված ընթերցման ժամանակ տեղեկատվության քանակը: Իսկ համաձայն 6.10 կետի' տրանսֆորմատորային միացման հաշվիչները՝ բացի 6.9 կետի տվյալներից պետք է տան նաև բեռնվածքի գրաֆիկները (ակտիվ հզորության կեսժամային միջինացումով) առնվազն վերջին 60 օրվա համար։ Համաձայն մեջբերված 6.9 և 6.10 կետերի՝ արձանագրության մեջ նշված նման պահանջ գոյություն չունի: Հզորության գործակցի (cos φ) մեծությունը բացառապես կախված է տվյալ 0.4կՎ լարման ուղղությունում սպառվող ռեակտիվ էներգիայի քանակից: Ինքնավար արևային կայաններ ունեցող ուղղություններում, ցերեկային ժամերին իր իսկ արտադրված ակտիվ էներգիան սպառելու ժամանակ սպառողը ռեակտիվ էներգիա վերցնում է սնող ցանցից, ինչն աղավաղում է տվյալ ուղղության իրական հզորության գործակցի (cos φ) մեծությունը: Միևնույն ժամանակ cos φ մեծությունը պայմանավորված է սպառողի մոտ միացված սպառիչների բնույթից (շարժիչներ, սառնարաններ և այլն) և Ընկերությունը չունի որևէ իրավական հիմք, սպառողից պահանջել տեղադրել ռեակտիվ էլեկտրական էներգիայի կոմպենսատորներ, քանի որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի այդ մեծությունը կանոնակարգող որևէ կանոնակարգ:

5) 5-րդ ենթակետով նշված հանգամանքների վերաբերյալ հայտնել է, որ Ընկերության աշխատակիցների կողմից պարբերաբար գույքագրվում է մոտ 470.0 հազար հաշվիչ, ուստի՝ 15 սպառողներին սպասարկող տեսուչների մոտ արձանագրված տարբերությունների չափի փոքրությունը էական ազդեցություն չունի: Ընկերության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նման փաստերը խիստ եզակի են, ուստի դիտարկվում են որպես թյուրիմացության արդյունք, միտումնավոր չեն և էական նշանակություն չունեն։

6) 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով նշված հանգամանքների վերաբերյալ Ընկերությունը պարզաբանումներ չի ներկայացրել։

5․ Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը՝ Հանձնաժողովը 2025 թվականի մարտի 27-ից Ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ` Հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների (այսուհետ՝ ԷԲՑ կանոններ) 241-րդ, 252-րդ, 253-րդ, 272-րդ կետերի, 35-րդ կետի 3-րդ, 247-րդ կետի 1-ին ենթակետերի և Հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնների (այսուհետ՝ ԷՄԱ կանոններ) 75-րդ կետի պահանջների հնարավոր խախտման փաստերի ուսումնասիրության նպատակով, ինչի վերաբերյալ Ընկերությունը ծանուցվել է սույն թվականի մարտի 27-ի №ՄՄ/Խ/1282-2025 գրությամբ։

6․ Վարչական վարույթի շրջանակում Ընկերությունը սույն թվականի ապրիլի 8-ի № Ե-1116-25 գրությամբ սույն որոշման նախաբանի 1-ին կետի՝

   1)
1-ին և 2-րդ ենթակետերով նշված հանգամանքների վերաբերյալ հայտնել է, որ ներկայումս բոլոր հայտնաբերված Pr-ի թերի արտապատկերման դեպքերն ուղղվել են, և ժամանակ առ ժամանակ Pr-ի արտապատկերման խնդիր ունեցող բոլոր հաշվիչների մասով կկատարվեն ծրագրային կարգավորումներ,

   2) 
3-րդ ենթակետով նշված հանգամանքների վերաբերյալ հայտնել է, որ ներկայումս Մոնիթորինգի ընթացքում հայտնաբերված ժամային շեղումներ ունեցող էլեկտրոնային հաշվիչները փոխարինված են, իսկ ԲԷԱՀ համակարգում ընդգրկված էլեկտրոնային հաշվիչների ժամն ու ամսաթիվն ուղղվել է ավտոմատ կերպով՝ հաշվիչն ընթերցող սարքավորումների կողմից,

