600.0012.31.01.14

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հունվարի 2014 թվականի № 12Ն
ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի №251Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերը, 5‑րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա) ենթակետը, 2-րդ կետի ե), իը) ենթակետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 17-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության կանոնները հաստատելու մասին» N251Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության կանոններում (այսուհետ՝ Կանոններ), կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
    1) Կանոնների 3-րդ կետը լրացնել ՝ հետևյալ բովանդակությամբ 14-րդ և 15-րդ ենթակետերով.
    «14) Աշխատանքային օր` երկուշաբթիից ուրբաթ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ոչ աշխատանքային և տոնական օրերի.
    15) Աշխատանքային ժամ` աշխատանքային օրվա 09:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատված:».
    2) Կանոնների 20-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
    «20. Օպերատորների միջև անմիջական փոխգործակցության անհրաժեշտությունը ծագում է միայն այն դեպքում, երբ առկա տեխնիկական կամ գործառնական խնդիրը չի կարող լուծվել ստանդարտացված հաղորդագրությունների փոխանակման միջոցով, որի դեպքում Օպերատորի կողմից նախապես նշանակված կոնտակտային անձը հնարավորինս սեղմ ժամկետում կապ է հաստատում խնդրին առնչվող Օպերատորի կոնտակտային անձի հետ՝ Բաժանորդի շահերից բխող և սույն կանոնների 5-րդ կետով սահմանված ժամկետում լուծում գտնելու համար: Կոնտակտային անձինք պետք է ունենան հեռախոսահամարներ (ֆիքսված և բջջային) ու էլեկտրոնային փոստի հասցեներ և պետք է հասանելի լինեն աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-ից մինչև 18:00-ն: Ընդ որում, խնդրի վերացման հայտը մինչև ժամը 12:00-ն ստանալու դեպքում Օպերատորի կոնտակտային անձը պետք է նշված հայտին պատասխանի մինչև նույն օրվա ժամը 18:00-ն, իսկ խնդրի վերացման հայտը ժամը 12:00-ից հետո ստանալու դեպքում՝ մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12:00-ն: Որոշակի տեխնիկական կամ գործառնական խնդրի կրկնման դեպքում Օպերատորները միջոցներ են ձեռնարկում տեխնիկական սպեցիֆիկացիաների ընդլայնման համար:».
    3) Կանոնների 26-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
    «1) ֆիզիկական անձ Բաժանորդի դեպքում՝ Բաժանորդի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամսաթիվը, տարեթիվը և անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իսկ ոչ ֆիզիկական անձ Բաժանորդի դեպքում` անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարի տվյալները,».
    4) Կանոնների 26-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.
    «5) Համարի տեղափոխման գործընթացի շրջանակում Բաժանորդի անհատական տվյալները Կենտրոնացված տվյալների բազային և Դոնոր օպերատորին տրամադրելու վերաբերյալ Բաժանորդի համաձայնություն:».
    5) Կանոնների 27-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
    «2) ֆիզիկական անձ Բաժանորդի դեպքում՝ Բաժանորդի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամսաթիվը, տարեթիվը և անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իսկ ոչ ֆիզիկական անձ Բաժանորդի դեպքում` անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարի տվյալները,».
    6) Կանոնների 30-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
    «30. Դոնոր օպերատորը Համարի տեղափոխման պահանջն ստանալուց հետո ստուգում է իր մոտ առկա տվյալների համապատասխանությունը Ընդունող օպերատորի ուղարկած տվյալների հետ՝ հետևյալ սկզբունքով.
      1) ֆիզիկական անձ Բաժանորդի դեպքում`
      ա. Տեղափոխվող համարի և Բաժանորդի անվան, ազգանվան և ծննդյան օրվա, ամսաթվի, տարեթվի և անձը հաստատող փաստաթղթի տվյալների համապատասխանությունը,
      բ. Տեղափոխվող համարի և Բաժանորդի անվան, ազգանվան և ծննդյան օրվա, ամսաթվի, տարեթվի համապատասխանությունը,
      գ. Տեղափոխվող համարի և Բաժանորդի անվան, ազգանվան և անձը հաստատող փաստաթղթի տվյալների համապատասխանությունը,
      դ. Տեղափոխվող համարի և Բաժանորդի ծննդյան օրվա, ամսաթվի, տարեթվի և անձը հաստատող փաստաթղթի տվյալների համապատասխանությունը,
      ե. Տեղափոխվող համարի և Բաժանորդի անձը հաստատող փաստաթղթի տվյալների համապատասխանությունը.
