600.0427.25.1224

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2024 թվականի №427-Ա

ք. Երևան

 

 

«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ2025-2029 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի №437-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետը, 28-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 19-ի №180Ն որոշմամբ հաստատված կարգը և հաշվի առնելով «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2024 թվականի հոկտեմբերի 14-ի №01/20/4290-2024 գրությունը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Համաձայնություն տալ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2025-2029 թվականների ներդրումային ծրագրին` համաձայն №№1-6 հավելվածների:

  2. Ընդունել ի գիտություն, որ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2025-2029 թվականների ներդրումային ծրագրի արժեքը կազմում է 143 045,67 մլն դրամ առանց ավելացված արժեքի հարկի՝ հետևյալ հիմնական ուղղություններով.

1)    գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի ընդլայնմանը, վերականգնմանը և վերակառուցմանն ուղղված ներդրումներ՝ 20 258,43 մլն դրամ.

2)   գազափոխադրման համակարգի ընդլայնմանը, վերականգնմանը և վերակառուցմանն ուղղված ներդրումներ՝ 53 501,75 մլն դրամ.

3)   գազափոխադրման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ՝ 6 660,22 մլն դրամ.

4)   նոր բաժանորդների միացմանն ուղղված ներդրումներ` 4 136,37 մլն դրամ.

5)   գազաբաշխման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ` 51 488,90 մլն դրամ.

6) Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին ուղղված ներդրումներ` 7 000,00 մլն դրամ։

  1. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված ներդրումների շրջանակում աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի №970-Լ որոշմամբ հավանության արժանացած՝ Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրի համաձայն, և այդ ուղղությամբ ծախսերն արդեն իսկ ներառված են գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկներում։

  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 20-ի «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2024-2028 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի №546-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» №437-Ա որոշմամբ համաձայնեցված ներդրումային ծրագրի 2025-2028 թվականների հատվածները:

  3. «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը` մինչև 2025 թվականի հոկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2026-2030 թվականների ներդրումային ծրագիրը։

  4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը։

  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
    
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
 
          ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                       Մ. ՄԵՍՐՈՊՅԱՆ

 

 

ք. Երևան
25 դեկտեմբերի 2024թ.