  3) 
4-րդ ենթակետով նշված հանգամանքների վերաբերյալ հայտնել է, որ ԲԷԱՀ հաշվառման տվյալների բազան պարունակում է յուրաքանչյուր հաշվառման կետով անցած ակտիվ և ռեակտիվ (բացառությամբ՝ 0,22 կՎ լարման սպառողների) էներգիայի քանակների մասին տեղեկատվությունը։ Վերոնշյալ տեղեկատվության հիման վրա հնարավոր է հաշվարկել հզորության գործակիցը 30-րոպեանոց միջակայքերում, միաժամանակ ԲԷԱՀ հաշվառման տվյալների բազան ունի հնարավորություն կեսժամյա լարման մակարդակի գրանցման համար, ինչն էլ իրականացվում է եռաֆազ հաշվիչների մասով՝ լարման մակարդակը հիմնականում ստացվում է հաշվիչից կեսժամյա ժամանակահատվածներով,

   4) 
6-րդ ենթակետով նշված հանգամանքների վերաբերյալ հայտնել է, որ ԲԷԱՀ համակարգի ներդրման շրջանակում հանված հաշվիչների սեղմակաշարերը ինչ-ինչ պատճառներով բացակայում են, սակայն Ընկերությունը պարբերաբար նոր խմբաքանակներով սեղմակաշարեր է ձեռք բերում բացը լրացնելու համար,

   5 )
7-րդ ենթակետով նշված հանգամանքների վերաբերյալ հայտնել է, որ հաշվիչների անհատական արկղերի նորոգման կամ արկղերի վրա բացակայող կողպեքների փոխարինման ուղղությամբ Ընկերության կողմից մշտապես տարվում են աշխատանքներ և Մոնիթորինգի ժամանակ արձանագրված բացակայող կողպեքները արդեն իսկ լրացվել են, տեղադրվել են նոր կողպեքներ,

   6) 
8-րդ ենթակետով նշված հանգամանքների վերաբերյալ հայտնել է, որ 2016 թվականից Ընկերությունը նախաձեռնել է ինդուկցիոն հաշվիչների լայնածավալ փոխարինում, որի ընթացքում փոխարինվել են թվով 36000 ինդուկցիոն եռաֆազ հաշվիչներ։ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ չեն փոխարինվել թվով 15000 եռաֆազ հաշվիչներ, որոնք հիմնականում սեզոնային ծախսող կամ ընդհանրապես ծախս չունեցող սպառողների հաշվիչներ են և վերջիններիս մոտ հաշվիչների փոխարինումը առաջացնում է լրացուցիչ բարդություններ,

Ընկերությունը ապրիլի 8-ի №Ե-1116-25 գրությամբ առաջարկել է վարույթի շրջանակներում հաշվի առնել, որ հայտնաբերված թերությունները կամ ամբողջությամբ վերացվել են, կամ դրանց վերացումը հնարավոր չէ արագ իրականացնել՝ օբյեկտիվ պատճառներից ելնելով։

7․ ԷԲՑ կանոնների 241-րդ կետի համաձայն` առևտրային հաշվառքի սարքը պետք է ապահովի էլեկտրական էներգիայի ակտիվ, իսկ 0.4 կՎ և բարձր լարման ցանցերում՝ նաև ռեակտիվ բաղադրիչների հաշվառումը։

8․ ԷԲՑ կանոնների 252-րդ կետի համաձայն` սպառողի առևտրային հաշվառքի սարքը տեղակայվում է ընդհանուր կամ անհատական արկղում, այնպես, որ ապահովվի հաշվառքի սարքի ցուցմունքի տեսանելիությունը: Նշված արկղերը ենթակա են կողպման բաշխողի կողմից: Եթե սպառողի առևտրային հաշվառքի սարքը (վերստուգիչ հաշվառքի սարքը) տեղակայված է անհատական արկղում, ապա սպառողն իրավունք ունի կնքել արկղը։

9․ ԷԲՑ կանոնների 253-րդ կետի համաձայն` սպառողի առևտրային հաշվառքի սարքը, այդ թվում՝ առևտրային հաշվառքի սարքի սեղմակաշարերը, կնքվում են բաշխողի կողմից, բացառությամբ այն հաշվառքի սարքերի, որոնք ներառված են ԲԷԱՀ-ում և սեղմակաշարերը փակված են էլեկտրոնային կնիքով։ Սպառողն իրավունք ունի լրացուցիչ կնքել առևտրային հաշվառքի սարքը, իսկ բաշխողը՝ վերստուգիչ հաշվառքի սարքը, այդ թվում՝ հաշվառքի սարքի սեղմակաշարերը։

