Բովանդակություն
600.0205.21.06․23

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունիսի 2023 թվականի №205-Ա
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի №397-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի №295-Ն որոշմամբ հաստատված՝ ջրային ոլորտում գործունեության լիցենզավորման կարգը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության և «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերության միջև 2023 թվականի փետրվարի 20-ին ստորագրված` «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրում լրացում կատարելու մասին» №32 համաձայնագիրը, ջրային կոմիտեի նախագահի 2023 թվականի ապրիլի 11-ի №01/08/1804-2023 և «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության 2023 թվականի հունիսի 8-ի №ՄՇ/17931 գրությունները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 9-ի «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին» №397-Ա որոշման 2-րդ կետով հաստատված՝ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ԼՋ №0001 լիցենզիայի պայմանների՝
1) №1 հավելվածի 2-րդ կետի «Բնակավայրի անվանումը» սյունակի 9-րդ ենթակետում «Ղազարավան գյուղ» բառերից հետո լրացնել «(ջրամատակարարումն իրականացվում է Բաժանորդների հետ կնքված Ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա և Լիցենզավորված անձին Վարձակալության պայմանագրով հանձնված գույքի շրջանակներում)» բառերը,
2) №3 հավելվածի՝
ա) 8-րդ կետում «Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությամբ» բառերը փոխարինել «Էլեկտրաէներգիայի սակագների (գների) փոփոխությամբ» բառերով, իսկ «դրությամբ գործող էլեկտրաէներգիայի սակագների» բառերը փոխարինել «դրությամբ գործող էլեկտրաէներգիայի կարգավորվող սակագների (չկարգավորվող փաստացի գների)» բառերով,
բ) 9.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9.1. i-րդ հաշվարկային տարվան նախորդող տարվա համար Ծառայությունների մատուցման սակագները սույն հավելվածի 9-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն սահմանված լինելու դեպքում i-րդ հաշվարկային տարվա համար Ծառայությունների մատուցման սակագների հաշվարկների «ARf(i-1)» բաղադրիչում հաշվի է առնվում նաև խոցելի (սոցիալապես անապահով) սպառող համարվող Բաժանորդների կանխատեսվող մանրածախ ջրամատակարարման ծավալի նկատմամբ փաստացի շեղումների արդյունքում առաջացող լրացուցիչ օգուտները կամ վնասները (∆ARf(i-1)), որը որոշվում է հետևյալ բանաձևով.
∆ARf(i-1)=(VԽՀ(i-1)-VԽՓ(i-1)) *∆TԽ(i-1) ,
որտեղ՝
VԽՀ(i-1)-ը i-րդ հաշվարկային տարվան նախորդող տարվա Ծառայությունների մատուցման սակագների հաշվարկներով նախատեսված խոցելի (սոցիալապես անապահով) սպառող համարվող Բաժանորդների հաշվարկային մանրածախ ջրամատակարարման ծավալն է,
VԽՓ(i-1)-ը i-րդ հաշվարկային տարվան նախորդող այն 12 ամիսների համար խոցելի (սոցիալապես անապահով) սպառող համարվող Բաժանորդներին մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալն է, որի վերաբերյալ Բազիսային սակագնի ճշգրտման հայտի ներկայացման պահին կամ Հանձնաժողովի նախաձեռնությամբ վերանայման գործընթաց սկսելու պահին առկա է համապատասխան տեղեկատվություն,
∆TԽ(i-1)-ը i-րդ հաշվարկային տարվան նախորդող տարվա համար մյուս Բաժանորդներին (բացառությամբ խոցելի (սոցիալապես անապահով) սպառողների) Ծառայությունների մատուցման գումարային սակագնի և խոցելի (սոցիալապես անապահով) սպառող հանդիսացող Բաժանորդներին Ծառայությունների մատուցման գումարային սակագնի տարբերությունն է։»:
- Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք. Երևան
21 հունիսի 2023թ.