      2) ոչ ֆիզիկական անձ Բաժանորդի դեպքում`
      ա. Տեղափոխվող համարի և Բաժանորդի անվանման և հարկ վճարողի հաշվառման համարի համապատասխանությունը կամ՝ 
      բ. Տեղափոխվող համարի և Բաժանորդի հարկ վճարողի հաշվառման համարի տվյալների համապատասխանությունը:».
    7)Կանոնների 32-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
      «32. Դոնոր օպերատորի կողմից դրական պատասխան ուղարկվում է ֆիզիկական կամ ոչ ֆիզիկական անձ հանդիսացող յուրաքանչյուր Բաժանորդի համար սույն կանոնների 30-րդ կետով սահմանված դեպքերից առնվազն մեկի համընկնման դեպքում:».
    8) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 32.1 կետով.
      «32.1 Սույն կանոնների 32-րդ կետի համաձայն դրական պատասխան ներկայացնելու  հիմքերի բացակայության դեպքում Դոնոր օպերատորը ուղարկում է բացասական  պատասխան`նշելով մերժման հիմքերը : Ընդունող օպերատորի պահանջով Դոնոր օպերատորը սույն կանոնների 5-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացնում է համապատասխան տեղեկություններ և հիմնավորումներ Համարի տեղափոխման պահանջի մերժման հիմքերի վերաբերյալ: Համարի տեղափոխման պահանջում  առկա թերությունները և վրիպակները շտկելուց հետո կարող է ներկայացվել Համարի տեղափոխման նոր պահանջ:».
    9) Կանոնների 35-րդ կետում «գիշերվա ժամանակահատվածում» բառերը փոխարինել «աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
    10) Կանոնների 49-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
    «49. Տեղափոխված Համարին Կանչի սկզբնավորում իրականացնող Օպերատորը Բաժանորդին տեղեկացնում է Համարի տեղափոխված լինելու մասին USSD    հրահանգի միջոցով, իսկ զանգերի դեպքում՝ նաև մինչև մեկ վայրկյան  տևողությամբ միատեսակ ազդանշանային համակարգով, ինչը Բաժանորդի կողմից կարող է ապաակտիվացվել: Համարի տեղափոխման տեղեկացման համակարգը կիրառվում է  միայն Կանչի սկզբնավորում իրականացնող Օպերատորի ցանցից տեղափոխված  Համարի դեպքում, բացառությամբ Համարը կրկին տվյալ Օպերատորի ցանց  տեղափոխելու դեպքի».
    11) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ գլխով.
    «ԳԼՈՒԽ 5. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
    Մինչև 2014 թվականի մայիսի 1-ը սույն կանոնների 30-րդ և 32-րդ կետերի համաձայն համարի տեղափոխման պատասխանը Դոնոր օպերատորի կողմից           կարող է ուղարկվել ինչպես ավտոմատացված, այնպես էլ ոչ ավտոմատացված           եղանակով, իսկ 2014 թվականի մայիսի 1-ից՝ միայն ավտոմատացված եղանակով:           Մինչև սույն կետում նշված ժամկետը Օպերատորի կողմից ամբողջությամբ           ավտոմատացված համակարգ կիրառելու դեպքում,  Օպերատորն այդ մասին           տեղեկացնում է Հանձնաժողովին և Օպերատորներին: Սույն կետով ամրագրված           անցումային ժամկետը Օպերատորներին չի ազատում սույն կանոնների 34-րդ կետով սահմանված ժամկետների պահպանման պարտավորությունից:»:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
         ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
               ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                              Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 
         ք. Երևան
  31 հունվարի 2014թ.