10․ ԷԲՑ կանոնների 272-րդ կետի համաձայն` բաշխողը պարտավոր է տարին առնվազն մեկ անգամ ստուգել և ճշգրտել էլեկտրոնային առևտրային հաշվիչի ժամերը, այնպես, որ դրանք ճշգրիտ հաշվառեն սպառված էլեկտրաէներգիայի քանակությունները (ըստ համապատասխան ժամային տիրույթների)։

11․ ԷԲՑ կանոնների 247-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` հաշվառման տվյալների բազան պետք է պարունակի գրանցումներ հաշվառման կետով անցած ակտիվ և ռեակտիվ (բացառությամբ՝ 0,22 կՎ լարման սպառողների) էներգիայի քանակությունների և լարման մակարդակի մասին՝ ստացված 30 րոպեանոց միջակայքում գումարային (ինտեգրալ) տվյալներից, ինչպես նաև այդ միջակայքում հզորության գործակցի արժեքի մասին։

  1. ԷԲՑ կանոնների 273-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բաշխողը արտադրողին, սպառողին կամ դիմող անձին վճարում է տույժ առևտրային հաշվառքի սարքի տեղակայման և փոխարինման՝ բաշխման ցանցային կանոնների 34-րդ գլխով սահմանված ընթացակարգի կամ ժամկետների յուրաքանչյուր խախտման դեպքում։

13․ ԷԲՑ կանոնների 273-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ բաշխողը արտադրողին, սպառողին կամ դիմող անձին վճարում է տույժ առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման՝ ԷԲՑ կանոնների 35-րդ գլխով սահմանված ընթացակարգի կամ ժամկետների յուրաքանչյուր խախտման դեպքում։

14․ ԷՄԱ կանոնների 75-րդ կետի համաձայն` առևտրային (վերստուգիչ) հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցում է բաշխողը` տվյալ հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա առաջին երեք օրերի ընթացքում: Մատակարարված էլեկտրական էներգիան բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչով հաշվառելու դեպքում՝ բաշխողն առևտրային (վերստուգիչ) հաշվիչի ցուցմունքի փոխարեն գրանցում է ավտոմատացված ռեժիմում առևտրային հաշվառքի սարքի լուսատախտակի վրա արտածվող` սպառողի նախորդ հաշվարկային ամսվա ծախսը (ըստ ժամային տիրույթների):

15․ Հայաստանի Հանրապետության «Էներգետիկայի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից սույն օրենքի դրույթները, հանձնաժողովի ընդունած իրավական ակտերը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում հանձնաժողովն իրավասու է կիրառելու սույն օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները, վերականգնելու մինչև խախտումը եղած դրությունը, կատարելու դրանից բխող գործողություններ (այդ թվում՝ հաշվարկ, վերահաշվարկ և այլն), ինչպես նաև տալ դրանց կամ խախտումը վերացնելու վերաբերյալ հանձնարարականներ՝ հաշվի առնելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առանձնահատկությունները։

16․ Հայաստանի Հանրապետության «Էներգետիկայի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված անձանց, սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված արարքը կատարելը, որի հետևանքով վտանգվել է կամ կարող էր վտանգվել համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, կամ այն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման կամ էներգետիկայի բնագավառում այլ լիցենզավորված անձի օրինական շահերի խախտման կամ լիցենզավորված գործունեության խոչընդոտմանը կամ լիցենզիայի պայմանների չկատարմանը կամ ոչ պատշաճ կատարմանը կամ խոչընդոտել է կարգավորող մարմնի` կարգավորման գործառույթների պատշաճ իրականացմանն առաջացնում է տուգանք՝ տասը միլիոն դրամից քսան միլիոն դրամի չափով, կամ լիցենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում:

17․ Հարուցված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ՝

1) Ընկերությունը խախտել է ԷԲՑ կանոնների 241-րդ կետի պահանջը՝ 2025 թվականի հունվարի 22-ի դրությամբ սպառողների էլեկտրաէներգիայի ծախսերը հաշվառվում են թվով 4562 եռաֆազ ինդուկցիոն առևտրային հաշվիչներով, որոնք չեն ապահովում էլեկտրական էներգիայի ռեակտիվ բաղադրիչների հաշվառումը,

