Բովանդակություն
600.0420.17.12․25

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 դեկտեմբերի 2025 թվականի №420-Ա
ք. Երևան
«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №427-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետը, 28-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 19-ի №180Ն որոշմամբ հաստատված կարգը և հաշվի առնելով «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2025 թվականի հոկտեմբերի 14-ի №01/20/7611-2025 գրությունը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Համաձայնություն տալ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2026-2030 թվականների ներդրումային ծրագրին` համաձայն №№1-6 հավելվածների:
- Ընդունել ի գիտություն, որ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2026-2030 թվականների ներդրումային ծրագրի արժեքը կազմում է 150 346,91 մլն դրամ առանց ավելացված արժեքի հարկի՝ հետևյալ հիմնական ուղղություններով.
1) գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան--կայանի ընդլայնմանը, վերականգնմանը և վերակառուցմանն ուղղված ներդրումներ՝ 20 362.55 մլն դրամ.
2) գազափոխադրման համակարգի ընդլայնմանը, վերականգնմանը և վերակառուցմանն ուղղված ներդրումներ՝ 55 355.81 մլն դրամ.
3) գազափոխադրման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ՝ 7 508.19 մլն դրամ.
4) նոր բաժանորդների միացմանն ուղղված ներդրումներ` 4 179.1 մլն դրամ.
5) գազաբաշխման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ` 59 381.06 մլն դրամ.
6) Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին ուղղված ներդրումներ` 3 560.20 մլն դրամ։
- Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված ներդրումների շրջանակում աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի №970-Լ որոշմամբ հավանության արժանացած՝ Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրի համաձայն, և այդ ուղղությամբ ծախսերն արդեն իսկ ներառված են գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկներում։
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2025-2029 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 20-ի №437-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» №427-Ա որոշմամբ համաձայնեցված ներդրումային ծրագրի 2026-2029 թվականների հատվածները:
- «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը` մինչև 2026 թվականի հոկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2027-2031 թվականների ներդրումային ծրագիրը։
- Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ Կ. ՍԱՐԳՍՅԱՆ
ք. Երևան
17 դեկտեմբերի 2025թ.

