Բովանդակություն
600.0093.11.03.09
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
11 մարտի 2009 թվականի №93Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17‑րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» №358Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում» (այսուհետ` Կանոններ), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնների 2-րդ գլխի 13.5 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«13.5. Հայաստանի Հանրապետության այն տարածքներում, որոնց կառուցա-պատումը նախատեսվում է իրականացնել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հաստատած հեռանկարային զարգացման ծրագրերով, նոր սպառողների միացումը էլեկտրական ցանցին իրականացվում է` ելնելով տվյալ տարածքի հեռանկարային զարգացման ծրագրի իրականացման ժամկետներից։»։
2) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.6 և 13.7 կետերով.
«13.6 Սույն կանոնների 13.2, 13.3 և 13.4 կետերով սահմանված ժամկետները չեն տարածվում 0.22 կՎ լարման առևտրային սպառողների և 0.22 կՎ լարման բնակիչ-բաժանորդների սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման դեպքերի վրա։ 0.22 կՎ լարման առևտրային սպառողների և 0.22 կՎ լարման բնակիչ-բաժանորդների նոր կամ վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման պայմանագրի կնքման ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը` սկսած դիմողի կողմից էլեկտրական ցանցին միացման դիմումը մատակարարին ներկայացնելու օրվանից։
13.7. Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման աշխատանքների ավարտի և էլեկտրամատակարարման պայմանագիր կնքելու առավելագույն ժամկետները չեն կարող գերազանցել.
1) 0,22 կՎ լարման առևտրային սպառողների և 0.22 կՎ լարման բնակիչ- բաժանորդների համար միացման (ուժեղացման) դեպքում` 60 օր, եթե սպառողն ավելի երկար ժամկետ չի առաջարկում։
2) 0.4 կՎ և բարձր լարման սպառողների մինչև 400 կՎԱ-ն ներառյալ պահանջվող հզորության դեպքում` 6 ամիս, եթե սպառողն ավելի երկար ժամկետ չի առաջարկում։
3) 0.4 կՎ և բարձր լարման սպառողների 401 կՎԱ-ից մինչև 1000 կՎԱ-ն ներառյալ պահանջվող հզորության դեպքում` 12 ամիս, եթե սպառողն ավելի երկար ժամկետ չի առաջարկում։
4) 0.4 կՎ և բարձր լարման սպառողների 1001 կՎԱ-ից բարձր հզորության պահանջարկի դեպքում` 24 ամիս, եթե սպառողն ավելի երկար ժամկետ չի առաջարկում։»։
3) Ուժը կորցրած ճանաչել Կանոնների 2-րդ հավելվածի` Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման պայմանագրի 3.2 և 3.3 կետերը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք․ Երևան
11 մարտի 2009թ.