600.0139.27.0515

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մայիսի 2015 թվականի №139Ա

ք. Երևան

 

 

«ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 0318
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                      

Հաշվի առնելով, որ՝

ա) «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) 2015 թվականի մայիսի 7-ին հայտ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)` խնդրելով  Հանձնաժողովի 2009 թվականի մայիսի 27-ի №240Ա որոշմամբ Ընկերությանը տրամադրված Իրանի Իսլամական Հանրապետությունից բնական գազի ներկրման №0318 լիցենզիայի  (այսուհետ՝ Լիցենզիա) գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2016 թվականի մայիսի 27-ը,

բ) Հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 2-ի №339Ն որոշմամբ հաստատված՝ էլեկտրական էներգիայի (հզորության) և բնական գազի ներկրման ու արտահանման գործունեության լիցենզավորման կարգի (այսուհետ՝ Կարգ) 30-րդ կետի համաձայն՝ լիցենզիայում ամրագրված ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության դեպքում լիցենզավորված անձն իրավունք ունի լիցենզիայի գործողության ժամկետի ավարտից առնվազն 23 աշխատանքային օր առաջ հայտով դիմել Հանձնաժողով, մինչդեռ Ընկերությունը հայտը ներկայացրել է 14 աշխատանքային օր առաջ,

գ) Հանձնաժողովը 2015 թվականի մայիսի 18-ից Ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ Կարգի 30-րդ կետի խախտման փաստի ուսումնասիրության նպատակով,

դ) Ընկերությունը հարուցված վարույթի շրջանակում ուսումնասիրվող հարցի   առնչությամբ որևէ փաստարկ կամ հիմնավորում չի ներկայացրել,  

ե) Իրականացված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ Ընկերությունը խախտել է Կարգի 30-րդ կետի պահանջը, և հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ, 32-րդ հոդվածները և Կարգը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Երկարաձգել Ընկերությանը տրամադրված Լիցենզիայի գործողության ժամկետը մինչև 2016 թվականի մայիսի 27-ը:
  2. Ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում Հանձնաժողով ներկայացնել մեկ միլիոն դրամ գումարի նոր երաշխիք՝ մինչև 2016 թվականի հունիսի 27-ը գործողության ժամկետով:
  3. Կարգի 30-րդ կետի պահանջի խախտման համար Ընկերությանը նախազգուշացնել:
  4. Ընկերությանը՝ ընդունել ի գիտություն, որ Ընկերությունն իրավասու է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում այն բողոքարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի մայիսի 27-ից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
       ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
     ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                  Շ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

 

 

    ք. Երևան
27 մայիսի 2015թ․
     ժամը 1600