600.0658.21.12.07

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

21 դեկտեմբերի 2007 թվականի № 658Ն
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17‑րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» №358Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում» (այսուհետ` Կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
  • Կանոնների 3-րդ կետում «սպառման համակարգ» հասկացությունը շարադրել նոր խմբագրությամբ. «սպառման համակարգ` սպառողի կամ նոր սպառողի էլեկտրատեղակայանքների համախումբ».
  • Կանոնների 11-րդ կետում «հավելվածի» բառը փոխարինել «№1 հավելվածի» բառերով.
  • Կանոնների 2-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 2. Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու պայմանները

  1. Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման ծախսերը (ներառյալ նախագծա-նախահաշվային, շինհավաքակցման, կարգաբերման-թողարկման աշխատանքները), այդ թվում` այլ անձանց էլեկտրատեղակայանքներում բջիջների տեղակայման աշխատանքների ֆինանսավորումը, կատարում է մատակարարը։

13.1 Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգի միացումը էլեկտրական ցանցին իրականացվում է նոր սպառողի կամ կառուցապատողի, կամ սպառողի (այսուհետ` Դիմող անձ) գրավոր դիմումի հիման վրա։ Դիմող անձը դիմումին կից ներկայացնում է միացվող սպառման համակարգի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը.

1) պահանջվող հզորությունը, լարման մակարդակը, միացման տեսակը (միաֆազ, եռաֆազ), տեղակայման տարածքի նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթղթերը, միացման ակնկալվող ամսաթիվը, ինչպես նաև էլեկտրամատակարարման հուսալիությանը վերաբերող լրացուցիչ պահանջները,

2) շինության էսքիզը կամ կառուցապատվող տարածքի հատակագիծը` նշելով սպառման համակարգի միացման կետը կամ էլեկտրական բեռների տեղաբաշխումը։

3) 0.4 կՎ և բարձր լարման էլեկտրական ցանցին միանալու դեպքում սպառման համակարգի տեխնիկական բնութագրերը (ակտիվ և ռեակտիվ բեռի գրաֆիկը, մուտքային անջատիչի պարամետրերը և այլն)։

13.2 Դիմումն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում մատակարարը մշակում է Դիմող անձի սպառման համակարգը էլեկտրական ցանցին նվազագույն ծախսումներով միացման տեխնիկական պայմանները (այսուհետ` տեխնիկական պայմաններ) և համաձայնեցնում Դիմող անձի հետ։

13.3 Մատակարարը համաձայնեցված տեխնիկական պայմանների հիման վրա 60 օրվա ընթացքում մշակում է Դիմող անձի սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը, կատարում բոլոր անհրաժեշտ համաձայնեցումները (պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ անձանց հետ), տեխնիկատնտեսական հիմնավորման և Հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի №659Ն որոշմամբ հաստատված նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարների (այսուհետ` միացման վճար) հիման վրա կատարում է Դիմող անձի միացման վճարի հաշվարկ և տեխնիկատնտեսական հիմնավորման հետ ներկայացնում Դիմող անձին։

13.4 Դիմող անձը և մատակարարը տեխնիկատնտեսական հիմնավորման և միացման վճարի հաշվարկի ներկայացումից հետո 15 օրվա ընթացքում համատեղ քննարկում են դրանք և կնքում նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման պայմանագիր (հավելված №2), որով սահմանվում է միացման աշխատանքների ավարտի ժամկետը, միացման վճարի չափը և վճարման կարգը։

13.5 Հայաստանի Հանրապետության այն տարածքներում, որտեղ գոյություն ունի 6(10) կՎ լարման բաշխիչ կետերի և 35 կՎ և բարձր լարման ընդհանուր օգտագործման ցանցերի հզորության դեֆիցիտ, միացման պայմանագրերում սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման ժամկետը սահմանվում է` հաշվի առնելով տվյալ տարածքի հեռանկարային զարգացման ծրագրերի իրականացման համար մշակված էլեկտրամատակարարման սխեմայով նախատեսված հզորությունների կառուցման նախագծերով սահմանված ժամկետները։

  1. Դիմող անձն իր սպառման համակարգը լարման տակ դնելու համար մատակարարին է ներկայացնում`

 1) 6(10) կՎ և բարձր լարման ցանցին միանալու դեպքում` պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունը (թույլտվությունը),

2) 0,4 կՎ լարման ցանցին միանալու դեպքում` էլեկտրատեղակայանքի տեղակայման տարածքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի №1933Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգով սահմանված դեպքերում` համապատասխան որակավորում ունեցող էլեկտրատնտեսության պատասխանատու անձ նշանակելու մասին հրամանի պատճենը։»։

  • Կանոնները լրացնել №2 հավելվածով (կցվում է)։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի փետրվարի 1-ից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
        ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
             ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                  Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

      ք․ Երևան
21 դեկտեմբերի 2007թ․