Բովանդակություն
600.0242.17.07․24
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հուլիսի 2024 թվականի №242-Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի N 358-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 517-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ ԷՄԱ կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) ԷՄԱ կանոնների 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Տեղեկությունների փոխանակումն ու փաստաթղթերի հանձնումը համարվում են պատշաճ ձևով իրականացված, եթե դրանք հանձնվել են ստորագրությամբ առձեռն հանձնելու, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի, այդ թվում՝ շուկայի կառավարման ծրագրի միջոցով (թղթակցությունը ստացողի մոտ նման համակարգի առկայության դեպքում), պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ, Սպառողի կամ դիմող անձի կողմից նշված շարժական կապի հեռախոսահամարին (այդ թվում՝ շարժական կապի ծրագրային հավելվածին) հաղորդագրություն ուղարկելով, այդ թվում՝ հաղորդագրության միջոցով Բաշխողի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվությանը հասանելիություն տրամադրելով, կամ էլեկտրոնային փոստի, ինչպես նաև հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից թղթակցությունը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը, եթե ԷՄԱ կանոններով տեղեկությունների փոխանակման կամ փաստաթղթերի հանձնման այլ ձև նախատեսված չէ:»,
2) ԷՄԱ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.
«6.1. ԷՄԱ կանոնների 6-րդ կետի իմաստով էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի, էլեկտրոնային փոստի կամ Սպառողի կամ դիմող անձի կողմից նշված շարժական կապի հեռախոսահամարին հաղորդագրության միջոցով ուղարկված տեղեկությունը համարվում է հասցեատիրոջը պատշաճ հանձնված՝ այն առաքելու պահից: Սույն կետում նշված հաղորդագրությունը, ցանկացած պատճառով չառաքվելու պարագայում, Բաշխողը ծանուցումն իրականացնում է թղթակցությունը պատվիրված նամակով ուղարկելու կամ այն առձեռն հանձնելու միջոցով։»,
3) ԷՄԱ կանոնների 14-րդ կետում «սահմանված չէ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ շուրջօրյա հեռախոսակապի ձայնագրությունների, որոնք պահպանվում են առնվազն մեկ տարի» բառերը,
4) ԷՄԱ կանոնների 32-րդ՝
ա. կետի 1-ին ենթակետում «հիմքերը» բառից հետո լրացնել «, Սպառման համակարգի տեղակայման հասցեն» բառերը,
բ. կետի 2-րդ ու 3-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) Հաշվառքի սարքերի (այդ թվում՝ վերստուգիչ)՝ ներառյալ հոսանքի ու լարման չափիչ տրանսֆորմատորների վերաբերյալ տվյալները, մասնավորապես, տեղեկություններ Հաշվառքի սարքի տեղադրման վայրի, տեսակի, գործարանային համարի, կնիքի համարի, թույլատրելի հոսանքի, անվանական լարման, իսկ հոսանքի ու լարման չափիչ տրանսֆորմատորների դեպքում՝ նաև ճշտության դասի ու տրանսֆորմացիայի գործակցի վերաբերյալ,
3) Սպառողի սպառման, առկայության դեպքում՝ նաև արտադրության համակարգի էլեկտրական ցանցին միացման, Սահմանազատման կետի, էլեկտրատեղակայանքների շահագործման պատասխանատվության սահմանազատման (եթե տարբերվում է Սահմանազատման կետից), Սպառողի (ենթասպառողի) սնման ուղղության, Սահմանազատման կետում լարման, առավելագույն թույլատրելի հզորության (այսուհետ՝ սպառման համակարգի հզորություն) մասին տեղեկություններ, ինչպես նաև Սպառողի էլեկտրամատակարարման միագիծ սխեման,»,
գ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին ենթակետով.
«2.1) Հաշվառքի սարքերի ապահավաքակցման, ստուգաչափման, փոխարինման, տեղակայման հետ կապված ակտերը (արձանագրություններ, եզրակացություններ), ինչպես նաև հաջորդ պլանային ստուգաչափման ամիսը և տարեթիվը,»,
դ. կետի 12-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12) Սպառողի կողմից տեխնոլոգիական կամ վթարային հզորությունների ամրագրման դեպքում՝ կողմերի համատեղ կազմած ակտը՝ համաձայն ԷՄԱ կանոնների N3 հավելվածի,»,
5) ԷՄԱ կանոնների 46-րդ կետում «կողմերից յուրաքանչյուրը» բառերից հետո լրացնել «ԷՄԱ կանոններով սահմանված կարգով» բառերը,
6) ԷՄԱ կանոնների 88.4-րդ կետում «առավելագույն թույլատրելի» բառերը փոխարինել «սպառման համակարգի» բառերով,
7) ԷՄԱ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 110-րդ կետով.
«110. ԷՄԱ կանոնների 6-րդ կետի համաձայն՝ Սպառողի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելու, այդ թվում՝ հաղորդագրության միջոցով Բաշխողի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվությանը հասանելիություն տրամադրելու եղանակով տեղեկությունների փոխանակումն ու փաստաթղթերի հանձնումը համարվում են պատշաճ ձևով իրականացված, եթե Սպառողի կողմից հեռախոսահամարը Բաշխողին տրամադրվել է 2019 թվականի հունվարի 1-ից հետո:»։
8) ԷՄԱ կանոնները լրացնել N3 հավելվածով՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք. Երևան
17 հուլիսի 2024թ.