2) Ընկերությունը խախտել է ԷԲՑ կանոնների 252-րդ կետի պահանջը՝ թվով 126 առևտրային հաշվիչների անհատական արկղերը չունեն կողպեքներ, թվով 5 առևտրային հաշվիչների արկղերը կոտրված են և թվով 38 առևտրային հաշվիչների արկղերում տեսանելիությունը ապահովված չէ։ ԷԲՑ կանոնների 273-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ Ընկերությունը պարտավոր է նշված սպառողներին վճարել տույժ,

3) Ընկերությունը խախտել է ԷԲՑ կանոնների 253-րդ կետի պահանջը՝ թվով 7 հաշվիչների վրա բացակայում են սեղմակաշարերի կափարիչները (հետևաբար, նաև կնիքները) և թվով 25 հաշվիչների սեղմակաշարերի կափարիչները կնքված չեն, ԷԲՑ կանոնների 273-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն Ընկերությունը պարտավոր է նշված սպառողներին վճարել տույժ,

4) Ընկերությունը խախտել է ԷԲՑ կանոնների 272-րդ կետի պահանջը՝ թվով 140 էլեկտրոնային հաշվիչներ ունեն ժամային շեղումներ և թվով 28 էլեկտրոնային հաշվիչներ ցույց են տալիս սխալ ամսաթիվ։ Մոնիթորինգի ընթացքում հայտնաբերված ժամային շեղումներ ունեցող էլեկտրոնային հաշվիչներից մինչև 10 րոպե տևողությամբ շեղումները արձանագրության մեջ չեն ներառվել (իսկ հաշվիչների տեխնիկական վկայագրերում թույլատրելի օրական +/- 0,5վ ժամային շեղումների դեպքում տարեկան ժամային շեղումը կարող է կազմել 3 րոպե)։ Ինչ վերաբերում է մարտկոցների աշխատանքին, հարկ է նշել, որ, ըստ հաշվիչների տեխնիկական վկայագրերի, լիթիումային մարտկոցի ծառայության ժամկետները հիմնականում գերազանցում են նույնիսկ միջստուգաչափման ժամկետները։ ԷԲՑ կանոնների 273-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ Ընկերությունը պարտավոր է նշված սպառողներին վճարել տույժ,

5) Ընկերությունը խախտել է ԷԲՑ կանոնների 247-րդ կետի 1-ին ենթակետի պահանջը՝ ԲԷԱՀ համակարգից դուրս բերված թվով 49 եռաֆազ հաշվիչների հաշվառման տվյալների համաձայն, 30 րոպե միջակայքում ընկած ժամանակահատվածում հաշվիչները չեն գրանցում լարման մակարդակը և հզորության գործակիցը (cos φ)։

6) Ընկերությունը խախտել է ԷՄԱ կանոնների 75-րդ կետի պահանջը՝ էլեկտրոնային հաշվիչներով հաշվառվող 72 սպառողների մոտ Pr-ի գրանցման փոխարեն 2025 թվականի փետրվարի 1-3-ը ժամանակահատվածում Ընկերության աշխատակիցները գրանցել են այդ հաշվիչների ցուցմունքները։ ԲԷԱՀ համակարգում գործող թվով 200 էլեկտրոնային հաշվիչներ չեն գրանցում Pr-ը և գույքագրումը կատարվում է ցուցմունքների միջոցով։

7) Թվարկված խախտւմներն ուղղակիորեն հանգեցրել են մի խումբ սպառողների իրավունքների խախտմանը, մասնավորապես, Pr-ով գույքագրումը չիրականացնելու դեպքում խախտվում է սպառողների նախորդ ամսվա էլեկտրաէներգիայի իրական ծախսերի գրանցումը (ԷՄԱ կանոնների 75-րդ կետի պահանջների խախտում), եռաֆազ ինդուկցիոն առևտրային հաշվիչները չեն ապահովում էլեկտրական էներգիայի ռեակտիվ բաղադրիչների հաշվառումը, ինչի հետևանքով սպառողները չեն կարող տեսնել էլեկտրական էներգիայի ռեակտիվ բաղադրիչների քանակը և անորակ էլեկտրական էներգիա ստանալու դեպքում՝ չեն կարողանում ժամանակին արձագանքել և անջատել էլեկտրասարքավորումները, որոնք կարող են խափանվել (ԷԲՑ կանոնների 241-րդ կետի և 247-րդ կետի 1-ին ենթակետի պահանջների խախտում)։

