600.0268.29.0622

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունիսի 2022 թվականի №268Ա

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի №397-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ, 34-րդ հոդվածները, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի №295-Ն որոշմամբ հաստատված՝ ջրային ոլորտում գործունեության լիցենզավորման կարգը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության և «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերության միջև 2021 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված` «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» №24 համաձայնագիրը և «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության 2022 թվականի մայիսի 26-ի №ՄՇ/13820 գրությունը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 9-ի «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը խմելու ջրի մատակարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին» №397-Ա որոշման 2-րդ կետով հաստատված՝ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ԼՋ №0001 լիցենզիայի պայմանների՝

1) 11-րդ կետում «Լիցենզավորված անձը» բառերից հետո լրացնել «, պահպանելով Վարձակալության պայմանագրի պահանջները,» բառերը և նույն կետից հանել վերջին նախադասությունը,

2) 15-րդ կետում «տեղեկատվություններ» բառը փոխարինել «տեղեկատվություն» բառով,

3) 16-րդ կետը և 10-րդ գլուխը ճանաչել ուժը կորցրած,

4) 17-րդ կետում «տեղեկատվությունների» բառը փոխարինել «տեղեկատվության» բառով,

5) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«21․Լիցենզավորված անձը պարտավոր է Հանձնաժողով ներկայացնել իր մոտ անցկացված տեխնիկական աուդիտի եզրակացությունը և հաշվետվությունը։»,

6) 8-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8 Պատասխանատվություն

29․ Հանձնաժողովը, Լիցենզավորված անձի կողմից Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի, Լիցենզիայի պայմանների և Հանձնաժողովի այլ իրավական ակտերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում իրավասու է կիրառել սույն կետով նախատեսված պատասխանատվության միջոցներ, վերականգնել մինչև խախտումը եղած դրությունը, կատարել դրանից բխող գործողություններ (այդ թվում՝ հաշվարկ, վերահաշվարկ և այլն), ինչպես նաև տալու դրանց կամ խախտումը վերացնելու վերաբերյալ հանձնարարականներ՝ հաշվի առնելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքով սահմանված առանձնահատկությունները։ Լիցենզավորված անձի նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցներն են՝

1) նախազգուշացում.

2) տուգանք.

3) լիցենզիայի գործողության կասեցում.

4) լիցենզիայի գործողության դադարեցում:

30․ Լիցենզավորված անձի կողմից՝

1) Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի դրույթները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկից մինչև քառասունհազարապատիկի չափով․

2) Լիցենզիայի պայմանները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկից մինչև քսանհազարապատիկի չափով․

3) Հանձնաժողովի իրավական ակտերի պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկից մինչև տասհազարապատիկի չափով։

31․ Լիցենզիայի 29-րդ կետում նշված պատասխանատվության միջոցների կիրառումը Լիցենզավորված անձին չի ազատում հիմնական պարտավորության կատարումից և Բաժանորդի առջև պատասխանատվությունից։

32․ Լիցենզավորված անձի նկատմամբ պատասխանատվության միջոց չի կիրառվում, եթե նրա գործունեության մեջ արձանագրված խախտումները Ֆորս մաժորի հետևանք են։»,

7) №1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
       ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
               ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                               Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

 

ք.Երևան
29 հունիսի 2022թ.