8) Ինչ վերաբերում է Ընկերության պարզաբանումներին, ապա հարկ է նշել, որ Ընկերությունը սույն թվականի մարտի 18-ի № Ե-856-25, ապրիլի 8-ի №Ե-1116-25 և մայիսի 2-ի №Ե-1403-25 Հանձնաժողով ներկայացրած գրություններով չի հերքել խախտումների առկայության հանգամանքը, իսկ նրա կողմից ներկայացված պատճառաբանությունները հիմնավորված չեն, չեն բխում գործող իրավակարգավորումներից և չեն կարող հիմք հանդիսանալ պատասխանատվությունից ազատվելու համար:

9) Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ընկերության նկատմամբ ԷԲՑ կանոնների 35-րդ կետի 3-րդ ենթակետի խախտումների մասով ձեռք չեն բերվել դրանք հիմնավորող բավարար փաստական տվյալներ, վարչական վարույթն այդ մասով ենթակա է կարճման՝ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով։

10) Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ընկերությունը սույն թվականի մայիսի 19-ի թիվ Ե-1628-25 գրությամբ լրացուցիչ հայտնել է, որ ԷԲՑ կանոնների 273-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջների համաձայն՝ Բաշխողը թվով 278 սպառողների վճարել է տույժ սույն կանոնների 252-րդ, 253-րդ, և 272-րդ կետերով սահմանված ընթացակարգերը խախտելու համար, վարչական վարույթն այդ մասով ենթակա է կարճման՝ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հիմքով։

11) Միաժամանակ, հաշվի առնելով վարչական վարույթի շրջանակներում հաստատված իրավախախտումների և դրանց առաջացրած հետևանքների բնույթը, Հանձնաժողովը գտնում է, որ հետագայում Ընկերության պատշաճ վարքագիծն ապահովելու և նշված խախտումների կրկնությունը բացառելու նպատակով վերոնշյալ խախտումների համար որպես համաչափ պատասխանատվության միջոց անհրաժեշտ է կիրառել 10 000 000 ՀՀ դրամ գումարի չափով տուգանք։

Հաշվի առնելով վերը նշվածը և հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը, 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ Հանձնաժողովը որոշում է.

  1. ԷԲՑ կանոնների 241-րդ կետի, 247-րդ կետի 1-ին ենթակետի և ԷՄԱ կանոնների 75-րդ կետի պահանջները խախտելու համար Ընկերությանը տուգանել` 10000 000 (տասը միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով։
  2. Ընկերության նկատմամբ 2025 թվականի մարտի 27-ին հարուցված վարչական վարույթը՝ ԷԲՑ Կանոնների 35-րդ կետի 3-րդ ենթակետի, 252-րդ, 253-րդ և 272-րդ կետերի խախտումների ուսումնասիրության մասով, կարճել:
  3. Պարտավորեցնել Ընկերությանը՝

    1) 
    Մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ուսումնասիրել Ընկերության սպասարկման տարածքում ԷԲՑ կանոնների 252-րդ, 253-րդ և 272-րդ կետերի պահանջների խախտման բոլոր հնարավոր դեպքերը և վերացնել դրանք, ինչպես նաև ԷԲՑ կանոնների 273-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի համաձայն՝ նշված սպառողներին վճարել տույժ և այդ մասին մեկամսյա ժամկետում Հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն,

    2) 
    Սույն որոշման նախաբանի 17-րդ կետի 1-ին ենթակետում նշված 4562 եռաֆազ ինդուկցիոն առևտրային հաշվիչները մինչև 2026 թվականի հունվարի 1-ը փոխարինել եռաֆազ էլեկտրոնային հաշվիչներով և այդ մասին մեկամսյա ժամկետում Հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն,

    3) 
    Մեկամսյա ժամկետում սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարը 900005242327 hաշվեհամարով փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

    1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը, բացառությամբ՝ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքով նախատեսված դեպքի:

    2. Սույն որոշումը սահմանված ժամկետում կամովին չկատարելու դեպքում ենթակա է հարկադիր կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով։

    3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ընկերությանը օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
     
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
           
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                              Մ. ՄԵՍՐՈՊՅԱՆ

 

 ք. Երևան
18 հունիսի 2025թ.